Տպել
04.09.2017
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ սեպտեմբերի 4-ի նիստում քննարկել է «ՀՀ կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Համաձայնագրի նպատակն է սահմանել ՄՔՄՄԿ-ի եւ նրա անձնակազմի կարգավիճակը, արտոնություններն ու անձեռնմխելիությունը Հայաստանի Հանրապետությունում: ՄՔՄՄԿ-ն իրավունք ունի հիմնելու իր ներկայացուցչությունը Հայաստանում եւ աշխատանքի ընդունելու իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ անձնակազմ` կազմված տեղացի եւ արտասահմանցի մասնագետներից:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարակից զեկույցում նշել է, որ կենտրոնին կարգավիճակ տալը վիզաների ազատականացման գործընթացի կարեւոր փուլերից է: Նաիրա Զոհրաբյանն արդյունավետ է համարել կենտրոնի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը:

«ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա կարեւորել է համաձայնագիրը վիզաների ազատականացման գործընթացի իրականացման ճանապարհին: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հանձնաժողովը որոշել է դրական եզրակացություն տալ քննարկված օրենքների նախագծերին եւ առաջարկել դրանք ընդգրկել առաջիկա հերթական նիստերի օրակարգ:


04.09.2017
«Արցախի հաղթանակները համայն հայության հաղթանակներն են». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ պատգամավորները` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելել են Արցախի Հանրապետություն: ՀՀ ԱԺ պատվիրակությանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի նախագ...