Տպել
16.10.2017
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովում
1 / 8

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին եւ հանդես է եկել ելույթով:

«Հարգելի նախագահող,

հարգելի գործընկերներ,

տիկնայք եւ պարոնայք,

կցանկանայի առաջին հերթին շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին հյուրընկալության եւ Միջխորհրդարանական միության վեհաժողովի գերազանց կազմակերպման համար:

Ինձ համար մեծ պատիվ է այս ամբիոնից ելույթ ունենալ եւ ներկայացնել այն հարցերի տեսլականը, որոնք վերաբերում են մեզ բոլորիս:

Միջմշակութային բազմազանության առաջխաղացումը միջկրոնական եւ ազգամիջյան երկխոսության միջոցով կարեւորագույն նախադրյալ է ժամանակակից հասարակության կայուն զարգացման համար:

Լինելով առաջին քրիստոնյա երկիրն աշխարհում, գտնվելով տարբեր մշակույթների եւ կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ յուրահատուկ հնարավորություն է ունեցել հաղորդակցվելու բազմաթիվ քաղաքակրթությունների հետ:  Այս փոխգործակցության շնորհիվ Հայաստանում են գտնվում հելլենիստական դարաշրջանի հնագույն տաճարը, բազմաթիվ հին եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանոցը եւ 18-րդ դարի յուրօրինակ մզկիթը: Շուտով Հայաստանում կավարտվի աշխարհում ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը:

Միջմշակութային այս կապերը գոյություն ունեն այլ մշակույթների, կրոնների եւ ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի շնորհիվ:

Վերջերս կարեւոր քայլ կատարվեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացներում ներգրավելու ուղղությամբ: Ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` քրդերը, ռուսները, եզդիները եւ ասորիները, ստացան երկրի խորհրդարանի պատգամավորի մանդատներ:

Այսօր մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Նրանք, որոնց հաջողվեց վերապրել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, ցրվեցին աշխարհով մեկ: Այնտեղ, որտեղ մեր հայրենակիցները գտան իրենց նոր տունը, կազմակերպեցին կենսունակ, լիարժեք ինտեգրված համայնքներ՝ միաժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Մեզ համար միշտ հաճելի է լսել հայկական սփյուռքի ավանդի մասին, որը նպաստում է աշխարհի շատ երկրների զարգացմանը:

Այսօր մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայում հայերի եւ այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ճակատագրով: Տարածաշրջանում ահաբեկիչների կողմից ազգային եւ կրոնական հիմքով իրականացվող հանցագործությունները չեն խնայում մեր հայրենակիցներին՝ հայերին, ովքեր անհիշելի ժամանակներից Մերձավոր Արեւելքի բազմազգ, բազմամշակույթ ներկապնակի անբաժանելի մասն են: Հայաստանը միայն Սիրիայից ընդունել է ավելի քան քսան հազար փախստական՝ դրանով իսկ դառնալով Սիրիայի փախստականներին ընդունած՝ ըստ բնակչության թվի հաշվարկի Եվրոպայի երրորդ երկիրը:

Մենք փորձում ենք նաեւ օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում՝ ապահովելով մարդասիրական օգնության առաքում:

Սիրիայի ճգնաժամը սրել է հակասությունները Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս: Մենք տարբեր կարծիքներ կարող ենք ունենալ դրա սկզբնապատճառների, զարգացման կամ լուծման ուղիների վերաբերյալ, բայց մենք պետք է մարդասիրական հարցերի առնչությամբ հավատարիմ մնանք միասնական դիրքորոշմանը: Տուժած համայնքների պաշտպանությանը եւ վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ գոյություն ունեցող հակասություններից:

Խոսելով միջմշակութային բազմակարծության եւ խաղաղության զարգացման, քաղաքակրթությունների ու մշակույթների միջեւ երկխոսության, նրանց միջեւ փոխգործակցության մասին՝ հիշում ենք այնպիսի էական անփոխարինելի հասկացություններ, ինչպիսիք են բազմազանությունը եւ համերաշխությունը, որոնք փոխկապակցված լինելով՝ կարող են առաջ մղել միմյանց:

Պատմության ողջ ընթացքում բռնությունը ջնջել է երկրագնդի երեսից շատ քաղաքակրթություններ եւ իրենց բնօրրաններում ոչնչացրել եզակի մշակութային շերտեր: Այլ մշակույթների ոչնչացման գաղափարները չէին լինի իրագործելի, եթե անհանդուրժողականությունը եւ ատելությունը բազմազանության նկատմամբ այլատյաց միջավայրերում չգտնեին պարարտ հող: Ցավոք, այսօր մենք շարունակում ենք ականատեսը լինել տարբեր երկրներում քրիստոնեական, բուդդիստական եւ իսլամական հուշարձանների ոչնչացմանը: Վերջերս Սիրիայում ահաբեկիչների կողմից պայթեցվել է 15-րդ դարի Քառասուն նահատակների հայկական եկեղեցին:

Իրավիճակը սարսափելի է նաեւ հարեւան Ադրբեջանում, ուր ոչնչացվել է հայկական մշակութային եւ հոգեւոր յուրահատուկ ժառանգությունը, ավերվել են բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ, եզակի խաչքարեր եւ այլ սրբավայրեր:

Համանման իրավիճակ է տիրում նաեւ Թուրքիայում, որտեղ բազմադարյա հայ ժառանգությունը համակարգված եւ հետեւողականորեն ավերվել է:

Հարգելի գործընկերներ,

այլատյացության եւ անհանդուրժողականության քաղաքականությունը, որն իրականացվում է մի շարք երկրների կողմից, շարունակում է խոչընդոտել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Մեկն այդ երկրներից Ադրբեջանն է, որը փոխանակ ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընտրել է ուժի լեզուն՝ ռազմատենչ եւ այլատյաց հռետորաբանությունը:

Բաքուն մերժում է միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի առաջարկները, հրաժարվում է իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ իր երկրում հրահրելով հակահայկական հիստերիա եւ ամեն կերպ ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հաղորդել միջէթնիկական եւ միջկրոնական բնույթ, որը որեւէ տեղ չի տանում: Սակայն, հակամարտության էությունը բոլորովին այլ է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է:

Մահաթմա Գանդին ասել է. «Անհանդուրժողականությունն ինքնին բռնության ձեւ է եւ խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգու աճին»:

Հանդուրժողականությունը, ուրիշների ազգային, մշակութային եւ կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ժողովուրդների ներդաշնակ եւ խաղաղ համակեցության եւ զարգացման նախադրյալներից են»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:


16.10.2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իռլանդիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շոն Օ Ֆարիլի հետ: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Իռլանդիայի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ ձեւաչափերում:...

16.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացո...

16.10.2017
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը՝ հոկտեմբերի 6-9-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ Բուխարեստում կայացած տարեկան նստաշրջանի վերաբերյալ: ...

16.10.2017
Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրությունն...

16.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-սլովակյան հարաբերությունների կայուն զարգացմանը, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցությանը: Այդ երկխոսությանը շարո...

16.10.2017
ՀՀ ԱԺ նախագահը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Եգիպտոսի եւ Բենինի խորհրդարանների ղեկավարների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդել Աալ Սայեդ Ահմեդի հետ: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հավելել, որ երկու պե...

16.10.2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի հետ
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալի ալ-Ղանիմի հետ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններ...

16.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ: Արա Բաբլոյանը, ողջունելով Մայա Գոյկովիչին, կարեւորել է Միջխորհրդարանական միության շրջանակում հանդիպելու հնարավորությունը: ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել ...

16.10.2017
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խոր...