Տպել
13.12.2017
«Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը». Էդուարդ Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ, եվրոպական կապերի հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասի եւ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բերնատոնիսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտելու փաստը եւ ընդգծել, որ Լիտվան առայժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Մերձբալթյան միակ երկիրն է: Պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի խորհրդարանի եւ Գեդիմինաս Կիրկիլասի աջակցությամբ Վիլնյուսի Ցեղասպանության թանգարանում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լիտվական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին` նշելով, որ Հայաստանը շարունակելու է ընթանալ ժողովրդավարական բարեփոխումների ու զարգացման ուղիով:

«ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից է: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը նման համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ: Այն հնարավորություն է տալիս կամուրջ հանդիսանալու ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Կողմերը քննարկել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Պարոն Շարմազանովը նշել է. «Թե Հայաստանը, թե Արցախը հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից են` Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում` հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Շատ կարեւոր է Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հայտարարության մեջ աջակցությունն այդ երեք սկզբունքներին` ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի իրացում: Ադրբեջանից մշտապես հնչող ռազմատենչ հռետորաբանությունը մտահոգիչ է եւ չի բխում հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից: Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը»:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Գեդիմինաս Կիրկիլասին 2018 թվականին հրավիրել է Հայաստան:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...