Տպել
14.09.2017
«Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են». Էդուարդ Շարմազանով
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ:

Մինչ փոխնախագահի հետ հանդիպումը, ուսանողները ներկա էին եղել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Ողջունելով ուսանողներին ՀՀ Ազգային ժողովում` Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին, որից հետո պատասխանել ուսանողների հարցերին:

Հարցերն առնչվել են տարբեր ոլորտների եւ խնդիրների` սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձեւի փոփոխման նպատակահարմարություն, ԼՂ հիմնահարցի կարգավորում, արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներ եւ այլն:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ մեր կարծիքը հստակ է եւ անբեկանելի, մենք պետք է հասնենք 1988 թվականին Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում մեր ժողովրդի պահանջի իրականացմանը. այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացում: Սա արժանապատվության պայքար է, սա սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու եւ որոշելու պայքար է եւ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Մենք այնտեղ ունենք քսանվեցամյա անկախ պետություն` իր ընտրված նախագահով, խորհրդարանով, ընդդիմությամբ ու իշխանությամբ, քաղաքացիական հասարակությամբ եւ 150.000 հերոս բնակչությամբ, ովքեր ընտրել են արժանապատիվ ապրելու ճանապարհը: Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես Արցախի Հանրապետության երաշխավոր, ջանք չի խնայելու, որպեսզի մենք հասնենք հարցի խաղաղ հանգուցալուծմանը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, խոսելով նաեւ ազգային եւ հոգեւոր արժեքների կարեւորությունից՝ նշել է. «Մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային եւ քրիստոնեական արժեքները, միայն ազգային ավանդական եւ քրիստոնեական արժեքների վրա խարսխված Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել ուժեղ երկիր: Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են»:

Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, հյուրերը լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...