Տպել
20.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ցավով անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները եւ կարեւորում այդ չարիքն արմատախիլ անելու պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորումը»:

Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների երկկողմ օրակարգն հետզհետե ընդարձակվում է՝ արձանագրելով հայ-բրիտանական քաղաքական շփումների եւ համագործակցության ակտիվացում:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը, որի շնորհիվ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ կրթական եւ մշակութային ծրագրեր՝ նպաստելով հայ-բրիտանական կապերի ամրապնդմանը:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարությունը զարգացնելու, մարդու իրավունքները պաշտպանելու հստակ ուղղությամբ՝ աշխարհում խաղաղության եւ ժողովրդավարության համար պայքարող քաղաքակիրթ հանրության մասը կազմելով:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել այդ հարցի շուրջ ունեցած Միացյալ Թագավորության դիրքորոշման համար եւ նշել, որ Հայաստանը հաստատակամ է հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Որպես բժիշկ՝ առավել կարեւորում եմ մարդկային կյանքը եւ ցավ եմ ապրում, երբ խաղաղ պայմաններում, հրադադարի ժամանակ երիտասարդներ են զոհվում: Քսանմեկերորդ դարում եւ քաղաքակիրթ աշխարհում սա անընդունելի է»:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ :

Դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի եւ կարող է աջակցել Հայաստանին՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները զարգացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու գործում:

Ջուդիթ Ֆարնուորթը ցավակցություն է հայտնել վերջին օրերին շփման գծում զոհված չորս զինծառայողների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ եւ պատերազմի, եւ հրադադարի պայմաններում այդ երիտասարդների մահն իրոք ցավալի եւ անընդունելի է: Այս համատեքստում տիկին Ֆարնուորթը փաստել է, որ Միացյալ Թագավորությունը  սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումները եւ հակամարտության լուծումը տեսնում բացառապես բանակցային ճանապարհով:

Դեսպանը նշել է, որ երկրները չեն կարող ընտրել իրենց աշխարհագրական դիրքը, բայց կարող են ընտրել ապագան. Հայաստանում տեսանելի են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ուղղությամբ կատարվող քայլերը:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են կառավարման խորհրդարանական համակարգին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերին:



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...