Տպել
12.09.2017
Գրքի շնորհանդես ՀՀ Ազգային ժողովում
1 / 8

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հեղինակած «Ծովային ելքի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում 1919-1920թթ» գիտական մենագրության շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, դասախոսներ, լրագրողներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Գրքում համակողմանիորեն ներկայացվել է Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքական գերակայություններից մեկի՝ ծովային ելքի հիմնահարցը: Նշված խնդրի հետ կապված՝ գիտականորեն լուսաբանվել են Վրաստանի, Հունաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի առնչությունները, քննվել եւ վեր են հանվել Կիլիկիայով, Տրապիզոնով, Լազիստանով կամ Բաթումիով ծովային ելք ձեռք բերելու՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը եւ դրա ձախողման պատճառները:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Շիրակ Թորոսյանին գրքի հրատարակման առթիվ. «Այս աշխատությունը գիտական հարուստ նյութ է պարունակում եւ շատ կարեւոր է մեր՝ քաղաքական գործիչներիս համար»: Պարոն Շարմազանովը նշել է նաեւ, որ մենագրությունը կարեւոր նյութ կհանդիսանա պառլամենտական տարբեր խորհրդաժողովներում մասնակիցների համար:

Գիտական մենագրության հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, նշել է, որ ուսումնասիրությունը բացահայտում է այն բացերը, թերություններն ու ձախողումները, որոնք առկա են եղել Առաջին հանրապետության ժամանակ, ինչպես նաեւ ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնք դառնում են լուրջ պատգամներ, դասեր այսօրվա քաղաքականության համար:

Շիրակ Թորոսյանը կարծում է, որ մենագրությունը օգտակար կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվողների, դիվանագետների, քաղաքագետների, ինչպես նաեւ գիտահանրամատչելի գրականության սիրահարների համար: