Տպել
11.11.2017
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 11-ին ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթի բացմանը, որը կայացել է Հայաստանի նկարիչների միությունում:

Ցուցահանդես-մրցույթն իրականացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համատեղ ջանքերով՝ Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային տոների առթիվ: Ներկայացված են տարբեր բուհերի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կերամիկա:

Շնորհավորելով երիտասարդ ստեղծագործողներին Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ցուցահանդես-մրցույթի կազմակերպումը: Պարոն Բաբլոյանն ընդգծել է, որ այսօր երիտասարդները հնարավորություն ունեն գործնականում օգտագործել ու զարգացնել իրենց ստեղծագործ երեւակայությունը, գիտելիքն ու կարողությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արվեստում ու մշակույթում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մեզ անհրաժեշտ են կրթված, նախաձեռնող ու պատասխանատու մարդիկ, ովքեր ստեղծագործ մտածողության տեր են, կարող են համարձակ որոշումներ կայացնել:

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեր երկրում երիտասարդությանը կարեւոր ու առանձնահատուկ դեր է հատկացված, օրենսդիր ու գործադիր, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում մեծ թվով երիտասարդներ են ներգրավված:

«Ձեր առջեւ բացված են լայն հնարավորություններ ու մեծ հեռանկարներ: Բայց դուք ինքներդ պետք է ընդառաջ գնաք այդ ամենին, ձեր ապագային, որը նաեւ մեր հայրենիքի ապագան է: Ձեր քաղաքացիական ու քաղաքական գիտակցությունից, ձեր մտահղացումներից, ձեռնարկներից է կախված հայրենիքի, բնակավայրի, օջախի ճակատագիրը: Յուրաքանչյուրիս ցանկությունը պետք է լինի, որ մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր համայնքը, մեր տունը դառնան ավելի ապահով, զարգացած, ավելի բարեկեցիկ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը եւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, կարեւորելով նման ցուցահանդեսների կազմակերպումը, նշել են, որ այն բացառիկ հնարավորություն է երիտասարդ ստեղծագործողներին իրենց աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար: Նրանց գնահատմամբ՝ ցանկացած արվեստագետի համար մեծ պատիվ է Նկարիչների միությունում ներկայացված լինելը:

Արա Բաբլոյանը շրջել է ցուցասրահում եւ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, շփվել երիտասարդ ստեղծագործողների հետ:

Ցուցահանդես-փառատոնը բաց կլինի 6 օր, իսկ ավարտին մասնագիտական հանձնաժողովների կողմից կորոշվեն հաղթողները:


11.11.2017
Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում եւ Ծիծեռնակաբերդում
Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արցախցի անդամներն ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին այցելել են Եռաբլուր պանթեոն։ Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրե...