Տպել
18.10.2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ:

Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի հայ-լեհական միջխորհրդարանական կապերին եւ երկու ժողովուրդների բարեկամությանը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2017 թվականը հայ-լեհական միջպետական հարաբերություններում առանձնահատուկ է, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաեւ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը:

Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Ստանիսլավ Կարչեւսկուն` սեպտեմբերի 19-ին Սենատում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու եւ ելույթով հանդես գալու համար, ինչպես նաեւ լեհահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցահանդես բացելու կապակցությամբ:

Արա Բաբլոյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների ակունքում հայ եւ լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, ինչը լավ հիմք է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ կապերի հետագա ամրապնդման համար:

«Մեր պետությունների միջեւ հաստատված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, առկա են անհրաժեշտ նախադրյալներ միջպետական հարաբերությունների ընդլայնման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Այս առումով ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առկա կապերն էլ ավելի կսերտանան: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է փոխադարձ այցերի եւ բարեկամական խմբերի միջեւ շփումների առավել ակտիվացման, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների կառուցողական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Լեհաստանում հայ համայնքի դերակատարությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կարեւոր կամուրջ է հայ-լեհական հարաբերություններում: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ հիշել է, որ դեռեւս 2005թ. Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում եւ, ի տարբերություն Ադրբեջանի, ամենեւին չի ցանկանում, որ տարածաշրջանը եւս մեկ անգամ հայտնվի պատերազմի մղձավանջի մեջ: «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ այդ երկրի ղեկավարության վերաբերմունքը: Հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականության հիմնական մասն է: Ստեղծված պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ միայն Արցախի ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր»,- ասել է Արա Բաբլոյանը:

Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկին, ջերմորեն շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, նշել է, որ Լեհաստանը շարունակում է մնալ լավ բարեկամ՝ հանդիսանալով Հայաստանի դեսպանը Եվրոպայում:

Նա երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու հարցում Հայաստանի Հանրապետության աջակցության համար:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավոր զարգացմանը՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստանիսլավ Կարչեւսկուն պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ ԼՀ Սենատի նիստին:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...