Տպել
20.10.2017
Վահե Էնֆիաջյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում
1 / 1

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում, որը տեղի է ունենում հոկտեմբերի 19-20-ը Տիրանայում:

«Հարգելի մասնակիցներ,

գործընկերներ,

տիկնայք եւ պարոնայք,

նախ եւ առաջ, ՍԾՏՀ ԽՎ-ի հայկական պատվիրակության անունից ցանկանում եմ ողջունել հանդիպման մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել մեր ալբանացի գործընկերներին ջերմ ընդունելության եւ հանձնաժողովի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Քննարկվող թեմայի շրջանակում կներկայացնեմ Հայաստանում տիրող իրավիճակը: Կարեւոր է նշել, որ ներկայումս Հայաստանում նորարարական ոլորտի զարգացումը երկրի տնտեսական զարգացման հիմնական գործոններից է:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ազգային օրենսդրությունը, նորարարական ենթակառուցվածքը եւ նորարարության ոլորտում հիմնական ծրագրերը 2006-2007 թվականներին:

Ընդունվել է «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենք եւ մի շարք ՀՀ որոշումներ, որոնք սահմանել են Հայաստանում նորարարական գործունեության իրավական հիմքերը:

2011 թ. Հայաստանը հաստատել է նորարարական տնտեսության ձեւավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը, որի նպատակն է ազգային ինովացիոն համակարգի բաղկացուցիչ մասերի ձեւավորման եւ զարգացման միջոցով Հայաստանը դարձնել գլոբալ գիտահետազոտական կենտրոններից մեկը: Ռազմավարության շրջանակներում մի շարք ծրագրեր են իրականացվում իրավական, կրթության, ֆիզիկական եւ ֆինանսական ենթակառուցվածքային եւ բիզնեսի հմտությունների զարգացման ոլորտներում: Ներկայումս Հայաստանում նորարարական ոլորտի զարգացման համար մշակվում է նոր ռազմավարություն, որը կներառի երկրի նորարարական հատվածի հետագա զարգացման համար հիմնական քայլերն ու գործողությունները:

Հայաստանում կան բարձրակարգ տեխնոլոգիաների ոլորտում մի շարք անդրազգային ընկերություններ, որոնք ներմուծում են նոր գիտելիքներ եւ տեխնոլոգիաներ, որոնց հիման վրա ստեղծվում է նորարարական արտադրանք:

Այս փուլում ստեղծվել է ժամանակակից ենթակառուցվածք` կրթական համակարգի արդիականացման եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համար, որտեղ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում իրականացվում են մի շարք ընդհանուր կրթական ծրագրեր:

Ստեղծվել են մի շարք ուսումնական կենտրոններ եւ լաբորատորիաներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիան (NationalInstruments-ի հետ միասին), Microsoft Innovation Center, IBM Innovation Technologies and Solutions Center, Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, որոնք հագեցած են ժամանակակից նորարարական ենթակառուցվածքներով:

Մենք մի շարք միջոցառումներ ենք իրականացնում այս ոլորտի հետագա զարգացման համար: Հիմնական մարտահրավերներ են՝ գիտական եւ կրթական բլոկի ու բիզնեսի միջեւ կապերի ամրապնդումը, գիտատեխնիկական գործունեության եւ նորարարական ձեռնարկատիրության ֆինանսավորման նոր ինստիտուտների ստեղծումը, ինչպես նաեւ տեղացի ինժեներների, ծրագրավորողների եւ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող այլ մասնագետների եւ ընկերությունների միջազգայնացումը:

Կարեւոր ոլորտներից է մտավոր սեփականության պաշտպանությունը: Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության համար պատասխանատու է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Մտավոր սեփականության գործակալությունը: Այժմ Հայաստանը միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ բավականին բարձր դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում եւ EAGE-ի երկրների շրջանում՝ մտավոր սեփականության օբյեկտների քանակով:

Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ոլորտ: Հայաստանում գիտական եւ գիտատեխնիկական քաղաքականության համար պատասխանատու է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: 2011-2016 թթ. գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ոլորտում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես`

* անկախ գիտական փորձի բարելավված համակարգ,

* գիտական հայտերի ընդունման եւ գնահատման համար առցանց համակարգ,

* երկամյա ծրագիր` խթանելու երիտասարդ գիտնականների հետազոտությունը (մինչեւ 35 տարեկան) եւ ասպիրանտների անհատական խրախուսման տարեկան ծրագիր,

* բյուջետային ֆինանսավորմամբ գիտական ծրագրերում մասնակցող բարձրորակ, արդյունավետ գիտնականների անհատական խրախուսման ծրագիր,

* գիտական ենթակառուցվածքների արդիականացման տարեկան ծրագիր,

* համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող կիրառական արդյունքների հասնելու երկու տարվա ծրագիր,

* CYCLONE 18/18 հետազոտական թեմաների իրականացման երկու տարվա ծրագիր,

* AREAL գծային արագացուցիչում հետազոտական թեմաների իրականացման երկու տարվա ծրագիր,

* միջազգային գիտական կենտրոնների եւ /կամ/ համատեղ գիտական միավորումների մասնաճյուղերի ստեղծումը,

* «Springer» եւ «WebofScience» գիտական տեղեկատվական բազաների ռեսուրսներին պետական գիտական կազմակերպությունների եւ համալսարանների ազատ մուտքի իրավունք ապահովելու ծրագիր:

* անվիճելի է, որ բոլոր վերը նշված ծրագրերն ու նախաձեռնությունները կարող են առավել արդյունավետ իրականացվել Սեւծովյան տարածաշրջանի բաց սահմանների պայմաններում:

* մենք դատապարտում ենք ՍԾՏՀ ԽՎ սկզբունքներին հակասող՝ ՍԾՏՀ անդամ պետության կողմից այլ անդամ պետության դեմ տնտեսական շրջափակումը:

Հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի առաջարկությունները` ուղղված խթանելու Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների տարածաշրջանային համագործակցությունը նորարարական ոլորտում.

* Տարածաշրջանի առաջատար տեխնիկական համալսարանների միջեւ կրթական փորձի փոխանակում, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների որակավորման բարձրացման նպատակով համատեղ կրթական ծրագրերի եւ սեմինարների կազմակերպում:

* Փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում նորարարության աջակցության միջոցառումների փորձի փոխանակում, համատեղ նորարարական ծրագրերի եւ նախագծերի համար հնարավորությունների քննարկում:

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք, շնորհակալություն ուշադրության համար»,-ասել է պարոն Էնֆիաջյանը:


20.10.2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրները զարգացրել են բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսութ...

20.10.2017
Գեւորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը «Ազգային նորարարական համակարգերի զարգացումը Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում» թեմայով հոկտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ՍԾՏՀ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում, որը տեղի է ունենում...

20.10.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ եւ իրավական ու քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 24-27-ը Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) կ...