Տպել
17.10.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի դեսպանի հետ
1 / 3

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը, ողջունելով դեսպանին, ներկայացրել է բարեկամական խմբի՝ հանդիպմանը մասնակից անդամներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին, պատգամավորներ Արման Սաղաթելյանին, Միհրան Հակոբյանին, Տիգրան Ուրիխանյանին:

Կարեն Բեքարյանը նշել է, որ բարեկամական խումբը հնարավոր ջանքերը կներդնի Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների միջեւ առկա երկխոսությունը զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ: Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է միջազգային հարթակներում միմյանց աջակցելու, դեսպանատների հետ համագործակցությունն ակտիվացնելու հարցերին: Կարեն Բեքարյանի խոսքով՝ առաջիկա տարիներին բարեկամական խմբերի շփումները, փոխայցելությունները, համագործակցությունն աշխուժացնելու համար պետք է որոշակի քայլեր ձեռնարկել՝ օգտագործելով առկա ներուժը:

Թիմուր Ուրազաեւը, ողջունելով բարեկամական խմբի անդամներին, կարեւորել է փոխգործակցությունը խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ: Դեսպանի խոսքով՝ Ղազախստանն ու Հայաստանն ընդհանուր մոտեցումներ ունեն շատ հարցերի շուրջ, ինչպես նաեւ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա հիմնված է երկու երկրների քաղաքականությունը:

Թիմուր Ուրազաեւը հույս է հայտնել, որ բարեկամական նոր խումբը նախորդի պես արդյունավետ կաշխատի՝ նպաստելով երկու երկրների թե՛ միջխորհրդարանական, թե՛ միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը: Դեսպանը նույնպես կարեւորել է խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը եւ հավասարակշռված մոտեցումները միջազգային կառույցներում:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն են հայտնել բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման, տնտեսական համագործակցության խթանման, մշակութային եւ հեռահաղորդակցության ոլորտներում կապերի աշխուժացման վերաբերյալ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ափսոսանք է հայտնել տնտեսության բնագավառում առկա ներուժը չօգտագործելու կապակցությամբ: Միքայել Մելքումյանի խոսքով՝ լոգիստիկ խնդիրների լուծման դեպքում կակտիվանան տնտեսական կապերը, այդ թվում՝ ապրանքաշրջանառությունը:



09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...