Տպել
10.11.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1 / 3

Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարել է հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի, Աղվան Վարդանյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների դրական եզրակացությանը:

Քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշել է, որ լրամշակված տարբերակում կարգավորվել են խնդրահարույց հարցերը: Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար կսահմանվի մեկ միասնական վճար, որը յուրաքանչյուր զորակոչի դիմաց կկազմի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար: Օրենքի նախագծով դիմում կարող է ներկայացնել նաեւ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կողմից լիազորված անձը:

Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ նախագիծը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հիման վրա եւս: ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները չեն ընդունվել, քանի որ համահունչ չեն զինված ուժերի կազմավորման եւ գլխավոր շտաբի գործունեության տրամաբանությանը:

Պատգամավորները քվեարկությամբ մերժել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները:

Երկրորդ ընթերցումով ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ այն քննարկվել է տարբեր հարթակներում. նախագծի հիմքում դրվել են արդյունավետ կառավարման, սոցիալական արդարության եւ հավասարության սկզբունքները: Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ, որի պարագայում քաղաքացին կարող է օգտվել բարձրագույն կրթություն ստանալու՝ առաջին փուլն անցնելու իր լիարժեք իրավունքից, ինչպես նաեւ իր կամքով ընտրել ծառայության տեսակը: Նշվել է, որ հնարավորությունների նոր ճանապարհներ են բացված զինվորական ծառայության կազմակերպման, ինչպես նաեւ կրթության հաջորդական փուլերի ապահովման համար:

Քննարկված նախագծերն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ եւս հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...