National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.7.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.07.2017
Շարունակվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 8

Հուլիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է նախորդ օրը հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Խորհրդարանն ավարտել է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը, որն այնուհետեւ ընդունվել է 52 կողմ, 23 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

Խորհրդարանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ներկայացմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը /գնաճի հաշվետվություն/: Նա նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկը հաշվետու տարում իր դրամավարկային քաղաքականության արդյունքում իրականացրել է իր առջեւ դրված նպատակները եւ ապահովել է մակրոտնտեսական եւ գների կայունությունը, նվազեցրել է գնաճային սպասումները եւ նախադրյալներ է ստեղծել ներքին պահանջարկի եւ գնաճի վերականգնման համար:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության եզրակացությունը՝ նշելով, որ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը 2016-ին եղել է ճկուն եւ համահունչ է արձագանքել տնտեսական զարգացումներին, ապահովել է մակրոտնտեսական կայունությունը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հաշվետվության վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այնուհետեւ պատգամավորների քննարկմանն է առաջարկել «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը»: Անդրադառնալով 2017 թվականի կանխատեսումներին եւ դրամավարկային քաղաքականության ուղղություններին՝ նա նշել է, որ 2017 թվականին ակնկալվում է տնտեսության աճի տեմպերի արագացում, ինչը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության մի շարք ծրագրերի արդյունավետ կիրառմամբ, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավմամբ եւ այլն: Պարոն Ջավադյանը նաեւ ներկայացրել է այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են գների կայունության պահպանմանն ու գնաճի զսպմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հարակից ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության եզրակացությունն ու նկատառումները ԿԲ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ՝ նշելով, որ 2017 թվականի ԿԲ դրամավարկային քաղաքականության նոր ծրագիրն ամբողջովին համահունչ է կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրին: ՀՀ կառավարության կանխատեսմամբ՝ Կենտրոնական բանկը, օգտագործելով իր գործիքակազմը, կարող է գնաճը ետ բերել թիրախային միջակայք՝ +-4տոկոս:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ եւ՛ տնտեսական աճի, եւ՛ գնաճի առումով առավել առաջանցիկ զարգացում է ապահովվում. դա վերաբերում է եւ՛ արտահանման կարողությունների ավելի լիարժեք օգտագործմանը, եւ՛ տնտեսական ոլորտում աշխուժացմանը, եւ՛ տնտեսության ակտիվացմանն ուղղված կառավարության նպաստավոր քայլերին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը մի քանի կարեւորագույն հարցադրումների է անդրադարձել: Նա խոսել է դրամավարկային քաղաքականության հետեւանքով դրամային տատանումների` գործարարության ոլորտի վրա ունեցած ազդեցության եւ ցնցումների մասին: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է գյուղացիական տնտեսություններին ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը: Խոսելով վարկային քաղաքականության մասին՝ նա փորձել է պարզել, թե տնտեսության համակարգի վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել վարկային միջոցների տրամադրումը եւ այս հարցում ինչպիսի՞ն է ԿԲ գնահատականը: Այս համատեքստում Միքայել Մելքումյանը կարեւորել է վարկային միջոցների օգտագործման թափանցիկության մեխանիզմների ստեղծումը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է հնչեցված մտահոգություններին եւ պարզաբանումներ է ներկայացրել: Նա ընդգծել է, որ ԿԲ հավասարակշիռ, թափանցիկ, անաչառ եւ պրոֆեսիոնալ քաղաքականության շնորհիվ մեր երկիրը տարածաշրջանում, ԱՊՀ պետությունների, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրների շարքում ֆինանսական կայունության առումով առաջատար է: Մակրոտնտեսական կայունության առումով եւս վերջին 15 տարիների ընթացքում միջին գնաճը գտնվել է միջինացված 3 տոկոսի սահմաններում:

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ներկայացրել է ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվությունը: Նա մանրամասն ներկայացրել է հաշվետու տարվա վերահսկողության արդյունքները եւ հիմնական եզրահանգումները: Լեւոն Յոլյանը կարծիք է հայտնել, որ պալատի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար նոր Սահմանադրությունն ավելի անաչառ ու լավ հնարավորություններ է ստեղծում: ՎՊ նախագահի կարծիքով՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող Հաշվեքննիչ պալատը կառուցողական եւ նշանակալի դերակատարում պետք է ունենա հանրային ռեսուրսների կառավարման գործում: Նշվել է, որ պալատը վերահսկողական աշխատանքների որակական ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ եւս քայլեր է իրականացնելու: ՎՊ նախագահը հույս է հայտնել, որ Ազգային ժողովի, կառավարության եւ պատասխանատու մարմինների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում Հաշվեքննիչ պալատն արդյունավետ կլուծի իր առջեւ դրված խնդիրները:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Նիկոյանը հարակից զեկույցում ընդգծել է, որ ՎՊ-ի արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված մեր երկրում հանրային ֆինանսների նպատակային եւ արդյունավետ օգտագործումը: Պատգամավորը կարեւորել է ՎՊ-ի կողմից առաջարկների ներկայացումը խորհրդարանին եւ կառավարությանը՝ խնդիրները կարգավորելու համար: Նա խորհրդարանական վերահսկողության լիարժեք իրականացման համատեքստում անդրադարձել է Ազգային ժողով-Վերահսկիչ պալատ արդյունավետ համագործակցությանը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկման է ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում գործել են 95 հեռուստաընկերություն, որից 40-ը՝ վերգետնյա եթերային, 55-ը՝ կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող եւ 18 ռադիոընկերություն: Հանձնաժողովը 2016 թվականին տրամադրել է հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման 7 լիցենզիա, որից 3-ը` Երեւան քաղաքի եւ մեկ կամ մի քանի մարզերի, եւ 4-ը` մեկ մարզի տարածքում սփռման համար Հաշվետու ժամանակահատվածում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումներ չեն մերժվել: Հանրապետությունում գործել են 18 ռադիոընկերություն, որից 3-ը` Երեւան քաղաքի եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերի, 12-ը` Երեւան քաղաքի, 3-ը` մեկ մարզի տարածքում: Հանձնաժողովը գումարել է 28 նիստ, ընդունել է 78 անհատական որոշում: Հանձնաժողովը մասնակցել է նաեւ Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովին, Եվրոպայի խորհրդի եւ Չեխիայի հանրային հեռուստատեսության համագործակցությամբ Պրահա քաղաքում կազմակերպված կոնֆերանսին: Հանձնաժողովը համագործակցել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ:

Հաղորդման վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Ռուզաննա Մուրադյանն իր կարծիքն է հայտնել հեռուստահաղորդումների բովանդակության, գովազդների վերաբերյալ, ուշադրություն հրավիրել կաբելային հեռուստաընկերությունների միջոցով կրթական հաղորդումների հեռարձակման անհրաժեշտության վրա, կարեւորել նման հեռուստաընկերությունների հիմնումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հեռուստառադիոընկերությունների գործունեությանը եւ կարեւորել հեռուստառադիոհաղորդումների միջոցով հանրության կրթական ցենզի բարձրացմանն ուղղված միջոցառումներն ու այդ հարցի շուրջ հանրության համախմբումը: Ըստ նրա՝ այդ խնդրի լուծումը պետք է տան հեռուստառադիոընկերությունները՝ իրենց բարձրորակ ծրագրերի միջոցով: Արմեն Աշոտյանը եւս անդրադրաձել է հանրության կրթական ցենզի բարձրացման հարցին եւ նշել, որ այսօր աշխարհում նվազել է հեռուստատեսության՝ հանրության վրա ազդեցության տեսակարար կշիռը՝ իր տեղը զիջելով համացանցին: Գեւորգ Պետրոսյանը խոսել է էրոտիկ բնույթի եւ սարսափ տարածող ֆիլմերի հեռարձակման թույլատրված ժամի վերաբերյալ եւ նշել, որ այն խախտվում է գրեթե բոլոր հեռուստաընկերությունների կողմից:

Հարցի կապակցությամբ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ԶԼՄ-ների դաստիարակչական գործունեությանը եւ կարեւորել երիտասարդ սերնդի դաստիարակությունը՝ համահունչ մեզ համար ընդունելի արժեհամակարգին: Պարոն Շարմազանովի կարծիքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսի քաղաքացիներ ենք ուզում ունենալ եւ աշխատել այդ ուղղությամբ, ստեղծել դաստիարակչական բնույթի, մասնավորապես նաեւ՝ քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված հեռուստահաղորդումներ, ցուցադրել բարձրարժեք եւ ճաշակով գործեր, մերօրյա հերոսներին, նրանց կյանքին ու գործունեությանը նվիրված հեռուստառադիոհաղորդումներ: Արման Սաղաթելյանն իր տեսակետներն է ներկայացրել ոլորտի վերաբերյալ եւ նշել, որ վերջին տարիներին ամենօրյա լուրջ աշխատանք է կատարվել եւ կատարվում այստեղ՝ բարելավելու համար հաղորդումների որակն ու հանրության տեղեկատվության ապահովումը: Ըստ նրա՝ հեռարձակվող բազմաթիվ սերիալներ խնդրահարույց են, սակայն այդ մասին անհրաժեշտ է հատկապես հիշել պետական բյուջեն պլանավորելիս: Ֆելիքս Ցոլակյանն իր մտահոգությունն է հայտնել կայքերում երբեմն անհարկի շրջանառվող լուրերի վերաբերյալ եւ նշել, որ շատ դեպքերում անհրաժեշտ է կանգ առնել եւ դադարեցնել լուրի շրջանառությունը:

Եզրափակիչ ելույթում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, տվել պարզաբանումներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացմամբ խորհրդարանն այնուհետեւ քննարկել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին» հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է հաշվետու տարում դատախազության գործունեության վիճակագրական տվյալները՝ ըստ գործունեության առանձին ոլորտների, հանրապետությունում կատարված հանցագործությունների եւ բացահայտված գործերի թիվը, միտումները, հանցատեսակները, խոսել որոշ հանցատեսակների հանրային վտանգավորության մասին: Պարոն Դավթյանը ներկայացրել է նաեւ այն միջոցառումները, որոնք ուղղված են հանցագործությունների կանխմանն ու հանցավորության դեմ պայքարին, արդար դատաքննությունների իրականացմանը, խնդիրների լուծման նպատակով ոլորտում իրականացված եւ իրականացվող միջոցառումներին, դատախազական գործունեության որակի եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմներին, մարդու իրավունքների երաշխավորման, քրեական գործերի քննության որակի բարձրացմանն ուղղված քայլերին եւ այլն: Արթուր Դավթյանն օրենսդիրներին տեղեկացրել է, որ 2016 թվականին հանրապետությունում ընդհանուր առմամբ կատարվել է 18764 տարաբնույթ հանցագործություն, 2015-ին՝ 17043, 2016 թվականին բացահայտվել է հանցագործությունների 78,5 տոկոսը, իսկ 2015 թվականին՝ 75,5 տոկոսը:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները: Արտակ Զեյնալյանը եւ Էդմոն Մարուքյանը խոսել են դատական եւ իրավապահ համակարգերում առկա խնդիրների, արդար դատաքննությունների անհրաժեշտության, ոլորտում կոռուպցիոն որոշ դրսեւորումների մասին:

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին:


07.07.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի կենտրոնի պատվիրակության հետ
Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Գագիկ Մելիքյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահան Հարությունյանը հանդիպել են ՇՄՀԱ նախագահի տեղակալ Յան Ցզյանի գլխավորած Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Ռուսաստանի եւ Կենտրոնական ...

07.07.2017
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը կարող է լինել Հարավային Կովկասում կայունության ապահովման եւս մեկ երաշխիք». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 7-ին ընդունել է Շանհայի միջազգային հետազոտությունների ակադեմիայի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ՀՀ ԱԺ արտաքին ...

07.07.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հուլիսի 7-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ գումարված նիստում քննարկել եւ հաստատել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման գործունեության ընթացքում խորհրդարանական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am