National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.12.2017
ՀՀ ԱԺ խմբակցությունների անդամները հանդիպել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ
1 / 6

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունների անդամները հանդիպել են Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի եւ պատվիրակության անդամների հետ:

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ նշել է, որ հաճելի է գտնվել Հայաստանում, հատկապես շրջադարձային փուլում, երբ կնքվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը: Համանախագահը հետաքրքրվել է Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու գործընթացով: Ըստ նրա` սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանը պետք է ավելի մեծ կշիռ ու նշանակություն ունենա:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխություններին եւ նշել, որ դրանից խորհրդարանի դերը ոչ թե մեծացել է, այլ՝ փոքրացել: ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը տեղեկացրել է, որ «Ելք» դաշինքը միակ քաղաքական ուժն է, որն իր նախընտրական ծրագրում ամրագրել է եվրոպական մոդելի պետություն ստեղծելու վերաբերյալ դրույթ եւ դեմ է արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունը խորհրդարանական երկիր կառուցելու որեւէ տեսլական չի ունեցել: Ըստ նրա` սահմանադրական փոփոխություններն արվել են նախագահական ընտրությունները վերացնելու համար:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, բարձր գնահատելով Հայաստան-ԵՄ գործակցությունը՝ նշել է, որ մեծ ջանքեր է պետք գործադրել Հայաստանում խնդիրներն ու ծրագրերը լուծելու եւ իրականություն դարձնելու համար: Նա դրական է գնահատել իրականացված սահմանադրական փոփոխությունները եւ նշել, որ 2018 թվականի ապրիլից պատգամավորները խորհրդարանում հնարավորություն կունենան երկրի առաջին դեմքին ուղղել իրենց հարցերը: Նրա տեղեկացմամբ՝ խմբակցությունը հանդես է գալու ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծով, որով առաջարկվելու է սահմանել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ:

Նույն օրը ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն ու պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ կարեւորել է Եվրամիության երկրների հետ Հայաստանի բազմաբեւեռ գործակցությունը։

«Մեզ համար կարեւոր է, որ Եվրամիության անդամ երկրները որքան հնարավոր է արագ վավերացնեն Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված համաձայնագիրը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք լիարժեք աշխատել եւ կյանքի կոչել այն»,- նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Վահրամ Բաղդասարյանը նաեւ նշել է, որ հայկական կողմը հաշվի է առել վերջին համապետական ընտրությունների ժամանակ Եվրախորհրդարանի դիտորդների դիտողությունները տեղ գտած որոշ թերությունների վերաբերյալ եւ հավաստիացրել, որ դրանք օրենսդրորեն կշտկվեն։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման կապակցությամբ նշել է.«Այս հարցում մենք շնորհակալություն ենք հայտնում եվրոպական ընտանիքին հավասարակշռված քաղաքականության համար, սակայն անհրաժեշտ ենք համարում ամբողջ սահմանի երկարությամբ մշտադիտարկման սարքերի տեղադրումը, որպեսզի միջազգային հանրությունը հստակ գնահատական տա, թե ովքեր են սահմանախախտները, եւ ովքեր են ագրեսորները։ Հայաստանը եւ Արցախը ցանկանում են խաղաղություն եւ առանց ուժի կիրառման, բանակցային սեղանի շուրջ խնդրի վերջնական կարգավորում»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը։

Նա նաեւ մանրամասներ է ներկայացրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի մշակման եւ ընդունման վերաբերյալ՝ նշելով, որ նմանօրինակ օրենքների ընդունման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ազգային մտածելակերպի առանձնահատկությունները։

«Նախագծում հստակ սահմանվել են քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները։ Սակայն հայ ժողովրդի հազարամյա պատմությունը ցույց է տալիս, որ մեր երկիրը հիմնված է եղել ամուր ընտանիքների վրա»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը։

ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ կարեւորել ԵՄ-Հայաստան համագործակցությունը, որի արդյունքում ստորագրվել է Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։

Սաջադ Քարիմը հավաստիացրել է, որ պատրաստակամ են օժանդակել եւ աջակցել նոր օրենքների մշակման գործընթացին։

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ի պատասխան եվրոպացի գործընկերների հարցադրմանը՝ նշել է, որ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, միջազգային տարբեր կառույցներում խորհրդարանական պատվիրակություններն ու պատգամավորները խորհրդարանին պարտադիր հաշվետվություն են ներկայացնում իրենց գործունեության վերաբերյալ։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է կյանքի կոչելու համաձայնագիրը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն անդրադարձել է խորհրդարանում կանանց ներկայացվածության հարցին եւ կարեւորել այն հանգամանքը, որ ՀՀ նոր ընտրական օրենսգրքով 2022 թվականից համամասնական ցուցակներում կանանց հատկացվել է 30 տոկոս, օրենսգրքից հանվել է կին պատգամավորի ինքնաբացարկի վերաբերյալ դրույթը։

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կարեւորել է գործակցությունը Եվրոպական միության հետ, ինչը տվել է ցանկալի արդյունք՝ ստորագրվել է պատմական փաստաթուղթ:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ ԶԼՄ-ների ազատության հարցին՝ նշելով, որ ոլորտի օրենսդրության առումով Հայաստանը համարվում է օրինակելի երկիր:


19.12.2017
Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը: Եվրոպացի գործընկերներին ՀՀ Ազգային ժողովում ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթը՝ այստեղ: ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է նիստի օրակարգը եւ քննարկվող...

19.12.2017
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
Դեկտեմբերի 19-ին ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գր...

19.12.2017
Արա Բաբլոյանի ելույթը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ
Հարգելի համանախագահներ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն կունենանք քննարկելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Եվրոպական խ...

19.12.2017
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ աշխատանքային այց է իրականացրել «65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերություն: Այցն իրականացվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի կատարման ընթացքը» խորհրդարանակա...

19.12.2017
«Առաջարկում եմ 2018 թվ. Գերմանիայում եւ ԵՄ այլ երկրներում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմասի Շրափելին եւ նրանց ուղեկցող անձանց: Ողջու...

19.12.2017
Տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը, որի աշխատանքները կշարունակվեն նաեւ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին: Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:45-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵՄ-Հայաստան ԽՀՀ համան...

19.12.2017
Դեկտեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am