Տպել
27.11.2017
Խորհրդարանական լսումներում քննարկվել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը
1 / 9

Նոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս բանավեճի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները, փորձագետները կներկայացնեն իրենց տեսակետները եւ կարծիքները՝ նպաստելով քննարկվող թեմայի բազմակողմանի դիտարկմանը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է, որ Հայաստանը պետք է սկսի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, քանի որ կառույցին անդամակցության ընթացքում ոչ մի բնագավառում առաջընթաց չի գրանցվել՝ թե տնտեսության զարգացմանը, թե Արցախի հիմնահարցի խաղաղ լուծմանն առնչվող. ընդհակառակը, «Ելքը» հետընթաց է արձանագրել: Պարոն Մարուքյանն անդրադարձել է Ռուսաստանից ՀՀ քաղաքացիների վտարմանը, ՀՀ վարորդական իրավունքների հետ կապված խնդիրների առաջացմանը եւ այլ հարցերի: Էդմոն Մարուքյանը կարեւորել է ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ իրավական հենքի թարմացումը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական, քաղաքական եւ ռազմական գործոններին: Նա նշել է, որ ՀՀ-ի անդամակցությունն այս կառույցին բխում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից եւ անդրադարձել արտաքին քաղաքական վերջին զարգացումներին եւ տնտեսական ցուցանիշների վիճակագրությանը: Արմեն Աշոտյանի խոսքով՝ խնդիրներ կան բոլոր կառույցներում, սակայն յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթաց պահանջում է ինստիտուցիոնալ կայացում: Անդրադառնալով քաղաքացիների վտարման հետ կապված խնդիրներին՝ պարոն Աշոտյանը նշել է, որ դրան վերաբերող պայմանագրերը գոյություն ունեն բոլոր քաղաքակիրթ երկրների միջեւ:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները՝ շեշտը դնելով վերջին տարիներին ներդրումների նվազման վրա՝ այդ փաստը պայմանավորելով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ: Պարոն Սարգսյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ում ձեւավորված ավանդույթները քաղաքական եւ տնտեսական անդառնալի հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի համար. ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդում են նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Արամ Սարգսյանի խոսքով՝ ապրանքաշրջանառությունը, որի մասին խոսվում է, գոյություն ունի միայն Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ, ոչ թե Հայաստանի եւ ԵԱՏՄ մյուս երկրների:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ առկա խնդիրները ծագել են ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները վատ օգտագործելուց, քանի որ փոքր ներքին շուկան եւ լոգիստիկ համակարգի բացակայությունը հավելյալ խնդիրներ են ստեղծում Հայաստանի համար: Պարոն Մելքումյանի կարծիքով՝ պետք է փորձել առաջ շարժվել՝ լինելով երկու հանրույթում էլ, պետք չէ հակադրել ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ը, պետք է իրատեսական, մասնագիտական գնահատականներ տալ իրավիճակին: Միքայել Մելքումյանը նշել է, որ թեեւ ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն ունեն փոխադարձ շահեր, Հայաստանը պետք է այնքան ներուժ ունենա, որ կարողանա օգտվել ստեղծված իրավիճակից:

Խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել լսումներին ներկա ՀՀ ԱԺ պատգամավորները, ոլորտի փորձագետները: Բանախոսներն անդրադարձել են Հայաստանում գազի սակագնին, անվտանգությանն առնչվող հարցերին, արտաքին շուկայի զարգացման նախադրյալներին:

Ամփոփելով լսումները՝ հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանն անդրադարձել է բանախոսների տեսակետներին, տվել պարզաբանումներ: