Տպել
19.12.2017
Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը
1 / 4

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը:

Եվրոպացի գործընկերներին ՀՀ Ազգային ժողովում ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթը՝ այստեղ:

ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է նիստի օրակարգը եւ քննարկվող թեմաները: Պարոն Աշոտյանի խոսքով՝ մեր քաղաքացիները, ունենալով շփումների լայն դաշտ, բարեփոխումներ ասելիս այնուամենայնիվ ընկալում են Եվրոպա, որի հետ համագործակցության հիմքում ընկած չեն լոկ քաղաքական շահեր, խոսքն ընդհանուր արժեհամակարգի մասին է: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանն ամրապնդել է իր տեղը Արեւելյան գործընկերության տարածքում՝ որպես ազատ եւ ինքնիշխան երկիր՝ առաջնահերթությունը տալով անվտանգությանը:

Ըստ բանախոսի՝ նոր համաձայնագիրը կայունության եւ խաղաղության լրացուցիչ գործոն կարող է լինել: Քաղաքական համագործակցության կիզակետում կայուն քաղաքական միջավայրի ստեղծումն է: Պարոն Աշոտյանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, նշել է, որ Հայաստանն այն տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Համագործակցելով ավելին ավելիի դիմաց ձեւաչափով՝ Հայաստանն ակնկալում է եվրոպական քաղաքական ինստիտուտների աջակցությունը:

Անդրադառնալով համաձայնագրի վավերացմանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կվավերացնի այն, սակայն այն իրավական փաստաթուղթ դառնալու համար պետք է վավերացվի նաեւ ԵՄ ազգային խորհրդարանների կողմից:

ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմն իր ելույթում նշել է, որ նոյեմբերին ԵՄ եւ ՀՀ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կարեւոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նրա կարծիքով՝ այս պատմական համաձայնագրի հիմքում ընկած է հավատարմությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգին:

Անդրադառնալով Արեւելյան գործընկերության շրջանակում կողմերի համագործակցությանը՝ պարոն Քարիմը նշել է, որ այն գործիք չէ, որն ուղղորդում է Հայաստանին ընտրություն կատարել ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ:

Հայաստանն ունի կամք՝ իրականացնելու բարեփոխումները քաղաքացիական հասարակության պահանջներին եւ ԵՄ առջեւ ստանձնած պարտավորություններին համահունչ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունները պետք է զուգակցվեն օրենսդրական համագործակցությամբ: Հայաստանի համար 2017 թվականը նշանավորվել է համաձայնագրի ստորագրմամբ: Սկսվել է համաձայնագրի վավերացման գործընթացը, եւ նախատեսվում է այն ավարտել հաջորդ տարվա գարնանը: Պարոն Նազարյանի խոսքով՝ ՀՀ-ին հաջողվել է իրագործել ստանձնած պարտավորությունները: Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին, այն կարեւոր կետ է մերձեցման համար: Նա նշել է, որ տարածաշրջանի կայունացման հարցում ՀՀ-ն իր հանձնառությունը երբեք չի պայմանավորելու արտաքին գործոններով: Կարեն Նազարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵՄ դիրքորոշմանը հավատարիմ լինելու համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերընթաց են ապրում, որն արձանագրելը իսկապես հաճելի է:

ՀՀ-ն առաջին պետությունն է, որը բանակցել է ԵՄ-ի հետ նոր տեսակի փաստաթղթի ստորագրման շուրջ: Նոր համաձայնագրի ստորագրումը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանում բարեփոխումների իրականացման համար: Ըստ դեսպանի՝ նոյեմբերի վերջում հնարավոր է եղել ընդլայնել օժանդակության նոր ծրագրի շրջանակը, որով ԵՄ-ն իր աջակցությունը Հայաստանին կավելացնի 20-25 տոկոսով: Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում պարզ օրակարգ ունի՝ միտված խաղաղության պահպանմանը եւ բարեփոխումներին օժանդակելուն: Իսկ Հայաստանը նախաձեռնել է բարեփոխումների հավակնոտ գործընթաց, եւ ԵՄ-ն առաջնահերթ է համարում Հայաստանի ապագայի համար անչափ կարեւոր այս գործընթացներին օժանդակելը:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ազդեցությանը քաղաքական եւ տնտեսական գործընթացների վրա, նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ-ի համար բեկումնային ժամանակաշրջանում: Սակայն որեւէ համաձայնագիր կամ օրենսգիրք չի կարող օգնել, եթե չլինի բարեփոխումներն իրականացնելու կամք: Տիկին Զոհրաբյանը համաձայնագիրը համարել է մեր երկրի համար բազմաթիվ դռներ բացելու ունակ բանալի, եթե ճիշտ կիրառվի: Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը եւ Հայաստանը կանգնած են լրջագույն փոփոխությունների շեմին, որոնք իրականացնելու համար պետք է աջակցեն միմյանց. այսօր բազմաթիվ խնդիրներ են ծառացել նաեւ Եվրոպայի առջեւ: Տիկին Զոհրաբյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես եվրոպական տարածք է, եւ մենք պիտի կարողանանք գտնել ճիշտ մոտեցում այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:

Եվրոպացի գործընկերներին սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական կառավարման համակարգին անցման հետ առնչվող հարցերի շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Էդմոն Մարուքյանը:

Ընտանեկան օրենսգրքի բարեփոխումներին անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը խոսել է 2017 թվականի ապրիլին եւ նոյեմբերին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի զեկույցը վերաբերել է ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը եւ հիմնարար սկզբունքներին:

Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման գործընթացը:

Մտքերի փոխանակության ընթացքում իրենց տեսակետներն են հայտնել նաեւ եվրոպացի պատգամավորները:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի աշխատանքը կշարունակվի դեկտեմբերի 20-ին:



19.12.2017
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
Դեկտեմբերի 19-ին ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գր...

19.12.2017
ՀՀ ԱԺ խմբակցությունների անդամները հանդիպել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունների անդամները հանդիպել են Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի եւ պատվիրակության անդամների հետ: Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սա...

19.12.2017
Արա Բաբլոյանի ելույթը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ
Հարգելի համանախագահներ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն կունենանք քննարկելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Եվրոպական խ...

19.12.2017
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ աշխատանքային այց է իրականացրել «65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերություն: Այցն իրականացվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի կատարման ընթացքը» խորհրդարանակա...

19.12.2017
«Առաջարկում եմ 2018 թվ. Գերմանիայում եւ ԵՄ այլ երկրներում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմասի Շրափելին եւ նրանց ուղեկցող անձանց: Ողջու...

19.12.2017
Տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը, որի աշխատանքները կշարունակվեն նաեւ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին: Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:45-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵՄ-Հայաստան ԽՀՀ համան...

19.12.2017
Դեկտեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  ...