Տպել
17.07.2017
Արա Բաբլոյանին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը
1 / 7

Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Հայաստանը մեզ համար ռազմավարական եւ հուսալի գործընկեր է»,-նշել է Վյաչեսլավ Վոլոդինը: ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները գնալով ավելի կամրապնդվեն եւ կխորանան:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության ամրապնդման մասին, մասնավորապես նշել է. «Այս տարին հայ-ռուսական դարավոր հարաբերություններում հոբելյանական է, քանի որ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը»:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Այս տարվա հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը ձեռնարկեց հերթական սադրանքը. 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի ռազմական ուժերը կիրառեցին համազարկային կրակի համակարգեր: Ադրբեջանը, կրակակետերը տեղակայելով բնակավայրերի մերձակայքում, իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան: Այդպիսի սադրանքներից, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված բազմաթիվ մարդկային կորուստներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը հավատարիմ մնար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի 2016 թվականի գագաթնաժողովներում ընդունված պայմանավորվածություններին»:

Արա Բաբլոյանը, խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին, նշել է, որ վերջերս ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է վերանայել այդ մոտեցումը:

Ի պատասխան ՀՀ խորհրդարանի ղեկավարի բարձրացրած խնդրի՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի, աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Հաշվի առնելով, որ օրենքն արդեն ընդունված է՝ իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ՀՀ-ում ռուսերենն օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ:

Հակադարձելով այս առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:

Քննարկումների արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ռուսական կողմը բաց է քննարկումների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում անդրադառնալ այդ հարցին՝ գտնելով հնարավոր այլընտրանքային լուծումներ:

Կողմերը քննարկել են նաեւ միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել աշխատանքային նոր ձեւաչափերի ներդրման պայմանավորվածություններ:


03.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերթինին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին,  Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հան...

03.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 ...

03.05.2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյ...

03.05.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեությ...

03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...