Տպել
17.01.2018
«Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը». Արմեն Աշոտյան
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Այս համատեքստում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավարը ողջունել է հանձնաժողովի նախաձեռնողական գործունեությունը եւ հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը կշարունակի լինել ակտիվ եւ արդյունավետ: Թոմաս Շրապելն ընդգծել է, որ հիմնադրամի հիմնական նպատակը ժողովրդավարության, ինչպես նաեւ հայ-գերմանական երկկողմ կապերի զարգացման խթանումն է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին` կարեւորելով Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ու հետագա վավերացման գործընթացը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը հանձնառու է խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համապարփակ կերպով իրականացնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթներով իրեն վերապահված լիազորությունները, կարեւորել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների դերը՝ նշելով, որ այդպիսիք կբարձրացնեն միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված Վերլուծական խորհրդին եւ դրա շրջանակում նոր նախաձեռնությունների իրականացմանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...