Տպել
09.01.2018
Գումարվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի 2018 թվականի առաջին նիստը
1 / 4

Հունվարի 9-ին գումարվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Գագիկ Մինասյանի նախագահությամբ:

ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է գրասենյակի համակարգող-փորձագետ Գագիկ Բարսեղյանը: Նա անդրադարձել է Բյուջետային գրասենյակի գործառույթների իրականացմանը, տեղեկանքների պատրաստմանը եւ տրամադրմանը, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի կարողությունների շարունակական զարգացմանը:

Գագիկ Մինասյանն անդրադարձել է Բյուջետային գրասենյակի կողմից 2017 թվականին իրականացված աշխատանքների որակին եւ կազմակերպված սեմինարներին: Նա գործընկերներին առաջարկել է դրական գնահատել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի տարեկան հաշվետվությունը:

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ օրինագծերի կից փաթեթը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
Նա նշել է, որ նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող օրենսդրության կատարելագործման ու  միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ, ՀՀ կողմից ՄԱԿ-ին անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմամբ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախատեսված երեք փոփոխություններից առաջինով ընդլայնվում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակը՝ ներառելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարը: Հաջորդ փոփոխությամբ նախատեսվում է արգելել ՀՀ-ում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների դեպքում 50 միլիոն դրամից ավելի կանխիկ եղանակով վճարում իրականացնելը: Երրորդ փոփոխությունը կրում է տեխնիկական բնույթ:

Գագիկ Մինասյանը կարեւորել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինասնավորման դեմ պայքարի հարցում Հայաստանի մասնակցությունն այլ երկրների կողմից իրականացվող գործողություններին:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը քննարկել է նիստի օրակարգում ընդգրկված «Կրիպտոարժույթը ֆինանսական շուկաներում» հարցը, որի շուրջ իրենց տեսակետներն են ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Նրանք անդրադարձել են նախորդ տարեվերջին աշխարհում կրիպտոարժույթի սրընթաց վերելքին, հանգամանալից ներկայացրել միջազգային փորձը եւ մոտեցումները:
Հանձնաժողովի նախագաhի խոսքով՝ կրիպտոարժույթների շուկան իդեալական դաշտ է փողերի լվացման համար:

Ծավալված քննարկման ընթացքում պատգամավորներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել զեկուցողներին:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Գալուստ Սահակյանի եւ Սամվել Նիկոյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Գագիկ Մինասյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում առաջարկություններ են ներկայացվել թե՛ օրենքի նախագծի համահեղինակների, թե՛ ՀՀ կառավարության կողմից: Վերջինիս առաջարկությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը՝ նշելով, որ դրանք ունեն տեխնիկական բնույթ:

Համահեղինակների առաջարկություններին անդրադարձել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Հնչած բոլոր առաջարկություններին հանձնաժողովը կողմ է քվեարկել:


09.01.2018
Խորհրդարանում քննարկվել են հայ-բրազիլական հարաբերություններին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Շուշան Սարդարյանը հունվարի 9-ին հանդիպել է Սան Պաուլոյի քաղաքապետարանի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինիի հետ: Շուշան Սարդարյանը, նշելով, որ նախորդ տարի լրացել է Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, ը...