Տպել
07.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնախնդիրներ
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 7-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2018 թվականի քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ, նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ դասախոսներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ քննարկման նպատակն է հստակեցնել 2018 թվականին նախարարության կողմից իրականացվող աշխատանքների ուղղություններն ու չափորոշիչները: Նիստում քննարկվել են միջպետական եւ միջմարզային նշանակություն ունեցող ճանապարհների վիճակին, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին վերաբերող եւ այլ հարցեր:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրել է 2015-2025 թվականների համար նախատեսված ծրագրերը, ինչպես նաեւ առաջիկա 5 տարիների եւ միջնաժամկետ միջոցառումների իրականացման ուղղությունները: Նախարարը նշել է, որ տրանսպորտի ոլորտում իրականացվող քաղաքականությունն ընդգրկում է երթուղային ցանցի միասնական համակարգի ստեղծմանը, սպասարկմանը, գնայագոյացմանը, քաղաքային տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի դարձնելուն, մեկ տոմսային համակարգ հիմնելուն եւ սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Պարոն Մարտիրոսյանն անդրադարձել է երկաթուղային բնագավառում նախարարության կողմից տարվող ռազմավարությանը, Հայփոստ ՓԲԸ 100 տոկոսով մասնավորեցնելու գործընթացին:

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ երթեւեկության անվտանգության համար իրականացվող 5 տարիների ծրագրով նախատեսվում է նոր նշանների, արգելափակոցների տեղադրում, որը դինամիկ զարգացում կապահովի ճանապարհատրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում: Այս առնչությամբ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի միջհամայնքային եւ միջպետական ճանապարհների 1065 կմ ենթակա է կապիտալ վերանորոգման, որի մեկնարկը տրվելու է 2018 թվականին: Վերանորոգման առաջնահերթությունը որոշվում է համայնքի բնակչության թվաքանակով եւ ճանապարհային պայմանների գնահատմամբ:

Քննարկման մասնակիցներն իրենց հարցադրումներում անդրադարձել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող ճանապարհի կառուցմանն առնչվող հարցերի, ինչի վերաբերյալ նախարարը նշել է, որ նախատեսվում է Վայոց Ձորի Սիսիան-Քաջարան հատվածում կառուցել երկու թունելներ եւ չորս կամուրջներ, որոնք նախատեսվում է կառուցել մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ, իսկ շահագործումն իրականացվելու է վճարովի հիմունքներով: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» առնչությամբ նախարարը նշել է, որ այն կառուցումից հետո ընդգրկվելու է Trans European Transport Network ցանցին, որը փաստում է, որ այս ճանապարհը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կարեւորությանն ու Հայաստանի օդային ուղու ռազմավարական նշանակությանը վերաբերող հարցերի:

Վահան Մարտիրոսյանը քննարկման ավարտին տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ մասնավորի ֆինանսավորմամբ նախատեսվում է ունենալ «Զվարթնոց» լոգիստիկ կենտրոն: