Տպել
04.07.2017
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 3-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը:

Այնուհետեւ հանձնաժողովի նիստում քննարկվել եւ ի գիտություն են ընդունվել ՀՀ Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվությունը, ՀՀ Կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը եւ ՀՀ Կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, հիմնական զեկուցող Արա Նռանյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում Վերահսկիչ պալատի գործունեությունն իրականացվել է ՀՀ Սահմանադրության եւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված Վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագրին համապատասխան: Վերահսկիչ պալատի կողմից ընթացիկ հաշվետվություններում վերահսկողության խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացվել է 120 առաջարկություն:

Հիմնական զեկուցողը նշել է, որ ՎՊ-ի կողմից 2016 թվականին իրականացված վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվություններից 3-ի մասով հարուցվել են քրեական գործեր:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, հիմնական զեկուցող Ներսես Երիցյանը նշել է, որ 2016թ ընթացքում ԿԲ-ն իրականացրել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, որը նպատակաուղղված է եղել առկա գնանկումային միջավայրի մեղմացմանը: Ընդ որում՝ ԿԲ-ի հետեւողականությունը դրամավարկային պայմանների աստիճանական թուլացման հարցում տվել է իր դրական արդյունքները:

Ներսես Երիցյանը տեղեկացրել է նաեւ, որ 2016թ-ի չորրորդ եռամսյակում պահպանվել են տնտեսական ակտիվության աճի դանդաղ տեմպերը` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ճյուղերում թողարկման ծավալների նվազմամբ:

Հանձնաժողովի անդամները հանդես են եկել բազմաթիվ հարցադրումներով, որոնց էլ տրվել են սպառիչ պատասխաններ: