Տպել
11.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Ողջունելով Բրեդլի Բուզետտոյին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ առկա արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ այլ ոլորտներում ընթացող բարեփոխումներին:

Արա Բաբլոյանն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարմանն անցնելու կարեւորությունը, կատարվելիք օրենսդրական փոփոխությունները, խորհրդարանի վերահսկողական գործառույթների ընդլայնումը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, խոսելով խորհրդարանի գործունեության թափանցիկության մասին, ընդգծել է նաեւ օրինաստեղծ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության, ինչպես նաեւ հանրության իրազեկվածության ապահովման կարեւորությունը:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի մասնակցությունն այդ աշխատանքներում:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ  համագործակցությունը: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փոխգործակցությունը կլինի շարունակական եւ արդյունավետ:

Բրեդլի Բուզետտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: Նա նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նպատակ ունի բարձրացնել խորհրդարանի գործունեության արդյունավետությունն օրենսդրական եւ վերահսկողական տեսանկյունից: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, օրենսդիր մարմնի գործառույթների իրականացման թափանցիկությանը, հաշվետվողականությանը, խորհրդարանական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը:

 Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի արձանագրած հաջողություններին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնություններին: