Տպել
27.09.2017
Տեղի է ունեցել «Միացյալ Թագավորություն եւ Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառումը
1 / 4

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Միացյալ Թագավորություն եւ Հայաստան- խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառումը, որի ընթացքում բանախոսել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ողջունելով Ալան Դանքնին խորհրդարանում, նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ այդ ընթացքում նշանակալի ձեռքբերումներ են արձանագրվել բազմաթիվ ոլորտներում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտությամբ է նշել հայաստանյան բազմաթիվ ծրագրերում Միացյալ Թագավորության կառավարության ներգրավվածությանը եւ բարձր գնահատել այդ երկրի աջակցությունը Հայաստանում ընթացող տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումներին:

Ալան Դանքնը կարեւորել է հանդիպման անցկացումը ՀՀ Ազգային ժողովում՝ նշելով, որ այս շենքը խորհրդանշում է Հայաստանի անցումը միակուսակցական պետությունից բազմակուսակցական պետության: Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Թագավորության եւ Հայաստանի խորհրդարանները կգտնեն համագործակցության ընդհանուր եզրեր: Նախարարը կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու Հայաստանի որոշումը՝ համարելով այն նշանակալի քայլ ժողովրդավարական գործընթացում:

Ալան Դանքնը հանգամանալից ներկայացրել է Միացյալ Թագավորության խորհրդարանական կառավարման պատմությունը եւ այդ ճանապարհին հանդիպած խոչընդոտներն հաղթահարելու փորձառությունը: Նախարարն անդրադարձել է ՄԹ Համայնքների պալատի կառուցվածքին եւ կազմին, որի մեկ երրորդը կանայք են, զգալի թիվ են կազմում էթնիկ փոքրամասնությունները եւ հաշմանդամները: Պարոն Դանքնն ուրախությամբ նշել է, որ ՄԹ կառավարությունը ֆինանսավորում է ՀՀ Ազգային ժողովում իրականացվող ծրագիրը, որը կբարելավի խորհրդարանական զսպանակներն ու հակակշիռները՝ նպաստելով կառավարության գործունեության վերահսկողությանը, հասարակության հետ համագործակցության ակտիվացմանը:

Նախարարի խոսքով՝ Միացյալ Թագավորությունն օժանդակում է Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելու ծրագրերի լայն շրջանակ՝ դատաիրավական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ոլորտներում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ալան Դանքնը նշել է, որ Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ խաղաղ լուծում տալու երկարատեւ հակամարտությանը: Նախարարի խոսքով՝ քաջություն կպահանջվի տեւական խաղաղություն հաստատելու համար:

Միջոցառման ավարտին բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներին եւ գործիքներին, ԼՂ հակամարտությանը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի շուրջ ծավալված միջազգային կոռուպցիոն սկանդալին:



27.09.2017
Նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Սեպտեմբերի 27-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկու համաձայնագրերի, որոնք կընդգրկվեն ԱԺ աշնանային նստաշրջանի օ...

27.09.2017
Քննարկվել են Հայաստանի առողջապահության համակարգի քաղաքականության առաջնահերթությունները
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի հետ: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Ջեմմա Բաղդասարյանը, Մարինա Մարգարյանը եւ Հակոբ Նազարյանը: Քննարկվել է «Հոգ...

27.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի եւ այդ հա...

27.09.2017
«Հովսեփ Օրբելին քաղաքակրթության հաղթանակի խորհրդանիշերից է` ընդդեմ ֆաշիզմի». Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում մասնակցել է իր նախաձեռնությամբ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմակերպված՝ աշխարհահռչակ արեւելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, մեր հայրենակից...