National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.01.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.01.2018
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ին շարունակել է նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Ռուստամ Մախմուդյանի, Արմեն Աշոտյանի, ՀՀ ԱԺ ՀՀԿ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան», ՀՀ ԱԺ ՀՅԴ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունների հեղինակած «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ դրանց կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ առաջին ընթերցումից հետո փաթեթը խմբագրվել է, առաջարկներ ներկայացրել են ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը: Նախագծով իրավական ակտերի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը լուծելիս ՍԴ-ը, ի տարբերություն ներկա կարգավորման, պետք է իրավունք ունենա այդ գործերը քննել նաեւ բանավոր ընթացակարգով այն դեպքերում, եթե գտնում է, որ դրանք հանրային հնչեղություն ունեն կամ քննությունը կարող է նպաստել գործի հանգամանքների առավել արդյունավետ լուծմանը: Առաջարկվում է «համայնքի ավագանիներ» բառակապակցությունը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմիններ»-ով. ՍԴ դատավորը՝ որպես ընտրող, կարող է մասնակցել ՏԻՄ-երի ընտրություններին: Նախագծով օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցվել են առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքի նախագծին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հարակից զեկույցում անդրադարձել է որոշ հարցերի, մասնավորապես ՍԴ աշխատակարգի՝ որպես նորմատիվ ակտ հրապարակմանը, դատավարական օրենքների կարգավորման առարկա հանդիսացող որոշ հարաբերությունների կանոնակարգմանը, վնասի փոխհատուցմանը: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել նաեւ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների եւ պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձեւավորումն ու ընդհանուր ղեկավարումը վերապահվել է ՀՀ վարչապետին: Նշվել է, որ ահաբեկչության դեմ պայքար իրականացնող հանրապետական գործադիր մարմինները վերանվանվել են պետական կառավարման համակարգի մարմիններ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ փաստելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Առաջին ընթերցման ընթացակարգով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը քննարկման է ներկայացրել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցողը նշել է, որ փոփոխությունները միտված են էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը, ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությունների հստակեցմանը, միջպետական առեւտրի զարգացմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը: Փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում է ոլորտում ժամային առեւտրին՝ որպես էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմին անցումը: Կառավարությունն առաջարկում է տնտեսական կարգավորման իրականացում՝ շուկայի մասնակիցներից պահանջարկի եւ առաջարկի հայտերի հիման վրա, շուկայի մասնակիցների համար անհատական պատասխանատվության ներդրում, միջպետական առեւտրի նոր հնարավորությունների ստեղծում, ներքին սպառողների պաշտպանության նոր մեխանիզմների ներդրում, ներդրումային միջավայրի բարելավում եւ գրավիչ պայմանների ստեղծում ներդրողների համար:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հարությունյանը նշել է, որ հանձնաժողովը հարցը մանրամասն քննարկել է, լսումներ է կազմակերպել:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշել է, որ նախագիծը լուրջ ազդեցություն կունենա ոլորտի զարգացման վրա. մեր երկրի էներգետիկ համակարգը կթեւակոխի որակական նոր փուլ, տեղի կունենա էներգիայի սակագների նվազում, հնարավոր կլինի արտահանել էներգիայի ավելցուկը: Նա հավելել է, որ հնչած առաջարկությունները դրական ազդեցություն են ունեցել օրենքի նախագծի վրա եւ առաջարկել կողմ քվեարկել նախագծին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ներկայացնելով էներգիայի արտահանմանը եւ իրացմանը վերաբերող հարցերի շուրջ իր մոտեցումները, նշել է, որ իրականացվող քայլերը պետք է նպաստեն ազատ շուկայական հարաբերությունների կայացմանը: Նա անդրադարձել է նաեւ սակագների նվազեցմանը, որի դեպքում պետք է հաշվի առնել դրամի փոխարժեքի տատանումները:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության հեղինակած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից նախագծերի փաթեթը, նշել է, որ դրանով ընդլայնվում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակը` ներառելով նաեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարը, ինչպես նաեւ արգելվում է ՀՀ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների դեպքում 50 միլիոն դրամից ավել կանխիկ եղանակով վճարում իրականացնելը:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ նախագծով կատարվում է երկու կարեւոր փոփոխություն եւ առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ով նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական փոփոխություններով:

Հարակից զեկուցող Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի եւ Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ստուգել խաղատուն այցելող քաղաքացու անձնագիրը եւ տեսնել՝ արդյոք լրացել է նրա քսանմեկ տարին: Բացի այդ նախագծով մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակելու կարգը պիտի որոշվի: Այդ քաղաքացիների մուտքը խաղասրահ պետք է արգելվի: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ պետք է ներմուծել եւ գործարկել անձի ինքնաբացարկի ինստիտուտը, ինչպես որ արվում է քաղաքակիրթ աշխարհում:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հարությունյանը նշել է, որ օրինագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ ֆինանսերի նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը փաստել է, որ ներկայացված օրենքի նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության մոտեցումներին, սակայն  ձեռք է բերվել պայմանավորվածություն  իրավական հարցերը շտկելու շուրջ, եւ համատեղ աշխատելու անհրաժեշտություն կա:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մտքերի փոխանակության ընթացքում նշել է, որ խաղերից հրաժարվող մարդուն պետք է հնարավորություն տալ չմասնակցելու դրանց: Պետք է անձնագրով նույնականացվի անձի մուտքը խաղատուն կամ իր իսկ ցանկությամբ, բանկի արգելքով նրա քարտից գումար չփոխանցվի:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Աղվան Վարդանյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հրայր Թովմասյանի, Վարդեւան Գրիգորյանի, Մանե Թանդիլյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուստամ Մախմուդյանի, Շուշան Սարդարյանի, Սերգեյ Բագրատյանի, Արման Սաղաթելյանի, Միհրան Հակոբյանի եւ Ջեմմա Բաղդասարյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ վերջին շրջանում մամուլում եւ սոցիալական ցանցերում ավելի հաճախակի են դառնում վիճակախաղի կազմակերպիչների կողմից 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից 21 տարեկանը չլրացած անձանց վիճակախաղին կամ շահումով խաղերին մասնակցելու իրավունք ընձեռելու վերաբերյալ հրապարակումները: Նման հրապարակումները փաստում են, որ գործող օրենսդրության առկա կարգավորումների խախտման արդյունքում ոչ միայն կարող է խեղվել անչափահաս քաղաքացու հոգեբանությունը, այլեւ շատ դեպքերում կործանարար ազդեցություն ունենալ առանձին անչափահաս քաղաքացիների ու նրանց ընտանիքների համար: Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ փաթեթով առաջարկվում է հիշյալ իրավախախտումների առաջին դեպքի համար սահմանել երկու միլիոն, երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն, երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ տուգանք, իսկ չորրորդ անգամ այդպիսի իրավախախտումներ թույլ տալու դեպքում կազմակերպչի լիցենզիայի գործողությունը դադարեցվում է:

Հարակից զեկույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ քննարկվող փաթեթի գաղափարախոսությունն ընդհանուր առմամբ համահունչ է կառավարության վարած քաղաքականությանը: Գործադիրը որոշ դիտարկումներ է ներկայացրել, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Հրայր Թովմասյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրվա վերջին նիստում «ՀՀ ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի հունվարի 17-ին:


16.01.2018
Տեղեկատվություն
Հունվարի 17-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ ԱԺ 414 դահլիճում տեղի է ունենալու ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: ...

16.01.2018
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունվարի 16-ին խորհրդարան են այցելել Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել հերթական նիստի աշխատանքին: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ողջունելով աշակերտներին Ազգային ժողովում՝ պ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS