Տպել
24.08.2017
Թուրքմենստանի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
1 / 7

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն օգոստոսի 24-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով եւ հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է այս այցի կարեւորությունը հատկապես Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը կխթանի հայ-թուրքմենական հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Արա Բաբլոյանը, կարեւորելով միջխորհրդարանական շփումների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքմենստանի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ առկա համագործակցությանը եւ կապերի առավել ակտվացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կառույցներում բազմիցս աջակցել է բարեկամ Թուրքմենստանի նախաձեռնությունները եւ ակնկալում է հավասարակշռված վերաբերմունք իր համար սկզբունքային հարցերի շուրջ:

Արա Բաբլոյանը հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերն սերտացնելու նպատակով Թուրքմենստանի խորհրդարանի նախագահին հրավիրել է Հայաստան:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ բազմակողմանի կապերի զարգացմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեծ են համագործակցության հնարավորություններն առեւտրատնտեսական ոլորտում, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ առողջապահության բնագավառներում:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը եւ կարեւորել միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների միջեւ:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր բնագավառներում եւ փաստել, որ առաջիկայում Թուրքմենստանը եւ Հայաստանը նախատեսում են լայնածավալ ծրագրերի համատեղ իրականացում:

Թուքմենստանի նախագահը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել իր երկրի խորհրդարանի ղեկավարի ողջույնները եւ Թուրքմենստան այցելելու հրավերը:

Հանդիպման ավարտին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում: