Տպել
17.01.2018
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 17-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախատեսվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Առաջարկվող լրացումներով կհստակեցվեն տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկությունների պահպանման նվազագույն եւ առավելագույն ժամկետները, կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ պարտադիր նախազգուշացման պարտականությունն ու ձեւերը: Ըստ հիմնական զեկուցողի՝ շարժական տեսաձայնագրող, լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործման պարագայում պետք է ծանուցվի բանավոր, իսկ անշարժ սարքավորումների դեպքում՝ համապատասխան վայրերում պետք է տեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ կամ էլ տվյալ վայրերի հասցեները հրապարակվեն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

Վարդան Եղիազարյանի խոսքով՝ հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ նախագծում տվյալների պահպանման ժամկետ կսահմանվի 7 օրը, որից հետո դրանք կոչնչացվեն: Միաժամանակ կամրագրվեն այն դեպքերը, երբ տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը կարող է տարաժամկետվել:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովում քննարկվել եւ ստացել է դրական եզրակացություն: Նա գործընկերներին վստահեցրել է, որ նպատակը միանգամայն լեգիտիմ է, եւ հանցագործությունների կանխման, բացահայտման, հասարակական կարգի պահպանության ապահովման գործում ոստիկանությունը կարող է ունենալ լուսանկարահանող եւ տեսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու լիազորություն: Ըստ նրա՝ այլ հարց է, որ պետք է պահպանված լինեն այն պայմանները, որոնք նախատեսված են համապատասխան փաստաթղթերով:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ վստահության ճգնաժամի խնդիր կա կապված նախագծի իրական նպատակի հետ: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթը պետք է քննարկվեր ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ այն վերաբերում է մարդու իրավունքների սահմանափակմանը: Ըստ պատգամավորի՝ որեւէ մեկը դեմ չէ անվտանգության, հանցագործությունների կանխման, ահաբեկչության դեմ պայքարի հարցում ձեռնարկվող միջոցառումների իրականացմանը, բայց վստահություն չկա, որ դա այլ նպատակներով չի օտագործվի: ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսել է տեսախցիկները ոչ միայն հանրային, այլ նաեւ մասնավոր վայրերում տեղադրելու խնդրից, հրապարակային եւ գաղտնի նկարահանումների իրականացումից: ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ նախագիծը միջամտություն է մարդու իրավունքների պաշտպանությանը: Նա եւս կարծում է, որ այն պետք է քննարկվեր մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովում: ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկում է տեսախցիկներ տեղադրել պետական կառավարման մի շարք մարմիններում՝ դրանց աշխատանքը հանրության համար թափանցիկ դարձնելու նպատակով:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Գեւորգ Պետրոսյանը: Պատգամավորը, չվիճարկելով, որ նախագծի նպատակը կարող է նաեւ լեգիտիմ լինել, անդրադարձել է այդ նպատակին հասնելու միջոցի լեգիտիմությանը: Նա մասնավորապես խոսել է օրենսդրական նախաձեռնության իրավական կարգավորումներին առնչվող խնդրիների մասին:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հարցի քաղաքականացումն օբյեկտիվ չէ, քանի որ նպատակը քաղաքացու պաշտպանությունն է, հասարակական կարգի պահպանությունը եւ հնարավոր հանցագործությունների կանխումն ու կանխարգելումը: ԱԺ նախագահի տեղակալի համոզմամբ՝ խորհրդարանը կողմ պետք է քվեարկի նախագծին:

Եզրափակիչ ելույթում Կորյուն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ նախագծի նպատակն իրական ու լեգիտիմ է, այն հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների վրա: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հանցագործությունների կանխման եւ կանխարգելման գործընթացի արդյունավետ իրականացմանը:

Ամփոփիչ ելույթում Վարդան Եղիազարյանը վստահեցրել է, որ նախագիծը ոստիկանության գործառույթները կանոնակարգելու եւ հստակեցնելու նպատակ ունի:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված օրենսդրական նախագիծը:

Սպառելով օրակարգը՝ ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Օրվա վերջին նիստում «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


17.01.2018
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ խմբի անդամները հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, մա...

17.01.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունվարի 17-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին: Ուսանողների հետ բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ...

17.01.2018
«Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի...

17.01.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Հիմն...