National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
04.07.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
04.07.2017
Խորհրդարանում քննարկվել է Սեւանից ջրառի ավելացմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը
1 / 8

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված էր «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրել է լրացումները՝ նշելով, որ առաջարկվում է Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան չափաքանակը, որն այսօր տարեկան մինչեւ 170 մլն մ3 է, 2017-ի համար սահմանել 270 մլն մ3, ինչը հնարավորություն կտա լուծելու գյուղատնտեսության ոլորտում առկա ոռոգման խնդիրները: Ըստ հիմնավորման՝ լրացուցիչ մինչեւ 100 մլն մ3 ծավալով ջրի բացթողման ավելացումը կհանգեցնի մեխանիկական ջրարտադրությունն ինքնահոսով փոխարինման, ինչի արդյունքում կգրանցվի էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախսի տնտեսում: Բացի այդ՝ լճից լրացուցիչ մինչեւ 100 մլն մ 3 ծավալով ջրի բացթողման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել շուրջ 97 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա: Ըստ նախագծի՝ եղել են տարիներ, երբ լճից 170 մլն մ 3 ծավալով ջրի բացթողման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաեւ խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար հանգեցրել է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորությունների: Զեկուցողի խոսքով՝ ջրի լրացուցիչ բացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենալու, ինչին համամիտ չէին հարցադրումներով հանդես եկող պատգամավորներից շատերը: Հիմնական զեկուցող Արսեն Հարությունյանն ի պատասխան հարցադրումների տեղեկացրել է, որ հանրապետությունում ոռոգման ջրի հետ կապված խնդիրները պայմանավորված են համակարգի մաշվածությամբ, ինչի պատճառով էլ ջրի կորուստը թույլատրելիից խիստ բարձր է եւ հասնում է 55 տոկոսի: Արսեն Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ Սեւանա լճից ջրի բացթողման ծավալներն առաջիկա տարիներին նախատեսվում է մասամբ կրճատել՝ կառուցելով նոր ջրամբարներ եւ հետզհետե անցնելով ոռոգման կաթիլային համակարգի:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արամ Հարությունյանը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Արարատ Զուրաբյանը տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու նախագծին, սակայն կարծում է, որ ոլորտում կան հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: Սամվել Նիկոյանի խոսքով՝ նախագծի ներկայացումը հիմնավորված է, այն պայմանավորված է ոռոգման հետ կապված խնդիրներով եւ միտված է լուծելու գյուղացիական տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները: ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարեւորել է Սեւանա լճի էկոհամակարգի պահպանումն ու գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու հարցը՝ նշելով, որ չի կարելի այս երկու հարցերը հակադրել: Պարոն Մելքումյանն անդրադարձել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրման հարցին եւ հետաքրքրվել, թե ինչ արդյունք է ստանալու դրանից պետական բյուջեն: Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի խնդիր կա, ուստի Սեւանա լճից ջուր բաց թողնելն անհրաժեշտ է: Պատգամավորը ներկայացրել է Սեւանա լճից բաց թողնվող ջրի նպատակային օգտագործման եւ քիչ ջուր թողնելու նպատակով պետության կողմից իրականացված քայլերը: Արտակ Զեյնալյանը կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունը հակասում է միջազգային կոնվենցիաներին, խնդրի վերաբերյալ հանրային քննարկումներ չեն կազմակերպվել: Արաիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է փորձել արդիականացնել համակարգը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ կորուստները նվազագույնի հասցնելու համար: Պատգամավորը կարեւորել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ շարունակական աշխատանքը, վերահսկողական մեխանիզմների արդյունավետ օգտագործումը: Լենա Նազարյանի խոսքով՝ նախագիծը կոռուպցիայի, հանրային ռեսուրսների վատնման եւ անպատասխանատու կառավարման օրինակ է: Արման Սաղաթելյանը նշել է, որ նմանատիպ հարցերի շուրջ եւ՛ փորձագիտական քննարկումները, եւ՛ հանրությանը փաստարկների ներկայացումը պետք է լինի առավել արդյունավետ՝ կարեւորելով հասարակական հատվածի հետ կառավարության փոխգործակցությունը: Պատգամավորի համոզմամբ՝ նախագծի չընդունումն ավելի վատ հետեւանքներ կունենա: Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով նախագծի վիճահարույց կետերին, ընդգծել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող շուրջ 130.000 քաղաքացիների ընտանիքներին է առնչվում նախագիծը, ուստի ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու: Արմենուհի Կյուրեղյանը խոսել է Սեւանա լճից ջրի բացթողումը նախատեսվածից ավելի օգտագործելու մասին՝ նշելով, որ նախագծի դրույթն այս մասով հստակեցման կարիք ունի: Մանե Թանդիլյանը խոսել է ոռոգման համակարգերի զարգացման, այլընտրանքային ոռոգման հնարավորությունների օգտագործման մասին, անդրադարձել լճի էկոհամակարգի պահպանման խնդիրներին: Վարդան Բոստանջյանը գործընկերներին առաջարկել է հողօգտագործողներին օժանդակելու համար կողմ քվեարկել: Վարդեւան Գրիգորյանի գնահատմամբ՝ հասարակությանն իրազեկելու լուրջ խնդիր կա: Խոսելով Սեւանի էկոհամակարգի վրա ջրի բացթողնման հետեւանքների մասին՝ պարոն Գրիգորյանը տեղեկացրել է, որ ջրօգտագործողների կողմից ստացվել են բազմաթիվ դիմումներ:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Աղվան Վարդանյանը

Խմբակցության քարտուղարը ոլորտի խնդիրների վերհանման եւ լուծման հարցում կարեւորել է հասարակական կազմակերպությունների եւ կառավարության համագործակցությունը: Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ ոռոգման համակարգում կան լրջագույն խնդիրներ, սակայն նաեւ ակնհայտ է, որ վերջին շրջանում ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարն ընդգծել է, որ նախագիծը սոցիալական բնույթ ունի: Նշվել է, որ նախագիծը քննարկվել է խմբակցությունում, բազմաթիվ առաջարկներ են հնչել: Խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ Սեւանա լճի ջրի եւ՛ նվազեցումը, եւ՛ ավելացումը էկոլոգիական ազդեցություն կարող է ունենալ, ինչը, սակայն, համեմատելի չէ սոցիալական այն խնդրի հետ, որը պետք է լուծվի. այն օգնություն է 130.000 գյուղացիական տնտեսություններին: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Արտահերթ ելույթի իր իրավունքից օգտվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը

Նա ներկայացրել է Սեւանա լճի ջրի ծավալը, հարցադրումներով ու առաջարկով դիմել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին: Այնուհետեւ փոխնախագահը ներկայացրել է հանրապետության մի քանի ջրամբարների ջրի ծավալները: Ամփոփելով ելույթը՝ Միքայել Մելքումյանը կարեւորել է գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու խնդիրը եւ առաջարկել այն չհակադրել Սեւանի էկոլոգիական խնդիրներին, իսկ Սեւանի էկոխնդիրներն էլ՝ էներգետիկ համակարգի խնդիրներին:

Արտահերթ ելույթի իր իրավունքից օգտվել է նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է քննարկվող հարցը՝ նշելով դրա հասարակական մեծ հնչեղությունը: Ըստ նրա՝ պատգամավորների տարաբնույթ կարծիքները վեր են հանում պատգամավորների մտահոգությունները Սեւանա լճի, նրա Էկոլոգիական վիճակի, եւ, բնականաբար, գյուղացիների խնդիրների վերաբերյալ: Փոխնախագահը շեշտել է, որ Սեւանի էկոհամակարգն ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները շտապ լուծում են պահանջում: Այստեղ 130.000 գյուղացու խնդիր է:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նախագիծը նախապես լայնորեն չքննարկելու հարցին եւ պարզաբանել, որ դա պայմանավորված է եղել նախընտրական եւ հետընտրական շրջաններով:

Փոխնախագահը կարեւորել է Սեւանի նշանակությունը եւ նշել, որ անհրաժեշտ է հոգալ Սեւանի էկոհամակարգի եւ ջրի մակարդակը բարձրացնելու մասին, սակայն մյուս կողմից էլ, ըստ նրա, եթե սակավաջուր տարի է, պետք է օգտագործել Սեւանի ջուրը: Դրական գնահատելով նախագիծը՝ Էդուարդ Շարմազանովը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել:


Եզրափակիչ ելույթներ են ունեցել հարակից զեկուցող Արամ Հարությունյանը եւ Արսեն Հարությունյանը, ովքեր անդրադարձել են պատգամավորների առաջարկներին եւ մտահոգություններին, տվել պարզաբանումներ: Հիմնական զեկուցող Արսեն Հարությունյանը նշել է, որ արված առաջարկների մի մասն ընդունելի է, իսկ ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, ապա ինքը պատրաստակամ է առաջիկայում նախաձեռնել քննարկումներ, լսել տարբեր կարծիքներ:

Նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվել է 77 կողմ, 3 դեմ ձայներով:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հուլիսի 6-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


04.07.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին: Հանդիպման ընթա...

04.07.2017
Հուլիսի 6-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 6-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  ...

04.07.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչութ...

04.07.2017
«Քաղաքական կոռուպցիան լրջորեն վնասում է միջազգային կազմակերպությունների հեղինակությանը». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է. «Հայ-բուլղարական միջպետական հարա...

04.07.2017
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 3-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված` «Հայա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS