Տպել
29.11.2017
Խորհրդարանական լսումներում քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող հարցեր
1 / 4

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով:

Լսումներին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների, ՀՀ ԳԱԱ-ի, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

Տեղեկացնենք, որ 2006 թվականին ընդունված «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ եւ բացեր, որոնց մասին բարձրաձայնել են մասնագետներն ու հանրությունը. մասնավորապես, բացակայում են ՊՈԱԿ-ների տեխնիկական զինվածության չափանիշները եւ դրանք չեն համապատասխանում այսօրվա պահանջներին:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը բացման խոսքում կարեւորելով թեմայի շուրջ խորհրդարանական լսումները, նշել է, որ լսումների նպատակն է եւս մեկ անգամ լսելու կարծիքներ, ինչպես նաեւ ստանալ կառուցողական առաջարկներ՝ օրենսդրական բացերը լրացնելու համար:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13.1 տոկոս կազմող տարածք, որը թեեւ մի շարք այլ երկրների հետ համեմատած առաջընթաց է, բայց այն բավարար չէ եւ հարկավոր է մեծացնել տարածքները, ընդլայնել եւ ավելի կանոնավոր դարձնել բնության պահպանության համակարգերը:

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա խնդիրներն ու առաջարկել դրանց լուծումները:

Ըստ զեկուցողի` մասնավորապես անտառտնտեսություններում անհրաժեշտ է հստակ կառավարում կազմակերպել, որը հնարավորություն կտա կանխել ապօրինի ծառահատումները, ինչպես նաեւ առաջարկել է տնկիներով ու ծառատեսակներով հարստացնել բնությունը:

ՀՀ  գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ-տնօրենի առաջին տեղակալ Ռուբեն Պետրոսյանն իր զեկույցում կարեւորել է միջազգային բնապահպանական կառույցների, անհատ ձեռներեցների հետ համագործակցությունը:

«Վայրի բնության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը ներկայացրել է հիմնադրամի կատարած աշխատանքները: Հիմնադրամն աշխատանքները Հայաստանում սկսել է 2002 թվականից եւ առաջընթաց գրանցել 15 տարիների ընթացքում: Մասնավորապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել է պահակակետերի վերանորոգումը, տրամադրվել են մեքենաներ:

Լսումների ընթացքում իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Լենա Նազարյանը, Սերգեյ Բագրատյանը: Ելույթ ունեցողները համակարծիք էին, որ բնության հատուկ տարածքների լիարժեք պահպանությունն առանց սոցիալ–տնտեսական միջոցառումների կազմակերպման եւ ներդրման հնարավոր չէ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն իր ելույթում կարեւորել է լսումների արդյունքները եւ մասնակիցներին հորդորել 3 ամիս հետո դիմել հանձնաժողովի նախագահին` արդյունքերի մասին հաշվետվություն ստանալու ակնկալիքով:

Ամփոփելով լսումները` ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, կարեւորելով լսումներում հնչած տեսակետներն ու դիտողությունը, նշել է, որ օրենսդրական բարեփոխումների ընթացքում հաշվի կառնեն ներկայացված առաջարկությունները: