National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
16.11.2017
Խորհրդարանը շարունակել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ նիստին ներկա Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլի գլխավորած պատվիրակությանը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել եւ պատգամավորներին ողջունել տիկին Անկի Բրուկերս-Քնոլին: Ելույթը՝ այստեղ:

Խորհրդարանականները ողջունել են նաեւ ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ այցելած Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին:

Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները եւ ՀՀ նախարարները

Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ բյուջեի նախագիծը կտրված է իրականությունից եւ չի արտացոլում իրական պատկերը: Ըստ նրա՝ ներկայացված նախագիծը չի կարող ապահովել քաղաքացիների սոցիալական բարեկեցությունը, քանի որ ֆինանսական միջոցների հիմնական մասն ուղղվելու է կապիտալ ծախսերին: Նա անընդունելի է համարել նաեւ պետական հիմնարկներում իրականացվող կրճատումները: Նաիրա Զոհրաբյանը նշել է հինգ պատճառ, թե ինչու է պետք դեմ քվեարկել բյուջեի նախագծին: Դրանք են՝ թոշակների չբարձրացումը, մեծ գնաճը, պետական հիմնարկներում իրականացվող կրճատումները, կրթության եւ գիտության ոլորտների ֆինանսավորման կրճատումը, ժողովրդագրական խնդիրները: Տիկին Զոհրաբյանը նաեւ առաջարկ է ներկայացրել վարկերի ծախսման արդյունավետության վերաբերյալ:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը

Անդրադառնալով երկրի ֆինանսական եւ քաղաքական գլխավոր փաստաթղթին՝ պարոն Շարմազանովը նշել է, որ այն բխում է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համատեղ քաղաքականնախընտրական ծրագրից, ՀՀ կառավարության հնգամյա ծրագրից, որի շարունակությունն է այս նախագիծը: Անդրադառնալով գործընկերների ելույթներին՝ նա անհասկանալի է համարել, որ փորձ է արվում նախագծում տեսնել այն, ինչը չի կարող լինել նրանում: Էդուարդ Շարմազանովը մեջբերել է հետխորհրդային որոշ երկրների տնտեսական աճի ցուցանիշերը եւ նշել, որ Հայաստանն իր տնտեսական աճով լավագույնն է: Նա ընդգծել է, որ բյուջեի նախագծով ավելացվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտին հատկացվող միջոցները շուրջ 60 մլրդ դրամով, ինչը կարեւորագույն հարց է: «Այս բյուջեի նախագծի իրականացման դեպքում մենք կունենանք 4-4,5 տոկոս տնտեսական, աճ, որն էլ իր հերթին լավ պայմաններ կստեղծի՝ հետագայում ապահովելու համար երկարատեւ տնտեսական աճ»-ասել է նա:

Ելույթ ունենալով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձել է նախագծով ՀՀ համայնքներին հատկացվող ֆինանսական միջոցներին, ներկայացրել ոլորտում իրականացվող քաղաքականությունը: Նախարարը նշել է, որ շուրջ 48 մլրդ դրամ է հատկացվելու համայնքային բյուջեներին՝ որպես դոտացիաներ: Նախարարը կարեւորել է համայնքների հավասարաչափ զարգացումը եւ մանրամասն նշել այդ նպատակով համայնքներում գալիք տարի իրականացվելիք ծրագրերը:

Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է կրթության, գիտության, սոցիալական ոլորտներին հատկացվելիք գումարների կրճատմանը, խոսել նաեւ այն ոլորտներից, որոնցում, ըստ նրա, չհիմնավորված ավելացումներ են նախատեսված: Նա նշել է, որ դեմ է քվեարկելու նախագծին: Հակոբ Հակոբյանը խոսել է սոցիալական եւ առողջապահության ոլորտների հատկացումներից, անդրադարձել շուրջ 30 տոկոս աղքատությանը եւ դրա կրճատմանն ուղղված ծրագրերից: ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ աղքատության վերացման համար պետական բյուջեի նախագծով հաջորդ տարի նախատեսված է շուրջ 40 մլրդ դրամ: Պատգամավորն անդրադարձել է նաեւ գործընկերների հնչեցրած մտահոգությանը՝ կապված պետական հիմնարկներում իրականացվող կրճատումներին, նշել հիմնավորումները:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության վիճակին, ներդրումների սակավությանն ու դրա պատճառներին, բիզնես ոլորտի խնդիրներին, գնագցման /դեմպինգային/ քաղաքականությանը, գնաճին, մենաշնորհներին, ավելացող պետական պարտքին, աղքատության եւ գործազրկության մեծացող ծավալներին: Միքայել Մելքումյանն անդրադարձել է հանրապետություն ներկրվող գազի ծավալներին, անդրադարձել դրա մոտ 7-8 տոկոս կորստին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ոլորտի գերակայությունները ու նպատակները, դրանց հասնելու համար մշակված ծրագրերն ու հատկացված ֆինանսական միջոցները: Նախարարը մանրամասն ներկայացրել է ծրագրերը եւ նշել, որ փորձ է արվում սոցիալական հարցեր լուծող գյուղատնտեսությունից անցում կատարել դեպի արդյունաբերական, եկամտաբեր, գրավիչ եւ մրցունակ գյուղատնտեսություն:

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է նախատեսված մոտ 5 տոկոս տնտեսական աճին եւ դրա նախապայմաններին, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար համապատասխան միջավայրի ապահովմանը, գիտության, կրթության, սոցիալական ոլորտների ֆինանսական հատկացումների կրճատմանը: Նա կարեւորել է երկրում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու արդարության հաստատումը: Արամ Սարգսյանն անդրադարձել է բյուջեի ներկայացմանը՝ ընդգծելով, որ բյուջեն՝ որպես քաղաքական փաստաթուղթ, պետք է ունենա երկարաժամկետ ծրագիր եւ հստակ քաղաքական ուղեգիծ: Նա խոսել է կրթության, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված միջոցներին ու քայլերին, մեր երկրի ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործմանը: Ըստ պատգամավորի՝ սա հաշվապահական փաստաթուղթ է եւ ոչ ավելին: Գագիկ Մելիքյանի խոսքով՝ բյուջետային նախագիծը կարող է լուրջ տնտեսական առաջընթաց ապահովել՝ ներդրումների ապահովմամբ, հարկաբյուջետային հավասար քաղաքականության իրականացմամբ: Պատգամավորը, խոսելով ԵԱՏՄ երկրներում տնտեսական աճի տեմպերի մասին, ընդգծել է, որ մեր երկիրն այս հարցում առաջատար է: Պարոն Մելիքյանն անդրադարձել է նաեւ պետական համակարգն արհեստավարժ մասնագետներով համալրելուն եւ այս հարցում սերնդափոխության կարեւորությանը, հարկային դաշտում վարվող քաղաքականությանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը բյուջետային փաստաթղթին անդրադարձել է ծրագրային բյուջետավորման համատեքստում: Նախարարի խոսքով՝ 2018 թվականին զարգացման լուրջ նախադրյալներ կան, քանի որ աննախադեպ հետաքրքրությունը կրթության համակարգի նկատմամբ լայն հնարավորություններ է ստեղծել կրթական ներդրումների առումով. կրթական քաղաքականության մեջ փորձ է արվում կիրառել տարբեր հարթակներ: Արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն եւ մասնագիտական կրթության բնագավառում, ուր առկա է հիմնական գործընկեր կազմակերպությունների աջակցությունը: Պարոն Մկրտչյանը խոսել է նաեւ հանրակրթության ոլորտի խնդիրների մասին:

Նախարարն ընդգծել է, որ եղած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու դեպքում այս նախագիծը կարող է հիմք դառնալ 2019-2020 թվականներին առաջընթաց գրանցելու համար:

Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է ԱՊՀ պետությունների տնտեսական աճի տեմպերը՝ նշելով, որ այդ ցանկում ՀՀ բյուջեն ամենափոքրն է: Պատգամավորը խոսել է ՓՄՁ-ների գործունեությանը խոչընդոտող հանգամանքների, երիտասարդության խնդիրների մասին, անդրադարձել պետական պարտքի ավելացմանը: Նա նշել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն այս մոտեցումներին դեմ է: Լենա Նազարյանի գնահատմամբ՝ այս բյուջեի նախագիծը չի լուծելու Հայաստանի համար ամենակենսական հարցերից մեկի՝ խմելու ջրի խնդիրը. ՀՀ 580 բնակավայրում խմելու ջրի մատակարարում չի իրականացվում: Սերգեյ Բագրատյանն ընդգծել է, որ բյուջեի ուղերձն անիրատեսական է, այն ճիշտ մշակված քաղաքական ուղերձ չէ: Նա անդրադարձել է բյուջեի նախագծով նախատեսված ծրագրային մի շարք դրույթների եւ կարծիք հայտնել, որ պետք է բյուջեով հասարակությանը վստահության ու հույսի ազդակ հղել եւ փաստել իրականացվող քայլերի ճշմարտացիությունը: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստանը, լինելով փոքր տնտեսություն ունեցող երկիր, արագ է արձագանքում արտաքին աշխարհից եկող տնտեսական բացասական զարգացումներին: Չնայած այդ հանգամանքին՝ ներկայացված բյուջեի նախագիծը կանխատեսում է ՀՆԱ-ի 4.5 տոկոս աճ, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի, հարկային եկամուտների աճ: Պատգամավորի կարծիքով՝ հեռու չէ այն օրը, երբ մեր բյուջեի եկամուտներն ավելի կլինեն ծախսերից, իսկ արդյունքներն էականորեն կազդեն հասարակության կենսամակարդակի վրա: «Այդ ուղղությամբ աշխատել է պետք, եւ կառավարությունը ներկայացրել է աշխատելու բյուջե»,-ասել է նա:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ բոլոր խնդիրները հստակորեն նախանշված են բյուջետային փաստաթղթում եւ տրված են դրանց լուծման մեխանիզմները: Պարոն Գաբրիելյանն ընդգծել է, որ բյուջետային փաստաթուղթն իրատեսական է եւ հստակ մատնանշում է այն առաջնահերթությունները, որոնք ոչ թե կարճաժամկետ լուծումներ գտնելու, այլեւ երկարաժամկետ տնտեսական հիմքերի ապահովման հնարավորություն կտան:

Բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Աղվան Վարդանյանը: Նրա գնահատմամբ՝ բյուջետային փաստաթղթի թվերն ու փաստերը վկայում են երկիրը կայունացնելու եւ տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու՝ ՀՀ կառավարության կամքը: Խմբակցության քարտուղարի խոսքով՝ պետք է կառավարման արդյունավետությունը բարձրացնող կտրուկ, երբեմն «ցավագին» բարեփոխումներ կատարել, ինչը կառավարության հնգամյա ծրագրի նպատակներին հասնելու երաշխիք է: Պարոն Վարդանյանը նշել է, որ կոալիցիոն կառավարության գնահատականը տրվելու է 2017-2022 թթ. հնգամյա ծրագրի իրականացմամբ կամ ձախողմամբ եւ հավելել. «Մեր կարծիքով՝ որդեգրված տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու քաղաքականությունը, դրա արտահայտությունը՝ այս բյուջեն, այդ հեռանկարի իրատեսական առաջին քայլերից է»: Նշվել է, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու փաստաթղթին:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Նրա գնահատմամբ՝ մեր երկրի աղքատ բնակչությունը չի կարողանում օգտվել ոչ նյութական ակտիվներից՝ սոցիալական բոնուսներից, առողջապահական եւ կրթական բարձրակարգ ծառայություններից: Պարոն Մելքումյանը, խոսելով արդյունաբերական քաղաքականության մասին, նշել է, որ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենք ունենալով՝ մեր երկիրը չունի հնգամյա պետական արդյունաբերական ծրագիր, ինչն օրենքի պահանջ է: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է վարկերի ու կապիտալ ծախսերի արդյունավետության հարցին, հարկային մուտքերի հավաքագրման գործընթացին, էներգետիկայի ոլորտի զարգացմանը եւ խնդիրներին, բանկային համակարգին եւ վարկային քաղաքականությանը: Միքայել Մելքումյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չի կարող կիսել այս բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը եւ դեմ է քվեարկելու նախագծին:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ում խոսքով բյուջեն պետության ամենակարեւոր քաղաքական փաստաթուղթն է: Նրա համոզմամբ՝ 2018 թվականի բյուջեի նախագծում արտացոլված հարկաբյուջետային քաղաքականությամբ կապահովվի տնտեսական աճ: Այն միտված է ստվերային տնտեսության կրճատմանը, հարկեր-ՀՆԱ ցուցանիշների նվազեցմանը: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ այս փաստաթղթում ոչ մի թիվ շինծու չէ, ճշգրիտ են ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշները: Պարոն Բաղդասարյանը նշել է, որ պետք է հետեւողական լինել բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Նրա խոսքով՝ բյուջեի այս նախագիծը բխում է ՀՀԿ ծրագրից եւ այն կարելի է համարել իրատեսական եւ կայունացման բյուջե:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ խորհրդարանին ներկայացվել է փաստաթուղթ, որը պատկերացում է տալիս 2018 թվականի հարկաբյուջետային քաղաքականության մասին, այն նախանշում է ճիշտ ուղղություն, որով պիտի առաջ շարժվել: Ըստ նախարարի՝ տնտեսության զարգացման լավագույն բանալին տնտեսական աճ ապահովելն է՝ այդ գործին մասնակից դարձնելով քաղաքացիներին: Վարդան Արամյանի խոսքով՝ ընթացիկ պարտավորությունները պետք չէ կատարել ֆինանսական պարտքի հաշվին: Բյուջեն պիտի լինի տնտեսական աճին նպաստող, իսկ հարկային վարչարարությունը՝ բոլորի համար հավասար:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մասին» օրինագծի քննարկումը խորհրդարանում ընդմիջվում է չորս օրով: Պատգամավորները եւ խմբակցությունները կարող են հանդես գալ առաջարկներով:

Ապա երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նույնպես ներկայացրել է Վարդան Արամյանը: Նա նշել է, որ ռազմական տեխնիկան հարկելն իմաստ չունի եւ նշել, որ առաջինից երկրորդ քննարկում ընկած ժամանակամիջոցում եղել է առաջարկություն, որն ընդունվել է:

Այնուհետեւ քննարկման է դրվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Աղվան Վարդանյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է համահեղինակ Կարինե Աճեմյանը:

Տիկին Աճեմյանի խոսքով՝ սա շատ սպասված, հասարակական հետաքրքրություն ներկայացնող նախագիծ է, որն ընդունվել է 2003 թվականին եւ 8 անգամ փոփոխվել:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած եւ 27 տարին լրացած քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով բազմաթիվ անգամներ օրենքը փոփոխվել է եւ նպաստել հազարավոր երիտասարդների վերադարձին:

Ակնկալվում է, որ այս օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Կարինե Աճեմյանի խոսքով՝ այս օրինագծի ընդունումը չի կարող դառնալ գործիք, որով քաղաքացիները կխուսափեն ծառայությունից: Տարիների ընթացքում այս օրենքի գործողության արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 8 միլիարդ դրամ: Նախագծի քննարկման ժամանակ կանգ են առել ամեն զորակոչի համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար վճարելուն եւ օրենքի գործողության ժամկետն առաջարկվում է երկարացնել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքերի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռոմիկ Մանուկյանը ներկայացրել է հանձնաժողովի տեսակետը՝ նշելով, որ պետք չէ խրախուսել դասալքությունը, սակայն մենք Սփյուռք ունեցող եւ պատերազմող երկիր ենք: Պարոն Մանուկյանի խոսքով՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ ընտանիքները, ապրելով արտերկրում, զավակներին ուղարկում են հայրենիք՝ բանակում ծառայելու:

Հարակից զեկուցող, ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ ութ անգամ այս օրենքը բերվել է խորհրդարան ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Տարիներ շարունակ մեխանիզմներ են մշակվել քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու, սակայն դիտարկումները ցույց են տվել, որ նրանք հաճախ չեն վերադառնում՝ ճանապարհներ փնտրելով խուսափելու ծառայությունից: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել օրինագծի համահեղինականերին համագործակցության համար եւ նշել, որ խնդիրը գումարային շեմը չէ, իսկ օրենքի նախագիծը կգործի մինչեւ 2019 թվականի դեկտեմբեր:

Մտքերի փոխանակության ընթացքում իրենց տեսակետներն են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորները:

Արտակ Զեյնալյանը նշել է, որ բանակում չծառայելու պատճառով քրեական հետախուզման մեջ գտնվող երիտասարդների հայրենիք վերադառնալն ավելի կարեւոր է, քան գումարային որեւէ շեմ. նա առաջարկել է հանել գումարին վերաբերող կետն օրինագծից, որպեսզի մարդիկ վերադառնան եւ ապրեն հայրենիքում: Պատգամավորի կարծիքով՝ հայրենիքին ծառայելը միայն բանակ գնալը չէ:

Մանե Թանդիլյանին հետաքրքրել է, թե ինչ նպատակ է հետապնդում նախագիծը՝ հայրենակիցները վերադառնա՞ն, թե գումար հավաքագրվի: Պատգամավորի խոսքով՝ պատահական չէ, որ տարիներ շարունակ այս նախագիծը խորհրդարան է բերվել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Տիկին Թանդիլյանին հետաքրքրել է, թե ինչ նպատակով են ծախսվում հավաքագրված գումարները:

Ռուստամ Մախմուդյանի խոսքով՝ այս օրենքն արտագաղթի հարց չի լուծում: Քիչ է պատահում, որ քաղաքացիները գալիս են, վճարում գումարը եւ բնակվում Հայաստանում: Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի սահմանել ժամկետ, որից հետո օրենքը չի գործի, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան եւ կատարեն իրեն պարտքը հայրենիքի նկատմամբ:

Սերգեյ Բագրատյանը նշել է, որ արտագաղթելու պատճառները կարող են տարբեր լինել, եւ գործ ունենք մարդկանց տարբեր խմբերի հետ, որոնց պետք չէ հավասարեցնել:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նշել է, որ անկախ ծնվելու վայրից՝ ամեն հայ երիտասարդ պետք է կատարի իր պարտքը հայրենիքի առջեւ: Ըստ նրա՝ էականը գումարը չէ, էականը հայրենիքին ծառայելն է: Պարոն Բաղդասարյանի խոսքով՝ պետք է տարբերակել մարդկանց մի խումբ միայն՝ հայերին:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը կարեւորել են շահագրգիռ քննարկումները:

Երկրորդ ընթերցումով քննարկվել են «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի, «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթները, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Գլխադասային հանձնաժողովները քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացրել են դրական եզրակացություն:

Առաջին ընթերցումով ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Փոխնախարարի խոսքով՝ Վերաքննիչ դատարանի գերծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում ապահովել անձի արդար դատաքննության իրավունքը: Առաջարկվում է Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թիվն ավելացնել երեքով, վարչական դատարանների դատավորների թիվը նվազեցնել երեքով, պարզեցնել վարչական դատարանների դատավորների գործերի քննության ընթացակարգերը:

Հարակից ելույթում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անդրանիկ Հարությունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագիծը լուծում է հրատապ խնդիր: Չժխտելով, որ դատավորների ծանրաբեռնվածությունը մեծ է՝ Արփինե Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ դատավորների թվի ավելացման մասին կարելի է խոսել միայն դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ իրական պատկեր ու վիճակագրական տվյալներ ունենալուց հետո:

«ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել Արթուր Հովհաննիսյանը: Փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվի ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիությունը դադարեցված կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող եւ այդ կարգավիճակը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա ճակատագիրը:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցումով, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:

Նախատեսվում է կոմիտեի գործունեության իրավական հիմքերի եւ օրենքի հիմնական հասկացության, կոմիտեի նախագահի լիազորությունների հստակեցում, նախագահի տեղակալի այլ լիազորությունները սահմանելու անհրաժեշտություն, կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի հետ կապված հարաբերությունների, կոմիտեում ծառայության պաշտոնների դասակարգման, ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների, ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու ընթացակարգի, ծառայողի լիազորությունների դադարեցման հիմքերի եւ առկա հակասությունների լուծման ընթացակարգի հստակեցում:

Կհստակեցվեն նաեւ կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում թողնելու ընթացակարգը սահմանող իրավական նորմը, ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումները: Նշվել է, որ առաջարկվում է լրացնել քննչական կոմիտեում ծառայության պաշտոնների ենթախմբերում բաց թողնված եւ ոչ ամբողջական ձեւակերպված պաշտոնների անվանումները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ հանձնաժողովը օրենսդրական փաթեթների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցումով է քննարկվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Հրայր Թովմասյանի հեղինակած օրինագիծը: Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրությամբ կամրագրվեն դրույթներ, որոնցով պատասխանատվություն կսահմանվի բուժաշխատողներին կամ բուժօգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում: Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքի կատարումը բուժաշխատողի նկատմամբ՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ կպատժվի ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով:

Ազգային ժողովը հերթական նիստի աշխատանքը կշարունակի նոյեմբերի 17-ին:


16.11.2017
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դասախոսներին ու ուսանողներին: Հյուրերը հետեւել են նիստերի աշխատանքին, շրջել խորհրդարանի շենքում: ՀՀ ԱԺ փոխնախագա...

16.11.2017
Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահի ելույթը ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում
«Հարգելի պարոն նախագահ, Ազգային ժողովի հարգելի անդամներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում: Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել նախագահ Արա Բաբլոյանին այս հնարավորությունն ընձեռելու համար: Ինձ համար, որպես խորհրդարա...

16.11.2017
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի եւ ՆԹ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել...

16.11.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների Սենատի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին: Ողջունելով Նիդերլանդների Սենատի նախագահին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տ...

16.11.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Մոսկվա
Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու համար նոյեմբերի 17-19-ը Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am