National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.1.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.01.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 11

Հունվարի 11-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություներ է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:

Ըստ հիմնական զեկուցողի` առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում են քրեական հետապնդման իրավասու մարմինների կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունները, ինչպես նաեւ հետաքննության մարմնի՝ դեպքի վայրի պահպանության լիազորությունը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխությունները խմբագրական բնույթի են:

Հանձնաժողովը դրական եզրակացություներ է տվել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին` կից օրենսդրական փաթեթով:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություներ է տվել «ՀՀ հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «Սահմանադրական դատարանի մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող, ինչպես նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին` կից օրենսդրական փաթեթներով:

Հանձնաժողովը դրական եզրակացություներ է տվել նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին»,«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին», «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքների նախագծերին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մեկ տասնյակ օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են, իսկ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն նախատեսող օրինագիծը շրջանառությունից հանվել է:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Աշոտյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքով՝ համաձայնագիրը նպատակ ունի կարգավորելու երկու պետությունների քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի փոխայցելությունները: Արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի հիման վրա Հայաստանի եւ Տաջիկստանի քաղաքացիները կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ կամ գտնվել մյուս կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով՝ հաշված մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից:

Քննարկված օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Ռուստամ Մախմուդյանի եւ Արմեն Աշոտյանի հեղինակած «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Հիմնական զեկուցող Ռուստամ Մախմուդյանը, կարեւորելով հայտարարության նախագծի ընդունումը, նշել է, որ ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չէր կարող չդատապարտել եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցածը: 2014թ. իրականացվել են հարձակումներ եզդիներով բնակեցված Սինջար քաղաքի վրա (Իրաքի հյուսիս), որտեղ սպանվել է ավելի քան երեք հազար մարդ, երկու հարյուր հազար եզդի դարձել է փախստական, առեւանգվել են մոտ 5000 կին ու աղջիկ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը: Ռուստամ Մախմուդյանը ցավով նշել է, որ 21-րդ դարում նման ցեղասպան գործողությունները կրում են շարունակական բնույթ: Պատգամավորի խոսքով՝ եզդիների նկատմամբ կատարվածը դատապարտելու, դրանք ցեղասպան գործողություններ որակելու ուղղությամբ արձագանքել ու իրենց կոշտ գնահատականներն են տվել մի շարք պետություններ եւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

Հարակից զեկուցող Արմեն Աշոտյանը վստահեցրել է, որ քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիման վրա կներկայացվի լրամշակված տարբերակ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը եւս Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ քննարկել է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Ռուստամ Մախմուդյանի եւ Արմեն Աշոտյանի հեղինակած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

Նախագծով Ազգային ժողովը ճանաչում եւ խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները: Խստորեն դատապարտվում են ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությամբ պայմանավորված թիրախավորված գործողությունները:

Հիմնական զեկուցող Ռուստամ Մախմուդյանի խոսքով՝ բազմաթիվ փաստեր վկայում են, որ 2014 թվականին Իրաքի հյուսիսում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործություններն իրականացվել են կրոնական եւ էթնիկական հողի վրա:

Հարակից զեկուցող Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործությունը ցեղասպանություն է, ինչը հաստատում են նաեւ միջազգային կոնվենցիաները:

ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող նախագծի վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել արտահերթ նիստ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Վարդեւան Գրիգորյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ ու այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով առնվազն 40 % վնասվելու դեպքում կտրվի անշարժ գույքի հարկի արտոնություն: Հեղինակների կարծիքով՝ օրենքն ընդունելուց հետո արդարացված կլինի հողօգտագործողին կրած վնասի դիմաց ազատել հողի հարկից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նշել է, որ առաջարկվող մեխանիզմներով ոլորտի խնդիրները չեն կարգավորվում: Կառավարությունն առաջարկում է ներդնել գյուղատնտեսական ապահովագրության համակարգ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հեղինակների՝ գործող հարկային օրենսգրքով 150 հազար դրամից ավելի եկամուտ ստացող ֆիզիկական անձինք կունենան փաստացի եկամուտների նվազում, քանի որ նրանց եկամուտների նկատմամբ 26 տոկոսի փոխարեն կիրառվելու է եկամտային հարկի 28 տոկոս դրույքաչափ: Ինչպես նշել է հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը, նախագծի ընդունումը պայմանավորված է 150 հազար դրամից մինչեւ 300 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի գործող ցածր դրույքաչափն անփոփոխ թողնելու անհրաժեշտությամբ՝ նպաստելով նրանց փաստացի եկամուտների պահպանմանը:

Քննարկման արդյունքում վերոնշյալ օրենքների նախագծերը չեն ստացել դրական եզրակացություն:

Նիստում կառավարությունը ներկայացրել է նաեւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը փաստել է, որ հանրապետության համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղեւորափոխադրում գյուղերից մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ դեպի Երեւան: Ցանկալի արդյունք ստանալու համար կառավարությունն առաջարկում է միավորել միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթները նախատեսվում է իրականացնել մեկ փաթեթով. կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Նախատեսվում է ներդնել նաեւ միասնական տոմսային եւ տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգեր:

Առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Աղվան Վարդանյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հրայր Թովմասյանի, Վարդեւան Գրիգորյանի, Մանե Թանդիլյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուստամ Մախմուդյանի, Շուշան Սարդարյանի, Սերգեյ Բագրատյանի, Արման Սաղաթելյանի եւ Միհրան Հակոբյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ վերջին շրջանում մամուլում եւ սոցիալական ցանցերում հաճախակի են դարձել վիճակախաղի կազմակերպիչների կողմից 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից 21 տարեկանը չլրացած անձանց դրանց մասնակցելու իրավունք ընձեռելու վերաբերյալ հրապարակումները: «Վիճակախաղերի մասին» ՀՀ գործող օրենքը նման իրավախախտման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսում է տուգանք 100.000 դրամի չափով, իսկ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքով՝ 200.000 դրամի չափով:

Փաթեթով առաջարկվում է առաջին իրավախախտման համար սահմանել երկու միլիոն դրամ, երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, երրորդ դեպքի համար տասը միլիոն դրամ տուգանք, իսկ չորրորդ անգամ այդպիսի իրավախախտում թույլ տալու դեպքում կդադարեցվի տվյալ ընկերության լիցենզիան: Նիստում պատգամավոր Վահան Հարությունյանի գրավոր առաջարկով թույլատրելի տարիքային շեմ է սահմանվել 21 տարեկանը:

Նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ:

Քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ՀՀ ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Հիմնական զեկուցողների բացակայության պատճառով երկամսյա ժամկետով հետաձգվել են կառավարության հեղինակած «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Շաքե Իսայանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վարդեւան Գրիգորյանի հեղինակած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:


11.01.2018
Ստացվել է 692 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2017 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները: Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ...

11.01.2018
Պարգեւներ՝ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ սպորտի եւ հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգեւատրվել «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներ Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am