Տպել
24.10.2017
Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
1 / 8

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի եւ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգերի նախագծերը:

Պատգամավորները քննարկել են ԱԺ գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն չստացած նախագծերը նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու հարցը: Քննարկման արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Շաքե Իսայանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի, Գեւորգ Գորգիսյանի, Մանե Թանդիլյանի հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը չեն ընդգրկվել նստաշրջանի նախագծում:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին» հարցի քննարկումը հեղինակների նախաձեռնությամբ կիրականացվի ՀՀ ԱԺ հաջորդ հերթական նիստերի ընթացքում:

Մինչ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված օրինագծերի քննարկմանն անցնելը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում օրենսդիր մարմին այցելած եւ պատգամավորների աշխատանքին հետեւող Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:

Խորհրդարանը քննարկել է երկրորդ ընթերցման ներկայացված նախագծեր

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի, Արփինե Հովհաննիսյանի, Գագիկ Մելիքյանի հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Օրենսդրական փաթեթի վերաբերյալ իրենց դրական տեսակետներն են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Արփինե Հովհաննիսյանը: Պատգամավորներն անդրադարձել են իրենց ներկայացրած առաջարկներին, կարեւորել նախագծի ընդունումը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի ներկայացմամբ՝ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Նախագծի նպատակն է կարգավորել պաշտպանության միջոցների իրականացման ծախսերի փոխհատուցման հարցերը եւ փոխհատուցման ոչ ենթակա ապրանքներին ու ծառայություններին առնչվող հարաբերությունները:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցումով քննարկվել է նաեւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշենք, որ կարգավորմամբ անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եւ առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում: Եթե համապատասխան ծանուցումն ուղարկած անձը կամ մարմինը հնգօրյա ժամկետում չի ստանում ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստում կամ ծանուցվող անձը մասնակի կամ ամբողջությամբ չի կատարում ծանուցմամբ պահանջվող գործողությունը, ապա ծանուցումը եւս մեկ անգամ ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դա ուղարկելուց հետո հնգօրյա ժամկետում այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում չստանալու կամ ծանուցմամբ պահանջվող գործողության ամբողջական կամ մասնակի կատարում կրկին անգամ չլինելու դեպքում ծանուցումն ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակով՝ ծանուցումն ստացող ֆիզիկական անձի դեպքում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված հասցեով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գտնվելու վայրի փոստային հասցեով:

Հարցի առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Ռուստամ Մախմուդյանը, Հրայր Թովմասյանը եւ Ռուզաննա Մուրադյանը:

ՀՀ ԱԺ «Ելք» եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունները՝ օրենսդրական փաթեթի վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը խորհրդարանին փոխանցել է Արտակ Զեյնալյանը: Նրա գնահատմամբ՝ նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, կամայական որոշումներ ընդունելու լիազորություն է տրվում գերատեսչություններին: Պարոն Զեյնալյանը հավելել է, որ իրենց առաջարկները նպատակ են ունեցել ստեղծել հավասար պայմաններ, ինչպես նաեւ հետադարձ նամակ ուղարկելու հնարավորություն:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Հրայր Թովմասյանը: Նա մասնավորապես անդրադարձել է ենթաօրենսդրական նորմատիվ ակտով իրազեկման հնարավորություն նախատեսելուն: Նա կարծիք է հայտնել, որ հանրային իշխանությունների հետ էլեկտրոնային ստորագրության փաստաթղթերով հաղորդակցվելն արդի պայմաններում անհրաժեշտություն է եւ դատավարական օրենքներով դրանք կսահմանվեն:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել Արթուր Հովհաննիսյանը:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Երկրորդ ընթերցմամբ Վախթանգ Միրումյանը քննարկման է ներկայացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական են եղել:

Քննարկվել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Մինչ նախագիծը ներկայացնելը՝ Վիգեն Սարգսյանն անդրադարձել է որոշ լրատվամիջոցների նախորդ օրվա հրապարակումներին, ըստ որոնց՝ պարտադիր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է երեք տարի: Նա հերքել է այդ տեղեկատվությունը եւ նշել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մնում է նույնը՝ 24 ամիս:

Ըստ հիմնավորման՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված գործող «Պաշտպանության մասին» ու «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքների վերանայման անհրաժեշտությամբ, որի շրջանակներում նպատակահարմար է գտնվել նշված օրենքները, ինչպես նաեւ «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» ՀՀ օրենքը միավորել եւ դրանցով կարգավորվող հարաբերությունները սահմանել մեկ օրենքի տեսքով:

Գործող «Պաշտպանության մասին» եւ «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքներում սահմանված ՀՀ պաշտպանության եւ զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի հետ կապված հարաբերությունները սահմանվել են ՀՀ կիսանախագահական կառավարման համակարգի շրջանակներում՝ համապատասխան գործընթացների կազմակերպման եւ ապահովման ուղղահայացը կառուցելով ՀՀ Նախագահի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի, իրավասությունների հիման վրա: ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործընթացները սահմանել խորհրդարանական կառավարման համակարգին համապատասխան:

Մասնավորապես՝ նորովի սահմանվել են «պաշտպանություն», «պաշտպանության ոլորտ», «պաշտպանության ոլորտի քաղաքականություն», «պաշտպանության ռազմավարական պլանավորում» եւ «պաշտպանության ռազմավարական վերանայում», «պետության ռազմական անվտանգության համակարգ», «զորահավաքային նախապատրաստություն», «զորահավաք», «պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործում» հասկացությունները, հստակեցվել է խաղաղ եւ ռազմական դրության պայմաններում պաշտպանության կազմակերպման եւ զորահավաքային նախապատրաստության գործընթացը:

Սահմանվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի եւ Անվտանգության խորհրդի, ՀՀ պաշտպանության նախարարության, պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները, անկախ կազմակերպական իրավական ձեւից կազմակերպությունների եւ քաղաքացիների պարտականությունները, զինված ուժերի եւ այլ զորքերի գործունեությունը, որոնք ներառում են խաղաղ եւ ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման գործողությունների, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի կազմակերպման համալիրը:

Սահմանվել են քաղաքացիների զինապարտությունը եւ զինվորական հաշվառումը, այդ գործընթացում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձեւից կազմակերպությունների եւ քաղաքացիների պարտականությունները, քաղաքացիների պահեստազորային կցագրման եւ զորահավաքային ամրագրման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել խաղաղ եւ պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման արդյունավետությունը, նպաստել «Ազգ-բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պաշտպանության - անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կորյուն Նահապետյանը: Նա ընդգծել է օրենքի նախագծի կարեւորությունը եւ նշել, որ այն համակողմանիորեն քննարկվելու կարիք ունի: Հանձնաժողովի նախագահը խոսել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներից, անդրադարձել պաշտպանության ոլորտին ուղղված կարգավորումներից: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն ու մտահոգություններն են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության դրական տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Կարեւորագույն որակելով նախագիծը՝ նա նշել է, որ այն լավագույն հիմք է ստեղծում պաշտպանության համակարգի համար եւ ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին: Արմեն Ռուստամյանը նշել է, որ հստակ տարանջատված են ՀՀ Ազգային ժողովի, վարչապետի, կառավարության, Անվտանգության խորհրդի, ԶՈՒ գլխավոր շտաբի եւ նրա պետի գործառույթներն ու դերակատարությունը պաշտպանության ոլորտում: Նաեւ՝ հստակ սահմանված են խորհրդարանի վերահսկողության մեխանիզմները բանակի նկատմամբ, ինչը չի եղել նախկինում: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նախագծում ամրագրված են նաեւ այն սկզբունքները, որոնցով հնարավոր կլինի կյանքի կոչել «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը:

Եզրափակիչ ելույթներում Վիգեն Սարգսյանը եւ Կորյուն Նահապետյանն անդրադարձել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Օրվա վերջին նիստը ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 25-ին:


24.10.2017
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները` համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի գլխավորությամբ: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դասի», որը վարել է ՀՀ Ա...

24.10.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով խորհրդարան էր այցելել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Դեսպանն Արա Բաբլոյանին ներկայացրել է իր պաշտոնավար...

24.10.2017
«Միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուա...

24.10.2017
Մեքսիկացի պատգամավորներն Արցախում են
Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն: Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տ...