National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.12.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
15.12.2017
Տեղի է ունեցել «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինար
1 / 3

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինար, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, զինվորականներ: Սեմինարը կազմակերպվել է «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ» ծրագրի շրջանակում:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ներկայացրել սեմինարի ընթացքում քննարկվող թեմաները:

Հաջորդիվ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է «Զինված ուժերը խորհրդարանական վերահսկողության ներքո. խորհրդարանի դերն ու հանձնաժողովի լիազորությունները» թեմայով զեկույցը:

Պարոն Նահապետյանը նշել է, որ զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը կարեւոր է խորհրդարանի, գործադիր իշխանության եւ ողջ հասարակության համար: Ըստ զեկուցողի՝ խորհրդարանական վերահսկողության սահմանադրաիրավական ամրագրումը եւ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին դրական ազդեցություն են ունենալու ոչ միայն պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետության, այլեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում: Արդյունավետ խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարձրացմանը եւ բարեվարքության ամրապնդմանը:

Կորյուն Նահապետյանի խոսքով՝ անհրաժեշտ է տարանջատել զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը քաղաքացիական վերահսկողությունից. մեր իրականության մեջ երբեմն այս երկու հասկացությունները ներկայացվում են միեւնույն լույսի ներքո: Քաղաքացիական վերահսկողությունը ենթադրում է, որ պետության պաշտպանության ոլորտի կառավարումը եւ զինված ուժերի ղեկավարումն իրականացվում են քաղաքացիական իշխանության կողմից: Քաղաքացիական վերահսկողության նպատակն է ապահովել զինված ուժերի քաղաքական չեզոքությունը եւ ենթակայությունը քաղաքացիական իշխանությանը:

Զեկուցողի կարծիքով՝ ինչ վերաբերում է ժողովրդավարական վերահսկողությանը, այն ավելի լայն հասկացություն է եւ ենթադրում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված պետական իշխանության կողմից զինված ուժերի նկատմամբ իրականացվող վերահսկողություն: Ժողովրդավարական վերահսկողության ձեւերից են խորհրդարանի, դատական իշխանության, Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների կողմից իրականացվող վերահսկողությունը:

Պարոն Նահապետյանը փաստել է, որ Հայաստանում առկա են անհրաժեշտ իրավական հիմքեր թե՛ քաղաքացիական, թե՛ ժողովրդավարական, այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության իրականացման համար: Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո, եւ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ:

Կորյուն Նահապատյանը նշել է, որ 2018 թվականին, երբ ամբողջապես անցում կկատարվի խորհրդարանական կառավարման համակարգին, կենսագործվելու է խորհրդարանական վերահսկողության ամբողջ գործիքակազմը, այդ թվում քննիչ հանձնաժողովները: Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին իր զեկույցում անդրադարձել է խորհրդարանական կառավարմամբ պետություններում պաշտպանության հանձնաժողովի լիազորություններին: Ֆիլիպ Ֆլուրին նշել է, որ վերահսկողությունը սովորաբար ունենում է տարբեր դրսեւորումներ. դրանցից մեկը քաղաքացիական վերահսկողությունն է, որը ենթադրում է նաեւ խորհրդարանական վերահսկողություն: Խորհրդարանին Սահմանադրությամբ եւ օրենքներով տրվում են իրավունքներ, որպեսզի իրականացնի վերահսկողություն, սակայն վերահսկողություն ասելով՝ հասկանում ենք ոչ թե կառավարում, այլ համագործակցության մի ձեւ:
Պարոն Ֆլուրիի խոսքով՝ վերահսկողության հարցում խոսքը վերաբերում է ոչ միայն թափանցիկությանը, հաշվետվողականությանը եւ բարեվարքությանը, այլեւ հասարակության մեջ վստահության հաստատմանը: Ֆիլիպ Ֆլուրին նշել է, որ օրենքներն անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման են վերահսկողություն իրականացնելու համար: Նա կարեւորել է պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմի հզորացմանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների իրագործումը եւ նշել, որ խորհրդարանական հանձնաժողովի աշխատակազմը եւ քաղաքացիական հասարակությունը պետք է սերտորեն համագործակցեն վերահսկողության իրականացման գործում: Ֆիլիպ Ֆլուրիի կարծիքով՝ անհրաժեշտ է ունենալ եւ դրսեւորել ունակություն, հավակնություն եւ լիազորություն:

Զեկույցի ավարտին Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացմանը:

Հայկական ատլանտյան ասոցիացիայի տնօրեն Թեւան Պողոսյանն իր զեկույցում անդրադարձել է բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման, անվտանգության ոլորտում ժողովրդավարական կառավարման հարցերին: Պարոն Պողոսյանը կարեւորել է անվտանգության ոլորտում թափանցիկության եւ հաշվետվողականության ուղղությամբ Հայաստանում կատարվող գործընթացները: Թեւան Պողոսյանի կարծիքով՝ պետական պաշտոնյաները պետք է հաշվետու լինեն հասարակությանը, բացատրեն եւ հիմնավորեն իրենց գործողությունները. հարկատուն պետք է ներկայանա որպես պահանջատեր: Պարոն Պողոսյանի խոսքով՝ պետք է հաշվետու լինել գործողությունների, ինչպես նաեւ չգործելու եւ ռեսուրսների օգտագործման համար. քաղաքացիներն ունեն տեղեկացված լինելու իրավունք: Թեւան Պողոսյանը նշել է, որ ՀՀ նոր Սահմանադրությամբ խորհրդարանն ունի գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու բոլոր գործիքները, սակայն պետք է դրսեւորել հետեւողականություն:

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ծառայող Դեյվիդ Հովարթն իր զեկույցում կարեւորել է զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրավական եւ սահմանադրական սկզբունքները: Պարոն Հովարթը ներկայացրել է քննարկվող հարցի շուրջ տիրող իրավիճակը Միացյալ Թագավորությունում: Նրա խոսքով՝ ՄԹ-ն չունի Սահմանադրություն որպես այդպիսին, եւ խորհրդարանն ու կառավարությունը նույն հենքի վրա են: Դեյվիդ Հովարթը ներկայացրել է խորհրդարանի եւ կառավարության միջեւ բրիտանական համագործակցության փորձը: Ըստ զեկուցողի՝ իր երկրում խորհրդարանը կարող է հետեւել, թե ինչպես է կառավարությունն օգտագործում ռեսուրսները. վերահսկողություն ասելով՝ նկատի ունեն իրավական դաշտը վերահսկելը: Դեյվիդ Հովարթի խոսքով՝ ՄԹ-ում խորհրդարանը մեծ դերակատարում ունի զինված ուժերի կառավարման գործում, եւ կառավարությունն իր գործողությունների վերաբերյալ հիմնավոր բացատրություններ է տալիս խորհրդարանին:

Դեյվիդ Հովարթը նշել է, որ Հայաստանը գտնվում է երկար ճանապարհի սկզբում. շատ են անելիքները խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները մշակելու եւ կիրառելու գործում:

Սեմինարի երկրորդ նիստում ներկայացվել են զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործիքներն ու մեխանիզմները. կառավարության անդամներին գրավոր ու բանավոր հարցեր ուղղելը, խմբակցությունների գրավոր հարցապնդումները, խորհրդարանական լսումները, քննարկումները, պատգամավորների հայտարարությունները, տեղեկություններ պահանջելը, խորհրդարանական վերահսկողության հարցերի պարզաբանման առնչությամբ իրավասու պաշտոնատար անձանց խորհրդարան հրավիրելը, քննիչ հանձնաժողովը, արտերկրում տեղակայված ստորաբաժանումները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի դերին ու գործառույթներին, որոնք խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից տարբերվում են նախորդ գումարման Ազգային ժողովից:

ՀՀ ԱԺ պատգամավորն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը պաշտպանական դերի առումով կարող է սրընթաց զարգացումներ ունենալ, եթե Ադրբեջանն չխոչընդոտի սադրիչ ու ապակայունացնող գործողություններով: «Խորհրդարանական վերահսկողությունը կոչված է բարձրացնելու անվտանգության մարմինների վարկանիշը, ինչպես նաեւ ապահովելու բաց եւ թափանցիկ հանրային կառավարում»,- ընդգծել է Ռուստամ Մախմուդյանը:

Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր Ջոն Գիրսոնն իր ելույթում նշել է, որ վերահսկման մեխանիզմները պետք է արտացոլեն տվյալ երկրի ռազմական, քաղաքական եւ սոցիալական մշակույթը: Ըստ նրա՝ անիմաստ է կրկնօրինակել օտար երկրի փորձը: Մեծ Բրիտանիան անվտանգության մեխանիզմներն իրականացնելու ձեւեր ունի, որոնցից են, մասնավորապես, գործադիր մարմնին ուղղված հարցապնդումները խորհրդարանականների կողմից:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության ավագ քաղաքացիական ծառայող Միխեիլ Թայխմանը, խոսելով Գերմանիայի խորհրդարանական վերահսկողության գործիքների ու մեխանիզմների մասին, նշել է որ դրանք կիրառվում են համակողմակիորեն: Խորհրդարանական վերահսկողության հիմնական ինստիտուտը պաշտպանության նախարարությունն է, հաջորդ կարեւոր մարմինը խորհրդարանի զինված ուժերի հանձնաժողովն է, որը միջազգային հարթակներում հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպան: Պարոն Թայխմանը կարեւորել է հատկապես այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարն ու խորհրդարանում զինված ուժերի հանձնաժողովի նախագահը տարբեր կուսակցություններից են:

Միջազգային սեմինարի երրորդ նիստում քննարկվել են խորհրդարանի դերը զինված ուժերում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորման հարցերը: Կարեւորվել է խորհրդարանական վերահսկողությունը պաշտպանության ոլորտի ծախսերի եւ գնումների գործընթացի նկատմամբ:

ՀՀ ԱԺ պատգամավոր էդմոն Մարուքյանն անդրադարձել է խորհրդարանական համակարգին, մշտական հանձնաժողովների գործունեությանը, որոնք ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ունեն վերահսկիչ գործառույթներ, սակայն դրանք կիրառելու համար, ըստ նրա, չկան բավարար մեխանիզմներ:

Թեմայի շուրջ ելույթներ են ունեցել ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի պատասխանատու Բենեդիկտ Բորելը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը, ՆԱՏՕ-ի հաղորդակցության եւ տեղեկատվության գործակալության ներքին աուդիտի ղեկավար Մարիո Կուարտոն եւ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ, գնումների ոլորտի փորձագետ Արտակ Մանուկյանը:

Ամփոփելով սեմինարի արդյունքները` ՀՀ Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զեկուցողներին բովանդակալից ելույթների համար եւ նշել, որ յուրաքանչյուր ելույթ կարեւոր էր եւ օգտակար:



15.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյան բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալությո...

15.12.2017
Տեղի է ունեցել Վերլուծական խորհրդի նիստ
ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ: Նիստի օրակարգային թեմայի շուրջ՝ «ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում», հիմնական զեկույցներով հանդես են եկել փորձագետ Սուրեն ...

15.12.2017
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լատվիական բարեկամակա...

15.12.2017
«Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն անբեկանելի է». Էդուարդ Շարմազանով
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Լատվիա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Դեկտեմբերի 15-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Լատվիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հ...

15.12.2017
«Անընդունելի է, երբ Լատվիան անում է հայտարարություններ, որոնք հակասում են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը». Էդուարդ Շարմազանովը՝ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազ...

15.12.2017
Տեղի է ունենալու միջազգային սեմինար
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում կազմակերպում է «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինար: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am