Տպել
07.11.2017
Տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը
1 / 2

Նոյեմբերի 7-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը մանրամասներ են ներկայացրել հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիեւում տեղի ունեցած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի եւ չորս հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ լիագումար նիստում ընդունվել է չորս զեկույց, որոնք վերաբերել են էներգետիկ, տնտեսական, քաղաքական ոլորտներին, կանանց եւ երիտասարդությանը վերաբերող հարցերին:

Ընդունվել է երեք հրատապ բանաձեւ, որոնցից «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձեւը ներկայացրել է հայկական պատվիրակությունը: Բանաձեւը Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում ընդունվել է այնպես, ինչպես ներկայացրել է հայկական պատվիրակությունը: Բացի ադրբեջանական պատվիրակությունից, այլ պատվիրակությունների կողմից առաջարկներ չեն եղել: Քննարկման արդյունքում ադրբեջանական պատվիրակության բոլոր հակահայ առաջարկները մերժվել են: Բանաձեւի ընդունմանը մեծապես աջակցել են թե ԵԺԿ անդամները՝ որպես համահեղինակ, թե այլ երկրների պատվիրակներ:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն այս համատեքստում անդրադարձել է միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերին եւ կարեւորել այն՝ շեշտելով, որ այն դրական առումով փոփոխություններ է կրել, ինչը փաստում են տարբեր միջազգային հարթակներում ընդունված փաստաթղթերը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը եւ ընդունվող փաստաթղթերին, պատվիրակության ղեկավարը մասնավորապես նշել է. «Փաստաթղթերը չեն կանխում պատերազմները, դրանք նվազեցնում են լայնածավալ պատերազմների հավանականությունը: Փաստաթղթերն ստեղծում են քաղաքական կապիտալ, քաղաքական միջավայր այս կամ այն երկրի համար, որը հետո հնարավորություն է տալիս պատժելու մեղավորներին: Սա է դիվանագիտական աշխատանքի վերջնական արդյունքը: Ստեղծվում է քաղաքական միջավայր, այս դեպքում՝ երկու հայկական պետությունների հանդեպ, որը վաղը տալու է քաղաքական արդյունքները: Մեր աշխատանքը համեստ էր, եւ արդյունքները նույնպես գլոբալ առումով համեստ են: Ղարաբաղաադրբեջանական շփման գծում, ցավոք, շարունակվում են կրակոցները, մենք շարունակում ենք ունենալ զոհեր: Սա, այս պահի դրությամբ, դիվանագիտությամբ կանխվող երեւույթ չէ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքի եւ կրած դերի պատճառով: Սակայն սա չի նշանակում, որ խորհրդարանական ձեւաչափերում փաստաթղթերը եւ բանաձեւերը կարեւոր չեն»: Թվարկելով մի շարք հակահայկական բանաձեւերի տապալման գործընթացը տարբեր միջազգային հարթակներում՝ պարոն Աշոտյանն ընդգծել է. «Մենք պետք է պայքարենք եւ ստեղծենք ճիշտ քաղաքական եղանակ, ճիշտ միջավայր Արցախի հիմնախնդրի վերաբերյալ»:

Պատվիրակության անդամներն անդրադարձել են Եվրանեսթ ԽՎ-ի չորս հանձնաժողովներում կատարած իրենց աշխատանքներին եւ ընդհանուր առմամբ արդյունավետ գնահատել այն: Արմենուհի Կյուրեղյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ հաջողվել է բոլոր փաստաթղթերում ամրագրել, որ ԼՂ հիմնախնդիրը ամբողջությամբ տարբերվում է այլ հակամարտություններից: Մանե Թանդիլյանը կարեւորել է տարբեր միջազգային հարթակներում հայկական պատվիրակությունների ակտիվ աշխատանքը, անդրադարձել հանձնաժողովների աշխատանքին եւ առաջիկայում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ կարեւորելով դրա կիրառելիությունը: Նա եւս արդյունավետ է գնահատել հայկական պատվիրակության աշխատանքը: Վարդան Բոստանջյանը խոսել է Եվրանեսթ ԽՎ-ի տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքների մասին, որտեղ հիմնականում քննարկվել են գործարարության զարգացմանը, տրանսպորտի եւ կապի միջոցներին վերաբերող հարցեր: Նշենք, որ Վարդան Բոստանջյանը վերոնշյալ հանձնաժողովի համանախագահն է:

Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ՝ Եվրանեսթ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ է ընտրվել պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: Սոցիալական հարցերի հանձնաժողովում զեկույցով հանդես է գալու պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը:

Եվրանեսթ ԽՎ հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա 2018 հունիսի վերջին՝ Բրյուսելում: