Տպել
09.06.2017
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 8

Հունիսի 9-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ ՀՀ կառավարության հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ ԱԺ փոխնախագահ, օրենսդրական փաթեթի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է առաջին ընթերցման ընթացքում հնչած առաջարկներին եւ կարեւորել խորհրդարանում համագործակցության մթնոլորտը: Նշվել է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածում կատարվել է փոփոխություն՝ հաշվի առնելով ԱԺ ՀՅԴ, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների համանման առաջարկը: Ըստ այդմ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում թեկնածու առաջադրելու մրցութային խորհուրդը կազմված է լինելու Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների եւ Հանրային խորհրդի կողմից նշանակված մեկական անդամից: Տիկին Հովհաննիսյանը նշել է, որ խմբակցությունների առաջադրած ներկայացուցիչը նշանակվելու է համախոհությամբ, իսկ Հանրային խորհրդի կողմից նշանակված անդամը պետք է լինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Նշվել է, որ պատգամավորների մի շարք առաջարկներ հաշվի առնելով՝ կատարվել են այլ փոփոխություններ եւս:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ կարեւոր փոփոխություն է կատարվել «Դատախազության մասին» օրենքում. ՀՀ գլխավոր դատախազության կողմից յուրաքանչյուր տարվա մինչեւ ապրիլի մեկը կայքէջում հրապարակվող հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդումն ըստ քննչական ենթակայության պետք է տեղեկություններ պարունակի նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, ընդ որում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները եւ եզրահանգումները կներկայացվեն առանձին: Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ այս հարցում հստակեցում է մտցվում. դատախազությունը հաղորդումը պետք է տարանջատված ներկայացնի:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ներկայացնելով առաջին ընթերցումից հետո իրականացված փոփոխությունները: Նախատեսվել է հնարավորություն, որպեսզի հանձնաժողովի նախագահ կարողանա նշանակվել նաեւ հանձնաժողովի անդամը: Առաջարկվում է վերացնել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, հանձնաժողովի կազմում կլինեն հանձնաժողովի նախագահը եւ չորս անդամները: Կատարվել են նաեւ տեխնիկական փոփոխություններ:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մեկ առաջարկ է ներկայացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի կողմից, որով առաջարկվում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը հանել մասնավորեցվող ընկերությունների ցանկից: Առաջարկը, սակայն, կառավարությունը չի ընդունել:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջարկներ են ներկայացրել գլխադասային հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը եւ ՀՀԿ խմբակցությունը: Նշվել է, որ Ալագյազ համայնքի հետ միավորվել է Սադունցը, իսկ Թլիկը հանվել է Արագածավանի փնջից՝ հետագայում Հակո, Սորիկ, Կանչ համայնքների հետ միավորելու նպատակով: Մյուս փոփոխությունները վերաբերում են հատկապես Վարդենիս եւ Գեղամասար փնջերին:

Նիստի ավարտին խորհրդարանը քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է քննարկված բոլոր հարցերը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


09.06.2017
«Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը քննարկվել են ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ «Ելք» խմբակցություններում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 9-ին հանդիպել եւ վերոնշյալ նախագծերով նախատեսվող քայլերն է ներկայացրել ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություններին: Հիշեցնենք, ո...

09.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը: ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հ...