Տպել
15.11.2017
Հանդիպում ուսանողների հետ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 15-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ «Ուրարտու» համալսարանի դասախոսների ու ուսանողների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ուսանողների հետ հանդիպման այս ձեւաչափը, որով հնարավորություն է ընձեռվում տեղեկանալ նոր սերնդի ներկայացուցիչներին հուզող հարցերին ու տալ սպառիչ պատասխաններ:

Պարոն Շարմազանովը ներկայացրել է օրենսդիր մարմնի աշխատանքը, անդրադարձել այժմ խորհրդարանում քննարկվող «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Հանդիպումն այնուհետեւ ընթացել է հարցուպատասխանի շրջանակում, որի ընթացքում քննարկվել են ուսանողներին մտահոգող տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին կրթությանը, աշխատաշուկայի պահանջներին, արտագաղթին, այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, պատասխանելով ուսանողների հարցերին, նշել է, որ այսօր կրթությունը մեր երկրում ավելի բարձր մակարդակի վրա է, քան խորհրդային տարիներին է եղել, քանի որ տեղեկատվական հոսքերն առավել շատ են: Ի պատասխան աշխատաշուկային ու արտագաղթին վերաբերող ուսանողների մտահոգությանը՝ Էդուարդ Շարմազանովը հորդորել է լավ սովորել եւ լինել մրցունակ, սիրել հայրենիքը եւ չհիասթափվել ոչնչից: «Հաջողության հասնելու համար ձգտում է պետք, եւ յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքի դարբինը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Այցելուները շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի աշխատանքին: Հանդիպումն ավարտվել է ավանդական համատեղ լուսանկարով:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...