National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.11.2017
Քննարկում «Կանանց ձայնը եւ կին լիդերները քաղաքականության մեջ. Հայաստանի հեռանկարները» թեմայով
1 / 5

Նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել էր կլոր-սեղան քննարկում` «Կանանց ձայնը եւ կին լիդերները քաղաքականության մեջ. Հայաստանի հեռանկարները» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում, ՀՀ Ազգային ժողովի եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի», «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» եւ «ՊրոՄեդիա-գենդեր» կազմակերպության հետ համատեղ:

Քննարկմանը մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների կին պատգամավորները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ կառավարության, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին եւ ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ քննարկվող զեկույցն արտացոլում է այն բոլոր խոչընդոտները՝ կարծրատիպային մտածողություն, ֆինանսավորման դժվարություններ, ընտանիքի եւ քաղաքական գործունեության համատեղման բարդություն եւ այլն, որոնց բախվում է կինը՝ քաղաքականություն մտնելով: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս առումով զեկույցում ներկայացված թվերն ավելի քան խոսուն են. մեր տարածաշրջանում կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում չի գերազանցում 20%-ը: Մինչդեռ 1990 թվականին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի համաձայն՝ 1995 թվականի դրությամբ անդամ պետություններում կանանց ներգրավվածությունը խորհրդարաններում պետք է լիներ 30 տոկոս: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ բանաձեւի ընդունումից 27 տարի անց ազգային խորհրդարաններում կանանց մասնակցությունն ընդամենը 22.8 տոկոս է:

«Ինձ համար կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին սոսկ թվեր չեն կամ սոսկ ներկայացվածություն չէ. դա բովանդակություն է եւ առաջին հերթին քաղաքականության մեջ մտածողության կամ մթնոլորտի փոփոխության գործոն է»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Նշելով, որ քաղաքականության մեջ կանանց ազդեցությանն առնչվող բազմաթիվ հետազոտություններ կան՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ նրանց ներգրավվածությունը նպաստում է ավելի համագործակցային միջավայրի ստեղծմանը ոչ միայն խորհրդարանում, այլ նաեւ մյուս հարթակներում: Նրա համոզմամբ՝ կանայք քաղաքականության մեջ կհաջողեն, եթե դառնան մրցունակ: «Պարտադիր չէ, որ կանայք խորհրդարանում ներկայացված լինեն քվոտայի արդյունքում. նրանք պետք է լինեն մրցունակ, հաղթահարեն այն կարծրատիպերը, որոնք կան մեր հասարակությունում, դադարեն թերահավատորեն մոտենալ իրենց հնարավորութուններին: Կարծում եմ, որ հաջողության հասնելու համար լավ կրթությունն ու աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրումը, կատարելագործման շարունակական ձգտումը կարող են դառնալ մրցակցության չափանիշ»,-համոզմունք է հայտնել Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արդյունավետ աշխատանք է մաղթել միջոցառման մասնակիցներին:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նշելով, որ 1996 թվականից ի վեր ՀՀ իշխանությունները հետեւում են ՏԻՄ համակարգում կանանց ընդգրկվածության ցուցանիշներին, արձանագրել է, որ, ցավոք, այժմ հեռու ենք ցանկալի արդյունքից: Նա կարծիք է հայտնել, որ միայն քվոտավորման արդյունքում ցուցանիշներ ապահովելը քիչ է, պետք է ավելի խորքային մոտենալ խնդիրներին: Տեղեկացնելով, որ համայնքային ծառայություններում կանանց ներգրավվածությունն ավելին է, քան 50 տոկոսը՝ պարոն Տերտերյանն ընդգծել է, որ նույնը չի կարելի ասել քաղաքական պաշտոններում կանանց ընդգրկվածության մասին:

«Մենք պետք է անենք այնպես, որ կանայք կարողանան իրենց առաջնորդությունն արտահայտել կամ կարիերայի առաջընթացի քաղաքական հարթակները եւս հասանելի դառնան նրանց համար, պետք է աշխատել կարծրատիպերի հաղթահարման ուղղությամբ՝ հիմնվելով գիտելիքի, փորձառության եւ կարիերայի համընթացության վրա»,-փաստել է փոխնախարարը:

Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը տարածաշրջանային այս նախագիծը ֆինանսավորելու համար. այն երկու տարուց ավելի է հնարավորություն է տալիս Արեւելյան գործընկերության երկրներում իրականացնելու տարբեր գործառույթներ: Նա հավելել է, որ տարածաշրջանային հետազոտությունը վերանայում է կանանց մասնակցության իրավիճակը քաղաքականությունում: Խոսելով ՀՀ-ում քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության վերաբերյալ՝ տիկին Վիոյուն կարեւորել է, որ ՀՀ խորհրդարանում կանանց մասնակցությունը արդեն 18 տոկոս է: «Մենք մեծ ջանքեր ենք գործադրել կազմակերպելու առաջնորդության դպրոցներ կանանց մասնակցության համար եւ կարողացել ենք խիզախություն ձեւավորել՝ ընտրություններին մասնակցելու հարցում»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ համայնքների խոշորացումից հետո իրավիճակը կբարելավվի:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան ընդգծել է, որ Հայաստանում ընտրական գործընթացները բարելավելու նպատակով ԵՄ-ն օժանդակություն է տրամադրում, ինչպես նաեւ ֆինանսավորել է տարածաշրջանային այս նախագիծը: Օժանդակությունը գրեթե մեկ միլիոն եվրո է, ինչն ապացուցում է, որ ԵՄ-ն կարեւորում է խնդիրը: Ընդգծելով, որ ԵՄ անդամ պետություններն ազգային խորհրդարաններում ունեն կանանց ներկայացվածության բարձր տոկոս՝ նա նշել է, որ Հայաստանում նախորդ տարիների համեմատ իրավիճակը բարելավվել է:

Քննարկվել է «Արեւելյան գործընկերության երկրներում կանանց քաղաքական ներկայացվածության տարածաշրջանային ուսումնասիրությունը»: Եվրոպայի խորհրդի գենդերային հարցերով փորձագետ, Միացյալ Թագավորության Բրիսթոլի քաղաքային խորհրդի նախկին անդամ, «Գենդերային հավասարության հարցերի առաջխաղացման» խորհրդատվական կազմակերպության ղեկավար Դայեն Բունյանը ներկայացրել է 2015-2016թթ. ԵՄ եւ Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունում անդրադարձ է կատարվել Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում կանանց քաղաքական ներկայացվածության հիմնական սահմանափակումներին: Հետազոտությունները մասնավորապես ցույց են տվել, որ այդ երկրներում կանայք ավելի քիչ են առաջադրվում քաղաքական պաշտոններում, քան տղամարդիկ: Դայեն Բունյանը նշել է, որ կանանց քաղաքական ներկայացվածության համար լուրջ խոչընդոտներ են հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը, որոնք բացասաբար են անդրադառնում տնտեսության եւ աշխատանքի շուկայում կանանց ներկայացվածության վրա` նվազեցնելով նրանց առաջադրման եւ ընտրություններում հաղթանակ տանելու հավանականությունը:

«Գենդերային քվոտաները. կանանց քաղաքական մասնակցության խթանման գործիք» թեմայով ելույթ են ունեցել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շաքե Իսայանը եւ «ՊրոՄեդիա-գենդեր ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանը: Զեկուցողները, անդրադառնալով մեր երկրում խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության ցածր ցուցանիշին՝ նշել են, որ այդ հարցում հիմնականում խոչընդոտող գործոններ են օրենսդրությունը, ավանդույթները, ժողովրդավարության մակարդակը, ռեսուրսներն ու ընտանեկան կարգավիճակը: Շաքե Իսայանի խոսքով՝ գենդերային հավասարությունը պետք է առաջին հերթին արտացոլվի ՏԻՄ-երում, քանի որ ժողովրդին ամենամոտ կանգնած համակարգն է այն: Ըստ տիկին Իսայանի՝ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան ծրագրեր, ստեղծել գենդերային հավասարության խորհուրդներ, համայնքներում ներդնել գենդերային հարցերով պատասխանատուի ինստիտուտ, նշանակել գենդերի հարցերով պատասխանատուներ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում:

«Տեղական մակարդակում քաղաքականության մեջ կանանց ներգրավման եւ հզորացման մեխանիզմները» թեմայի շրջանակում ելույթ են ունեցել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների եւ զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Գայանե Մերոյանը եւ Շիրակի մարզի Արփի համայնքի ավագանու անդամ Նաիրա Աբրահամյանը: Նշվել է, որ թեպետ 2017թ. ԱԺ ընտրություններում կանանց մասնակցությունը մեծացել է, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում այդ ցուցանիշը դեռեւս մտահոգիչ է: Կանանց դերը քաղաքականության մեջ բարձրացնելու, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել սոցիալական եւ տնտեսական ոլորտներին առնչվող որոշումների կայացման հարցում, ինչպես նաեւ բիզնես միջավայրում կանանց ներգրավվածությանն ու աշխատանքի շուկայում նրանց դերի բարձրացմանը:

Քննարկումների ընթացքում մասնակիցները կարեւորել են կանանց ներգրավվածությունը մեր երկրի տնտեսական կյանքում, ընտրական ու քաղաքական գործընթացներում: Ներկաներն արժեւորել են կանանց կրթվածությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լուիզա Սարգսյանը մտահոգություն են հայտնել համայնքներում կանանց զբաղվածության ցածր մակարդակի կապակցությամբ: Ըստ նրանց՝ համայնքների խոշորացման պատճառով կանանց ներգրավվածությունը ՏԻՄ-երում 2-3 անգամ նվազել է, եւ նրանք դուրս են մնացել ընտրական գործընթացներից: Քննարկման մասնակիցներն առաջարկել են վերանայել խնդիրը եւ իրավական լուծում տալ ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությանը:

Ամփոփելով միջոցառումը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ քննարկումների արդյունքում ձեւավորվել է օրակարգ՝ հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու, ինչպես նաեւ տարբեր ուղղությամբ կատարվելիք աշխատանքների տեսանկյունից:

Տիկին Նաղդալյանը նշել է, որ կանանց մասնակցության առումով համապետական ցուցակներով էական արդյունքներ են գրանցվել, ինչը չի կարելի ասել մարզային ցուցակների դեպքում: Նա կարեւորել է կանանց քաղաքական ներգրավվածությունը հատկապես ՏԻՄ համակարգում՝ փաստելով, որ այստեղ կա կանանց մասնակցության ցածր ցուցանիշ, ինչը խոշորացման հետեւանքով ավելի է պակասել:

Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն ամփոփիչ ելույթում շնորհակալություն է հայտնել մասնակիցներին համակողմանի եւ արդյունավետ քննարկումների համար:


19.04.2024
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքնե...

19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am