Տպել
11.12.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին
1 / 7

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 11-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը:

Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել իրանական կողմի հետ հարաբերությունները զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ դեռ անելիքներ կան հատկապես առեւտրատնտեսական, էներգետիկ եւ զբոսաշրջության ոլորտներում: Պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ԻԻՀ եւ ՀՀ բարեկամության ու քաղաքական եւ տնտեսական համագործակցության զարգացման մասին: Նրանց գնահատմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները եղել եւ շարունակում են մնալ եղբայրական:

Պատվիրակության ղեկավարը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի դասավորվածությունն ու մշտական հանձնաժողովների գործունեությունը: Վահրամ Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ վերահաստատում ենք, որ մեզ համար հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցային լուծումն է՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի: Թեեւ նախորդ տարիների համեմատ նվազել է երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակը, սակայն մենք տեսնում ենք դրա զարգացման ճանապարհը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»: Վահրամ Բաղդասարյանը հավելել է նաեւ, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ:

Աղվան Վարդանյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Իրանը բացառիկ դերակատարություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում եւ անկախ բոլոր հնարավոր ու անհնար ճնշումներից Իրանը միշտ կարողացել է պահել իր ինքնուրույնությունն ու հստակ քաղաքականությունը: Այս օրերին էլ հերթական սադրանքներ, որոշակի խնդիրներ կան, բայց ես վստահ եմ, որ Իրանը չի տրվի որեւէ սադրանքի եւ կշարունակի իր քաղաքականությունը»:

Խոսելով Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների մասին՝ Աղվան Վարդանյանն ասել է, որ երկու պետությունների հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նկատել է, որ վերջին տարիներին Իրանում դրական փոփոխությունները տպավորիչ են, Իրանը նկատելիորեն առաջ է շարժվում:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Իրանի հետ բարեկամության զարգացմանը խոչընդոտելուն միտված ճնշումները Հայաստանի նկատմամբ թեեւ քիչ չեն, սակայն հայկական կողմն ակտիվորեն շարունակում է զարգացնել համագործակցությունը:

Կորյուն Նահապետյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային հատուկ խումբ, որը կգույքագրի Հայաստան-Իրան համագործակցության հիմնական ուղղությունները եւ հատուկ մշակված ծրագրերի իրագործմամբ կհասնի համագործակցության առավել բարձր աստիճանի, ինչում մեծ դեր կարող են ունենալ երկու պետությունների խորհրդարանները:

Վահե Էնֆիաջյանը, խոսելով երկու պետությունների համագործակցությունից, տեղեկացրել է, որ միջազգային հարթակներում ՀՀ պատգամավորները, լավ ճանաչելով Իրանի մշակույթը, քաղաքական ու տնտեսական իրավիճակը, մշտապես խոսում են Իրանի մասին, վերջինիս հնարավորինս ներկայացնում աշխարհին:

ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանն Իրանի բարեկամ երկիրն է, եւ ինքն ուրախ է ընդունել հայկական պատվիրակությանը: Իրանի խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում բոլոր ճնշումներով հանդերձ իրանական կողմը մշտապես պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ թե խորհրդարանական եւ թե կառավարությունների մակարդակում: Ալի Լարիջանին գոհունակություն է հայտնել Իրան-Հայաստան բարեկամական խմբին աշխատանքների առնչությամբ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Ալի Լարիջանին նշել է, որ տարածաշրջանում հակամարտությունների սրումը որեւէ մեկին օգուտ չի կարող տալ. դրանք պետք է լուծվեն բանակցություններով: Խոսելով Մեղրիում նախատեսվող ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին՝ Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջարկել է լայն համագործակցել իրենց երկրի առեւտրային պալատի հետ, ինչը հնարավորություն կտա ստեղծելու նպաստավոր պայմաններ գործարարների համար: Նա միաժամանակ անհրաժեշտ է համարել գործարարների լայն շրջանակի ներգրավումն այդ գործընթացում:

Ալի Լարիջանին բարեկամական խմբերին հորդորել է առավել ակտիվացնել համագործակցությունն ու աշխատել տնտեսական կապերն առավել զարգացնելու ուղղությամբ:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...