Տպել
13.12.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի հետ
1 / 4

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիտվա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Դեկտեմբերի 13-ին խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) խոսնակ Վիկտորաս Պրանցկիետիսի հետ:

Պատվիրակության անդամները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, այս համատեքստում երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերն ու նշանակությունը: Դրական է գնահատվել վերջին տարիների երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակն ու տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը: Հայ պատվիրակները կարեւորել են նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` նշելով, որ այն նոր էջ կարող է բացել ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության զարգացման գործում:

«Մենք ակնկալում ենք, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, հնարավորինս արագ, առանց արհեստական ձգձգումների առաջինը կվավերացնի նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Լիտվան Մերձբալթյան երկրներից առայժմ միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել լիտվացի խորհրդարանականների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Անդրադառնալով մեր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացին` ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից են եւ այդ առումով միջազգային բոլոր գնահատականներով Հայաստանն ու Ադրբեջանն անհամատեղելի են:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին` վերահաստատելով հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում լուծելու դիրքորոշումը:

«Անթույլատրելի են խնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ, ռազմատենչ հռետորաբանություն, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից «սեւ ցուցակների» առկայությունը: Դրանք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անհնար է խնդրի լուծումը: Արցախն անկախացել է ԽՍՀՄ-ից նույն իրավական հիմքով, ինչ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Հայաստանն ու Ադրբեջանը: Արցախի քաղաքացիներն ունեն պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվայի, Լատվիայի, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները»,-ասել է պարոն Շարմազանովը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...