Տպել
12.09.2017
Շարունակվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
1 / 7

Շարունակվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ու միջազգային համաձայնագրերը:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել ՀՀ կառավարության հեղինակած «Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահան Հարությունյանը:

Փաթեթի, ինչպես նաեւ ճարտարապետական գործունեության, քաղաքի ճարտարապետական դիմագծի, ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները: Հակոբ Հակոբյանը հարց է բարձրացրել, թե արդյոք փաթեթն ի զորու է լուծելու այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Արարատ Միրզոյանը խոսել է նախագծերում առկա թերություններից, կարեւորել դրանց հստակեցումն ու բովանդակության որոշ հատվածների վերանայումը: Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ փաթեթում առկա կարգավորումների մի մասն ընդունելի է, սակայն անորոշ է, թե ինչ կարգավիճակ է տրվում ճարտարապետների միությանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում նշել է, որ փաթեթը բազմիցս քննարկվել է, սակայն, ըստ նրա՝ խնդրահարույց դրույթներ փաթեթում դեռեւս կան: Հրայր Թովմասյանը կարեւորել է փաթեթի քննարկումը, անդրադարձել ճարտարապետներին տրվելիք արտոնագրի գործընթացին, կարեւորել դրա արդյունավետ կազմակերպումը:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Նարեկ Սարգսյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին եւ հարցերին, տվել պարզաբանումներ:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված փոփոխությունները պայմանավորված են Հ սահմանադրական բարեփոխումներով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա կարեւորել է նախագծի ընդունումը եւ գործընկերներին հորդորել կողմ քվեարկել:

Նիստին ՀՀ ԱԺ պատգամավորները ողջունել են Իսրայելի Պետության Կնեսետի պաշտոնական պատվիրակությանը՝ Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձել է եվրոպական տարբեր երկրներում ապաստան ստացող ՀՀ քաղաքացիների խնդրին:

Առաջարկվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համայնքի բյուջե վճարվող հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել Վաչե Տերտերյանը: Առաջարկվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համայնքի բյուջե վճարվող հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա: Օրենքի ընդունմամբ ակնկալվում է վերացնել օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ կատարելու համար ստեղծված խոչընդոտները, ինչպես նաեւ ապահովել համայնքների բյուջեների մուտքերը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվող «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել Վաչե Տերտերյանը: Նախագծով առաջարկվում է Երեւան համայնքի կարգավիճակի խմբագրում, ավագանու պաշտոնավարման ժամկետի փոփոխություն՝ 5 տարի, ավագանու անդամի հրաժարական տալու ընթացակարգի սահմանում: Նախագծով գործող օրենքի կամավոր բոլոր լիազորությունները ճանաչվում են ուժը կորցրած, նախատեսվում է կառավարության կողմից Երեւանի քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավունքի դադարեցում, օրենքի որոշ դրույթների հստակեցում, կրկնությունների բացառում: Նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորումների կատարումն ու օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ նախագծին առնչվող խնդիրները պայմանավորվածության համաձայն առաջիկայում կքննարկվեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանձնաժողովն օրենքի նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Նիկոլ Փաշինյանը, Լենա Նազարյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արտակ Զեյնալյանը մասնավորապես անդրադարձել են Երեւանի ավագանու խմբակցությանը հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից զրկելուն վերաբերող դրույթին եւ ներկայացրել իրենց մտահոգությունները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բոլոր առաջարկները կքննարկվեն:

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացում է նախատեսում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով օրենքը համապատասխանեցվում է նոր Սահմանադրությանը: Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերեն: Դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցել ծառայողական համազգեստով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ռազմականացված մարմիններում ծառայողների՝ հավաքներին մասնակցելիս քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերելու մասով նշել է, որ քաղաքական բնույթի հավաքի մասնակցելիս նրանց քաղաքական չեզոքության խնդիրը կասկածի տակ կդրվի, սակայն բնապահպանական հավաքի մասնակցելու հարցում չկա որեւէ արգելք: Պարոն Թովմասյանի խոսքով՝ ծառայողական համազգեստով հավաքին մասնակցելը չեզոքության խնդիր կարող է առաջացնել. ծառայողն այդ հավաքին մասնակցում է որպես քաղաքացի:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը նշել է, որ նախագիծը համապատասխանեցվում է ՀՀ Սահմանադրության դրույթներին, այն կվերաձեւակերպվի, լուրջ փոփոխության կենթարկվի նախագծի նաեւ առաջին հոդվածը:

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 41-րդ հոդվածը: Հոդվածի համաձայն՝ պետությունն ապահովում է քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը: Սակայն քննչական կոմիտեի աշխատակիցը պետծառայող է եւ որպես սոցիալական փաթեթի շահառուի՝ պետությունը նրա հետազոտումը եւ բուժումն իրականացնում է անվճար: Այդ իսկ պատճառով օրենքի 41-րդ հոդվածը դառնում է անիմաստ:

Հաջորդիվ խորհրդարանի ուշադրությանն են ներկայացվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը փաստել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում է հարեւանային իրավահարաբերությունները կարգավորող հատվածը, եւ այդ բացթողման մասին խոսում է նաեւ դատական պրակտիկան:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հարակից զեկույցում օրինակներ է բերել դատական պրակտիկայից եւ նշել, որ իր առաջարկություններն է ներկայացրել, որոնք ընդգրկվել են նախագծում՝ հստակություն մտցնելով այնտեղ: Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ ժամանակ առ ժամանակ օրենսդրությունը կատարելագործելու անհրաժեշտություն է ծագում, եւ դա օրինաչափ ու տրամաբանական է: Արփինե Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հարեւանային իրավահարաբերություններում առկա անորոշությունը եւ դատական վեճերը կնվազեն:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է նախագծի դրական կողմերը եւ կարեւորել քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ ավելորդ իրավակարգ կարգավորում է տրվում հարեւանային հարաբերություններին եւ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում կավելանան դատական վեճերը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն իր խոսքում նշել է, որ հնարավոր չէ հաշվարկել, թե որքան վեճեր կան ոլորտում, երբ չկա սուբյեկտիվ իրավունքը. այս իրավունքի իրացման դաշտը մեծ է:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հորդորել է գործընկերներին չընկնել ծայրահեղությունների գիրկը, քանի որ նախագծով կարգավորվում են հարեւան հողամասերին առնչվող իրավահարաբերությունները, ոչ թե հարեւանային հարաբերությունները: Չափանիշներըը սահմանված են, եւ նորմատիվ չափերի ու դրանց գերազանցմանն առնչվող հարցերն օրինագծում հստակեցվել են:

«Վարչարարության հիմունքերի եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող նախագծով հստակեցվում է, թե ով կարող է իրականացնել վարչարարություն, ընդունել վարչական ակտ:

Հարակից զեկույցում Հրայր Թովմասյանը նշել է, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքերի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կհստակեցվի եւ առավել արդյունավետ կդարձվի էլեկտրոնային ծանուցումների համակարգը եւ դրանց կատարման ժամանակ գործողությունների հաջորդականությունը: Կնախատեսվեն նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են համաձայնությամբ նախատեսված ծանուցումներին, ծանուցման մեջ նշված գործողությամբ նախատեսված գույքային պահանջի առավել նվազ կարեւոր լինելու դեպքում? ծանուցման առավել պարզեցված ընթացակարգին, ինչպես նաեւ ծանուցման մեջ նշված գործողության ամբողջությամբ կամ մասնակի կատարմամբ պատշաճ ծանուցվելուն: Հրապարակային ծանուցման բովանդակության սահմանափակմամբ կապահովվի անձի անձնական տվյալների պաշտպանությունը: Գործնականում առաջնահերթություն կտրվի պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցման առավել արագ եւ մատչելի եղանակին, կապահովվի անձի? իր գույքն արգելանքի դրված լինելու մասին առավելագույնս արագ տեղեկացումը: Հարցի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 13-ին:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 124-րդ հոդված համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

ՀՀ Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 13-ին:



12.09.2017
Իսրայելի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի, խմբի անդամներ Միքայել Մելքումյանի, Գագիկ Մելիքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ սեպտ...

12.09.2017
Գրքի շնորհանդես ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հեղինակած «Ծովային ելքի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում 1919-1920թթ» գիտական մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Է...

12.09.2017
Հանդիպել են Հայաստանի եւ Իսրայելի խորհրդարանական բարեկամական խմբերի անդամները
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը, խմբի անդամներ Միքայել Մելքումյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Սուրեն Մանուկյանը հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիր...