Տպել
03.10.2017
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի աշխատանքը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 3-ին գումարվող նիստերի օրակարգերի նախագծերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Անտառարդյունաբերության համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխությունները խմբագրական բնույթի էին:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վարդեւան Գրիգորյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծի նպատակն օրենքում առկա հակասությունների վերացումն է եւ դրա համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության դրույթներին: Նշենք, որ որոշ փոփոխություններ են նախատեսվում նաեւ Երեւանու ավագանու գործունեության վերաբերյալ:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արաիկ Հովհաննիսյանը:

Նախագծի, մասնավորապես Երեւանի ավագանու որեւէ խմբակցության նախաձեռնությամբ տեղական հանրաքվե հրավիրելու հնարավորության փոփոխության վերաբերյալ իրենց իրարամերժ տեսակետներն են հայտնել պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ նախագծի հեղինակը մերժել է ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը հանրաքվե հրավիրելու հնարավորության վերաբերյալ: Նա նշել է, թե այս փոփոխությունը հետընթաց է գործող օրենքից: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախաձեռնությանը: Նիկոլ Փաշինյանը բացասաբար է արտահայտվել նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները զրկվում են տեղական հանրաքվե հրավիրելու հնարավորությունից: Մարգարիտ Եսայանը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունները եւ նշել, թե ընդդիմադիր խմբակցությունների կողմից հանրաքվե հրավիրելու հնարավորությունն իրականում անգործության մատնված գործիք էր: Արտակ Զեյնալյանը քննադատել է նախատեսվող փոփոխությունները եւ նշել, որ ավագանուն նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից զրկելը դեմ է ժողովրդավարությանը: Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օրենսդրական նախաձեռնությունը եւ ընդգծել, որ այն միտված է վերացնելու օրենքում առկա հակասությունները եւ օրենքը դարձնել առավել արդյունավետ: Պարոն Շարմազանովի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցությունները չեն զրկվում հանրաքվե անցկացնելու հնարավորությունից, պարզապես, փոփոխության ընդունման դեպքում, դա հնարավոր կլինի կատարել ավագանու 1/3-ի նախաձեռնությամբ: Գագիկ Մելիքյանը եւ Շիրակ Թորոսյանը նույնպես կարեւորել են օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ գործընկերներին հորդորել կողմ քվեարկել նախագծին: Շիրակ Թորոսյանը մասնավորապես նշել է, որ այստեղ չկա ժողովրդավարության հետընթաց, ինչպես իրենց ելույթներում նշել են որոշ պատգամավորներ:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության բացասական տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ելույթներին, խոսել Երեւանի ավագանու կողմից նախաձեռնություններով հանդես գալու սահմանափակվող հնարավորության վերաբերյալ: Նա նկատել է, թե 1/3-րդ հանրաքվե հրավիրելու հնարավորությունն իրատեսական չէ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրել է Արաիկ Հովհաննիսյանը: Նա նշել է, որ վիճահարույց դրույթի վերաբերյալ առաջարկվող լուծումը կարող է արդյունավետ լինել ավագանու աշխատանքների իրականացման գործում: Նա ընդգծել է, որ ՀՀԿ խմբակցությունը դրական կարծիք ունի փաթեթի վերաբերյալ եւ կողմ է քվեարկելու:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական կեսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով ՀՀ կառավարությունն առաջարկում է առավել ճկուն դարձնել ֆինանսական շուկայի կարգավորումը եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ամրագրված որոշ լիազորություններ վերապահել իր կազմում գործող համապատասխան մարմիններին, որոնց թվում նաեւ՝ ՀՀ Կենտրոնական բանկին: Մյուս փոփոխությամբ նախատեսվում է կարգավորել այն քաղաքացիների կենսաթոշակային հարցերը, որոնք պետության կողմից գործուղվել են արտերկիր եւ աշխատում են միջազգային կառույցներում :

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Հակոբ Հակոբյանը:

Քննարկվել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի (Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0) վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը

Նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նախագծի ընդունման նպատակը «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելն ու Ազգային ժողովին օբյեկտիվ եզրակացություն ներկայացնելն է: Առաջարկվում է հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանել 2 ամիս, որն անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի որոշմամբ կարող է երկարացվել եւս 1 ամսով: Հանձնաժողովը կազմված է լինելու 10 անդամից: Հանձնաժողովը կարող է քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար պատվիրել փորձաքննություններ եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները: Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է աշխատակարգային կարգով հրավիրվող փակ նիստերի ձեւով:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովը քվեարկությամբ նպատակահարմար չի համարել նման հարցի քննարկումն ԱԺ նիստում: Պարոն Աշոտյանը խնդրին անդրադարձել է իրավական ու քաղաքական հարթություններում: Նա ընդգծել է, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները մշտական հանձնաժողովի լիազորություններից էականորեն չեն տարբերվում եւ կարծիք է հայտնել, որ հեղինակների նպատակը նախաձեռնությունը տեւական ժամանակ օրակարգում պահելն է:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետներն են արտահայտել հարցի վերաբերյալ

Արամ Սարգսյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Լենա Նազարյանը երկրի զարգացման հեռանկարներին անդրադարձել են ԵԱՏՄ անդամակցության օգուտների եւ վնասների համատեքստում, իրենց դիտարկումներն են ներկայացրել գործընկերների կողմից ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հակափաստարկների հիմնավորման վերաբերյալ: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ Արտաշես Գեղամյանը կարծիք է հայտնել, որ լիարժեքորեն չի օգտագործվում ԵԱՏՄ-ում առկա ներուժը: Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների մեջ մտնում է փաստերի ուսումնասիրություն եւ ներկայացում, որը մշտական հանձնաժողովը չի իրականացնում: Նա կարեւորել է ժամանակավոր հանձնաժողովի միջոցով օրենսդրին վերապահված վերահսկողական լծակի օգտագործումը: Հայկ Բաբուխանյանի համար անհասկանալի է մեր երկրում տեղի ունեցող բոլոր բացասական երեւույթները ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորելը. նա նման մոտեցումն անլուրջ է համարել: Պատգամավորի խոսքով՝ նման հանձնաժողով ստեղծելու հիմք չկա: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ անդամակցությունից հետո մեր երկրի տնտեսության զարգացման ցածր ցուցանիշները եւ նշել, որ 2018 թվականի հունվարի 1-ից շուրջ 900 ապրանքի մաքսատուրքի դրույքաչափը փոխվելու է եւ էական թանկացումներ կարող են լինել: Նա կարեւորել է հանձնաժողովի միջոցով հարցերի մանրամասն քննարկումը: Շիրակ Թորոսյանը խոսել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման դրական ցուցանիշների մասին: Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ կառավարության արտաքին եւ ներքին քաղաքականության բնագավառի բացթողումները չպետք է վերագրել ԵԱՏՄ-ին: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այլ հարց է այդ կառույցում մեր կարգավիճակի եւ պահանջների ճշգրտումը: Նա անդրադարձել է նաեւ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների խնդրին, ամսական դրամային փոխանցումների քանակին: Արտակ Զեյնալյանը կարեւորել է ժամանակավոր հանձնաժողովի կողմից ժողովրդավարական քննարկումների ծավալումը, խոսել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հակափաստարկների վերաբերյալ: Խոսրով Հարությունյանն երկրի անկախության եւ ինքնիշխանության պահպանման հարցում կարեւորել է իրական, մրցունակ տնտեսության եւ ժամանակակից զինված ուժեր ունենալու հանգամանքը: Պատգամավորի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ում մեր դժվարությունները պայմանավորված են Ռուսաստանում ստեղծված իրավիճակով, ինչը, նրա համոզմամբ, մեր երկրի վրա նույն ազդեցությունը կունենար նաեւ այն դեպքում, եթե անգամ չլիներ այդ կառույցում: Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ նման հանձնաժողով ստեղծելու եւ քննարկումներ ծավալելու անհրաժեշտություն չկա: Միհրան Հակոբյանը խնդրին անդրադարձել է միջազգային տարբեր կառույցներին անդամակցության եւ արտաքին քաղաքական օրակարգի համատեքստում:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ խնդրին անդրադառնալով քաղաքական, իրավական եւ տնտեսական տեսանկյուններից

ՀՀ ԱԺ փոխնախագահն արհեստական է համարել նախաձեռնությունը: Պարոն Շարմազանովն ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրություններից առաջ ընտրողներին ներկայացնում է արտաքին քաղաքական իր առաջնահերթությունները եւ ըստ այդմ ստանում ժողովրդի վստահությունը:

«Խորհրդարանում հայտնված 4 քաղաքական ուժերից առնվազն երեքը կողմ են արտահայտվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, եւ չեմ հիշում, որ «Ելք» դաշինքը բացահայտ խոսել է այդ ընտրությունների ժամանակ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: Նրա համոզմամբ՝ սա այն խնդիրներից է, որտեղ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմության մեծամասնությունը կարծում են, որ ճիշտ որոշում է կայացվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ դեմ է ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ այն չի ունենալու որեւէ լիազորություն, որը չունի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

ՀՀ ԱԺ խմբակցությունները՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը, այլ բան չէ, եթե ոչ այն, որ Հայաստանը պետք է կատարի ռազմավարական նշանակության շրջադարձ: Նրա գնահատմամբ՝ սա արվում է մի փաստաթղթով, որը շատ թերի է: Այս համատեքստում պարոն Ռուստամյանն անդրադարձել է մեր երկրի անվտանգության ապահովման բաղադրիչին: Նախագծին ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու:

«Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման համար ժամանակը սխալ է ընտրված: ԵՄ-ն իր վերաբերմունքը փոխել է՝ «կամ-կամ»-ից հրաժարվել է եւ անցել «եւ-եւ»-ի, եւ մենք հիմա արհեստական սրում ենք «կամ-կամ»-ի հարցը ու զարմանում, թե ինչու իշխանությունները դրան չեն համաձայնում»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անունից ելույթ է ունեցել Սասուն Միքայելյանը: Նա խոսել է ժամանակավոր հանձնաժողովների գործունեության անարդյունավետությունից, անդրադարձել ԵԱՏՄ կազմում ընդգրկված երկրների անկախության հարցին, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ կարեւորել Արցախի Հանրապետության անդամակցումն այս կառույցին: Պատգամավորն առավելապես կարեւորել է մեր երկրի առջեւ ծառացած տարաբնույթ հիմնախնդիրների լուծումը, ԼՂ հակամարտության կարգավորումը, արտագաղթի կասեցումը եւ այլն:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Միքայել Մելքումյանը, ով խոսել է ԵՏՄ շուկաների հնարավորություններից լիարժեք օգտվելու կարեւորությունից, Հայաստանին մատակարարվող գազի գնի, GSP+ համակարգից օգտվելու խնդիրների, հանրապետությունում ֆինանսական ռեսուրսների պահպանման մասին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հետեւողական է. ինչպես ժամանակին կողմ է քվեարկել ԵԱՏՄ մտնելուն, այժմ էլ հստակ դեմ է քվեարկելու ներկայացված նախագծին:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից խոսել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով ներկայացրել է հնա-ի աճի, ԵԱՏՄ եւ ԵՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման ծավալների աճի ցուցանիշները, ինչպես նաեւ անդրադարձել գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներին:

«Մեր քաղաքական վեկտորի մեջ որեւէ փոփոխություն չկա, մենք պետք է շարունակենք համագործակցությունը ԵԱՏՄ-ի, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ կարող ենք համագործակցության եզրեր գտնել»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը:

Եզրափակիչ ելույթներում Արմեն Աշոտյանը եւ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են պատգամավորների ելույթներին եւ իրենց դիտարկումները ներկայացրել:

Պատգամավորները շարունակել են քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նշել է, որ պետությունն ընտրել է մի ուղղություն, երբ ռեֆորմը հանրության կողմից չի ընդունվում: Հարկային նոր օրենսգրքով մեծանում է միջին խավի բեռը, եւ ընկնում է սպառողական պահանջարկը: Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ խոսքը ստրատեգիական ուղղվածության մասին է. չպիտի աղքատացնել ժողովրդին, պետք է հնարավորություն տալ նրան:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր ելույթում նշել է, որ նախագիծը վերաբերում է միայն ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից են եւ աշխատում են միջազգային պայմանագրերով: Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հնչած հարցերին, նշել է, որ այն հնարավորություն է տալիս քաղաքացուն՝ տնօրինելու իր վաստակածը, եւ խոսքը կամավորության սկզբունքի մասին է:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին:

«Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Ազատ առեւտրի գոտու մասին 2011թ. հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությունը: Այս արձանագրության վավերացմամբ համապատասխանեցվում են պայմանագրի մասնակից պետությունների պետական գնումների համակարգերը, կանոնակարգվում են պետական գնումների կազմակերպման եւ անցկացման պահանջները:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին է ներկայացրել հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը ներկայացրել է Կարեն Թամազյանը: Քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Կարեն Թամազյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է, որ խաղատուն, շահումով մեքենայացված խաղ, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպել (լիցենզավորել) 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում՝ այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում, ՀՀ կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը խորհրդարանին է ներկայացրել հանձնաժողովի դրական տեսակետը եւ նշել, որ նախագծի ընդունմամբ բացառվում են տարընթերցումները եւ մերժվում սողանցքերը:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: Փոխնախագահի խոսքով՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդի հաշվարկի մեխանիզմի նույնական եւ միատեսակ կարգավորմամբ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրումների հաշվարկման մեխանիզմը համապատասխանեցնել ՀՀ Նախագահի աշխատակազմի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի պետական ծառայողների համար սահմանված պարգեւատրման մեխանիզմներին:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահական եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Քննարկվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, որի ընդունմամբ կկարգավորվեն դատախազության գործունեության սկզբունքերը, դատախազության համակարգին, լիազորություններին եւ դատախազական ակտերին վերաբերող, ինչպես նաեւ դատախազների նշանակման եւ ազատման կարգին, դատախազության դասային աստիճանների շնորհման կարգին առնչվող հարցերը: Կսահմանվեն դատախազի գործունեության իրավական, սոցիալական եւ նյութական երաշխիքները, վարքագծի կանոնները:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կարեւորելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ իր ելույթում նշել, որ այս օրենքը պատշաճ մակարդակ պետք է ունենա, քանի որ նրանով է պայմանավորված ՀՀ քաղաքացու վստահությունը դատական համակարգի եւ օրենսդրական գործունեության նկատմամբ: Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ գլխադասային հանձնաժողովը սկզբունքային հարցերի շուրջ պայմանավորվածություն ունի ՀՀ կառավարության հետ:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթի համաձայն՝ օրվա վերջին նիստը հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:

Խորհրդարանը հերթական նիստի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 4-ին:



03.10.2017
Խոսրով Հարությունյանն ամփոփել է ՀԱՊԿ ԽՎ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջխորհրդարանական լսումների արդյունքները
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտա...

03.10.2017
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: ...

03.10.2017
Հայ-ռուսական համատեղ հայտարարություն
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացրել են համատեղ նի...

03.10.2017
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի նախագահին եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ, Սենատի նախագահ Մայք Փենսին ուղղված ցավակցական ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լաս Վեգաս քաղաքում կատարված սոսկալի բռնության կապակցությամբ, որը մի քանի տասնյ...

03.10.2017
Երեւանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում ստացող պատգամավորները
Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները՝ ներկայացնում ենք այն պատգամավորների ցանկը, որոնք «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել եւ ստանում են Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում. 1. Մանուկյան Սուրեն, 2. Մանուկյան...