Տպել
30.06.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հունիսի 30-ին հանդիպել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողների հետ, ովքեր պրակտիկա են անցնում խորհրդարանում:

Ողջունելով ուսանողներին խորհրդարանում՝ տիկին Մուրադյանը կարեւորել է ուսանողների հետ հանդիպման այս ձեւաչափը՝ նշելով, որ այսպես հնարավոր է դառնում քննարկել նրանց հուզող հարցերն ու ստանալ պատասխաններ:

Տիկին Մուրադյանն ուսանողներին ներկայացրել է օրենսդիր մարմնի աշխատանքը, խոսել օրենսդրական բարեփոխումների մասին: Այս համատեքստում պատգամավորն անդրադարձել է իր հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենսդրական նախաձեռնությանը, որի շնորհիվ հնարավոր է զարգացնել էկոլոգիական դաստիարակությունը մեր հասարակության շրջանում:

Հանդիպումն այնուհետեւ ընթացել է հարցուպատասխանի շրջանակում, որի ընթացքում քննարկվել են ուսանողներին մտահոգող բազմաբնույթ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին ուսումնառության ժամանակ գործնական աշխատանքի բացակայությանը, աշխատաշուկայի պահանջներին, ուսանողների ինքնագնահատականի բարձրացմանն ու նրանց գիտելիքները ճիշտ տնօրինելու կարողության զարգացմանը:

Ռուզաննա Մուրադյանը հանդիպման ավարտին ուսանողներին հորդորել է նաեւ ինքնակրթվել, փնտրել ուղիներ՝ ինչպես բացահայտել եւ լուծել իրենց առջեւ դրված խնդիրները, ինչպես նաեւ լավ սովորել եւ դառնալ երկրի համար պիտանի մասնագետներ: