National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
07.06.2017
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 9

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կանցկացվի չորս նիստ՝ մեկուկես ժամ տեւողությամբ, յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը՝ կես ժամ:

Խորհրդարանը հաստատել է «2017 թվականի հունիսի 7-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին», «2017 թվականի հունիսի 7-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հարցերի քննարկման տեւողության սահմանման մասին», «2017 թվականի հունիսի 7-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ ԱԺ որոշումների նախագծերը: Ըստ ԱԺ վերջին որոշման՝ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Քննարկվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող օրենսդրական փաթեթ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր եւ ՀՀ կառավարության հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ - հետախուզական գործունեության մասին»,ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» միասնական օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում առաջարկվող մեխանիզմները, որոնցից մեկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն է, որը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլից: Հիմնական զեկուցողը ներկայացրել է հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը, նրա անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, հայտարարագրերի վերլուծության գործընթացի եւ վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները: Սահմանվել են հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, նրա կողմից իրականացվող վերլուծությունն ու վարույթները եւ այլն:

Համահեղինակի խոսքով՝ ոլորտում 3 հիմնական կարգավորումներ են նախատեսվում այս փաթեթով, մասնավորապես՝ ընդլայնվում է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը՝ 500-ից հասնելով 2200-ի: Հստակեցվում է «ընտանիքի կազմ» հասկացությունը: Ըստ այդմ՝ ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք են համարվում պաշտոնատար հայտարարատու անձի ամուսինը, նրա անչափահաս զավակը, խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձինք եւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող ցանկացած անձ: Եվ երրորդ՝ ներմուծվում է նոր՝ շահերի հայտարարագրման ինստիտուտ հասկացությունը: Նշենք, որ վերոնշյալ երեք կարգավորումները նախատեսվում է իրականացնել «Հանրային ծառայության մասին» գործող օրենքով: «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագիծը կարգավորում է ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաեւ ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Ըստ նախագծի՝ ազդարարը ֆիզիկական կամ իրավաբանական այն անձն է, ով սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն տեղեկություններ է հաղորդում կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման, հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ՝ կապված այն պաշտոնատար անձի կամ այն մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ այլ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ ում դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ ով սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով՝ ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ նրա հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ:

Նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել հանցագործության մասին:

Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանին, որոնց տրվել են սպառիչ պարզաբանումներ:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները

Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր մտահոգությունները, կոռուպցիայի դեմ պայքարում հատկապես կարեւորել քաղաքական կամքի առկայությունն ու հանձնաժողովի անդամների անբասիր կենսագրությունը: Նա ընդգծել է հանձնաժողովի նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված լինելու կարեւորությունը: Արմեն Ռուստամյանը կարեւորել է փաթեթի քննարկումն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը, քանի որ, նրա գնահատմամբ՝ հանրության շրջանում առկա է անվստահության բարձր մակարդակ պետական մարմինների նկատմամբ: Նա անհրաժեշտ է համարել կատարել այնպիսի քայլեր, որոնք կմեծացնեն հանրային վստահությունը պետական մարմինների նկատմամբ: Այս համատեքստում նա կողմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի առաջարկին: ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ այսպիսի հանձաժողովների ստեղծման անհրաժեշտությունը տարբեր երկրներում ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ սեփականության ինստիտուտը վաղուց կայացած է եւ ռիսկեր չկան նրանց բաշխման կամ վերաբաշխման: Նա հարց է բարձրացրել, թե արդյոք այսօր իրավապահ մարմինները կատարում են օրենքով իրենց վերապահված գործառույթներն ու պարտավորությունները: Նա կարեւորել եւ առաջնային է գնահատել այն տեսակետը, թե ստեղծվելիք հանձնաժողովի ղեկավարումը պետք է վերապահել ընդդիմության կողմից առաջադրված ներկայացուցչի: Նրա խոսքով՝ այս հարցից է կախված իրենց դիրքորոշումը: Անդրանիկ Կարապետյանը ներկայացրել է իր դիտողությունները, որոնց շարքում առաջնային տեղ է գրավել ազդարարի ներդրվող ինստիտուտի վերաբերյալ դրույթը: Ըստ նրա, ազդարարի վերաբերյալ դրույթի առկայությունն անընդունելի է: Ըստ նրա՝ ազդարարությունը հայի ինքնությանն անհարիր երեւույթ է:Արտակ Զեյնալյանը կարեւորել է փաթեթի մանրամասն քննարկումը եւ կարծիք հայտնել, որ նման հնչեղություն ունեցող օրինագծերն անհրաժեշտ էր քննարկել այլ ընթացակարգով եւ առավել մանրամասն: Նա հետաքրքրվել է, թե արդյոք դատական համակարգում առկա են այնպիսի ռեսուրսներ, որպեսզի քննվեն ավելացող գործերը, ինյչպես նաեւ կարեւորել անձի պատվի եւ արժանապատվության պաշտպանության հարցը: Արտակ Զեյնալյանը ներկայացրել է նաեւ մի շարք դիտողություններ եւ լուծում պահանջող դրույթներ: Նաիրա Զոհրաբյանը երկրի համար գլխավոր մարտահրավեր է համարել կոռուպցիան, ներկայացրել եւ պնդել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի առաջարկը՝ այն է՝ ընդդիմությունը պետք է ունենա ստեղծվելիք հանձնաժողովում թեկնածու առաջադրելու իրավունք: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լսելի դարձնել խորհրդարանական ընդդիմության ձայնը: Գեւորգ Գորգիսյանը եւս ներկայացրել է առաջարկներ, որոնք, նրա կարծիքով, նախագիծը կդարձնեն առավել ընդունելի եւ կբարձրացնեն հանրային վստահությունը դրա նկատմամբ: Պատգամավորը կարեւորել է հանձնաժողովի անդամների ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային բարձր որակների առկայությունը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շեշտել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը եւ նշել, որ այս հարցում պետք է միասնական լինեն ընդդիմության եւ իշխանության ջանքերը, քանի որ կոռուպցիան ախտ է, որի դեմ պետք է միավորվեն բոլոր սրտացավ քաղաքացիները: Անդրադառնալով որոշ գործընկերների հնչեցրած գնահատականներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առկա են թե իշխանության քաղաքական կամքը, թե օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պետք է շարունակական լինեն: Փոխնախագահը նաեւ վստահեցրել է, որ իշխանությունները պատրաստ են լսելու ընդդիմության տեսակետները եւ առաջարկները: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է ուղիներ որոնել եւ հնարավորություն տալ ընդդիմությանը՝ մասնակցելու հանձնաժողովի խորհրդի աշխատանքներին:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

«Հարգելի գործընկերներ,

նախ շնորհակալ եմ շահագրգիռ քննարկումների եւ արտահայտած բազմաթիվ տեսակետների համար: Իմ խորին համոզմամբ՝ այն մտքերը եւ առաջարկները, որոնք հնչում են եւ դեռ կհնչեն այս դահլիճում, կօգնեն հեղինակներին եւ Ազգային ժողովին՝ էլ ավելի բարելավելու ներկայացված օրինագծերը եւ գալ-հասնել հիմնական նպատակին՝ նվազեցնելու եւ ինչու չէ՝ վերջիվերջո նույնիսկ վերացնելու կոռուպցիան:

Ներկայացված օրինագծերը կենսական նշանակություն ունեն մեր պետության համար, որովհետեւ կոռուպցիան, որպես երեւույթ, ուղղակի սպառնում է մեր պետականությանը: Այն սպառնալիք է երկրի անվտանգության համար, քանզի ազդում է գործարար միջավայրի վրա, վնասում է պետության կենսագործունեությանը, թուլացնում քաղաքացիների վստահությունն իշխանության հանդեպ, վտանգում երկրի հեղինակությունը: Հետեւաբար, օրենքով թույլատրված բոլոր ճանապարհներով, մեխանիզմներով եւ լծակներով պայքարելով կոռուպցիայի դեմ` մենք ձգտում ենք ամրապնդել երկրի սոցիալական, տնտեսական, քաղաքական, ինչպես նաեւ քաղաքացու անհատական անվտանգությունը:

Մեր գերագույն խնդիրն է՝ ապահովել մեր ներքին եւ արտաքին անվտանգությունը:

Հարգելի բարեկամներ, սահմանին կանգնած մեր զինվորը, պաշտպանելով մեր անվտանգությունն արտաքին թշնամուց, պիտի վստահ լինի, որ նույնպիսի անհաշտ պայքար ենք վարում մենք ներքին անվտանգությանը սպառնացող թշնամու` կոռուպցիայի դեմ: Միանշանակ, այսօր մեր բոլորի տեսակետն այս հարցում նույնն է: Ես համաձայն եմ իմ մի շարք գործընկերների հետ, որոնք իրենց առաջարկներում պնդում են, որ մենք պետք է ներգրավենք պետական ու հասարակական կառույցները, պետք է միավորենք քաղաքական ուժերը եւ քաղաքացիական հասարակությանը, պետք է կարողանանք քաղաքացու եւ պաշտոնյայի միասնական մոտեցում ունենանք, տեսնենք թափանցիկ, արդարամիտ պայքար եւ հասնենք համապատասխան արդյունքի: Կցանկանայի նշել, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» այս օրենքի նախագիծն առաջարկում է որոշակի լուծումներ, որոնք իրապես միտված են կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը, կանխարգելմանը, դրա դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն: Նախատեսվում է, այո, նոր մարմնի ստեղծում. քննարկումների ընթացքում մենք կգանք որոշակի եզրակացությունների, բայց ի սկզբանե մենք տեսնում ենք, որ դա անկախ, ինքնավար, կոլեգիալ մարմին է, որի անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից:

Հարգելի գործընկերներ, գիտեք, դեռ 1 ամիս էլ չի անցել հանրապետության Նախագահի` այս դահլիճում ունեցած ելույթից, որտեղ մեր երկրի ղեկավարը, խոսելով ձեռքբերումներից, միեւնույն ժամանակ կոչ արեց կատարելագործել հակակոռուպցիոն համակարգը: Առավել քան վստահ եմ, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի ընդունումը եւ դրա հիման վրա հանձնաժողովի ստեղծումն առանցքային նշանակություն կունենան Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի զարգացման, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացվող աշխատանքների խթանման համար:

Ավարտելով խոսքս՝ դիմում եմ բոլորին՝ եւ քաղաքական մեծամասնությանը, եւ քաղաքական ընդդիմությանը. գտնենք լավագույն ուղիները, աջակցենք օրենքների նախագծերին եւ կողմ քվեարկենք խելամիտ առաջարկներին»:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով այսօր Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը: Նա նշել է, որ ահաբեկչական երկու գործողություն է իրականացվել, որի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Պարոն Շարմազանովը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ անձամբ իր անունից դատապարտել է ահաբեկչական այդ գործողությունները՝ համերաշխություն հայտնելով Իրանի բարեկամ ժողովրդին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ահաբեկչությունն ազգություն ու կրոն չի ճանաչում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ իրենց համերաշխությունն են հայտնել Իրանի ժողովրդին:

Այնուհետեւ իրենց ելույթներն են շարունակել ԱԺ պատգամավորները

Մանե Թանդիլյանը կարեւորել է յուրաքանչյուր անձի մասնակցությունն ազդարարման համակարգի կայացման գործում՝ նշելով, որ հանրությունը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Պատգամավորը հույս է հայտնել, որ հանրությունը պատշաճ կիրազեկվի այդ համակարգի հնարավորությունների մասին: Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում գրավոր առաջարկներ կներկայացնի: Նա կարեւորել է ընդդիմադիր խմբակցությունների ներգրավվումը հանձնաժողովի կազմում: Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ամենալավ կառույցն անգամ, եթե չունենա հանրային վստահություն, կձախողվի: Հանձնաժողովի ձեւավորման կարգից խոսելով՝ նա եւս կարեւորել է ընդդիմադիր ուժերի ներգրավվումը հանձնաժողովում: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին՝ պատգամավորը կարեւորել է մենաշնորհների ու հովանավորչության դեմ պայքարը: Գեւորգ Պետրոսյանն անհասկանալի է համարում, թե ինչու այս մարմնի գործունեության մասին օրինագծում ամրագրված չեն օրինականության, անկողմնակալության եւ անկախության սկզբունքները:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունները

«Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը: Խմբակցության ղեկավարը խոսել է հասարակական հարաբերություններում առկա մի շարք բացասական երեւույթների եւ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ ներկայացված փաթեթի հիմնավորումները համոզիչ են: Նրա գնահատմամբ՝ փաստ է, որ հանձնաժողովի ստեղծումը երկրի իշխանությունների քաղաքական հստակ կամքի արտահայտությունն է: Պարոն Ֆարմանյանը հարցի կարեւորությունը պայմանավորել է նաեւ միջազգային կառույցների հետ մեր երկրի համագործակցության օրակարգով եւ համոզմունք հայտնել, որ այն օտարերկրյա գործընկերների հետ առավել արդյունավետ եւ համակողմանի համագործակցելու ճանապարհ է բացելու: Կարեւորելով փաթեթի ընդունումը՝ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ բոլոր առաջարկներն առաջիկայում հանգամանորեն կքննարկվեն, իսկ ողջամիտները՝ կընդունվեն:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին ու առաջարկներին  

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ, օրենսդրական փաթեթի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին ու առաջարկներին եւ կարեւորել խորհրդարանական քննարկումների ձեւաչափը: Ունիվերսալ մոդել ունենալու գաղափարի առնչությամբ տիկին Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ այդ մոդելները սովորաբար քաղաքական կոնկրետ պատճառներով են ստեղծվել եւ հավելել է, որ կոռուպցիայի դեմ պաքարի արդյունավետությունը երբեւէ կախված չէ այդ երկրում մոդելի ընտրությունից: Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ մոդելի ընտրությունը կապ չունի ոչ կոռուպցիայի ընկալման, ոչ արդյունավետության, ոչ էլ երկրում քաղաքական կամքի առկայության կամ բացակայության հետ:

ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ զրպարտության ինստիտուտի դեմ պայքարի մեխանիզմների մասին: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մրցութային խորհրդի առաջադրման կազմում խորհրդարանական ընդդիմությանը տեղ տալուն ինքը դեմ չէ:

Տիկին Հովհաննիսյանը համագործակցելու պատրաստակամություն է հայտնել եւ նշել, որ նախագծի հիմքում դրված գաղափարախոսության ուժեղացմանն ուղղված առաջարկները հաշվի կառնվեն:

Քննարկվել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նշվել է, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է գործող օրենքը ՀՀ նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ բխում է Ասիական զարգացման բանկի կողմից մշակված «Կարգավորման անկախության բարձրացում» հաշվետվության հիման վրա ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 16-ի թիվ 38 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացման նպատակով իրավական գործողությունների ծրագրից: Նախագծի ընդունման նպատակը հանձնաժողովի համար գործառնական անկախության ավելի լայն հնարավորությունների ստեղծումն է, հանձնաժողովի մանդատն իրագործելու կարողությունների բարելավումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարակից զեկույցում նշել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքները պարզեցնելուն եւ հստակեցնելուն միտված փոփոխություններ է առաջարկել կառավարությունը: Պարոն Հարությունյանն առաջարկ է ներկայացրել, որով հանձնաժողովը պետք է սպառողների եւ կարգավորող անձանց շահերի հավասարակշռումն իրականացնի սպառողներին որակյալ ծառայությունների մատուցումը երաշխավորելու համար անհրաժեշտ իրավատնտեսական նախադրյալների ձեւավորման եւ ծառայությունների հիմնավորված սակագների սահմանման միջոցով՝ հաշվի առնելով ներդրողների ռիսկերին համարժեք ողջամիտ հասույթ ստանալու առաջարկությունը: Հանձնաժողովն օրինագծին տվել է դրական եզրակացություն:

Քննարկվել է նաեւ 47 ընկերություններ մասնավորեցնելու վերաբերյալ հարցը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նշվել է, որ առաջարկվող ծրագրի մշակումը բխում է «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջներից: Պարոն Սահակյանը պետական գույքի կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման, պետական բյուջեի մուտքերի ավելացման եւ սոցիալական խնդրների լուծման նպատակով առաջարկել է խորհրդարանին ընդունել նախագիծը: Նա տեղեկացրել է, որ ծրագրի մաս է կազմում նախորդ ծրագրում ընդգրկված, չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, օբկեկտների ու մասնավորեցման նոր առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը. ընդամենը 12 հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանի ենթակայությանը պատկանող 47 ընկերություն:

ԱԺ պատգամավորներն իրենց հարցադրումներում բարձրացրել են հատկապես առողջապահական մի շարք հաստատությունների մասնավորեցման նպատակահարմարության հարցը, փորձել են հասկանալ մասնավորեցման ռիսկերը, պետական սեփականություն համարվող ընկերությունների մասնավորեցման արդարացված լինելը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ներկայացնելով հանձնաժողովի քննարկումների առանցքը, նշել է, որ խոսքը ոչ միայն այս կամ այն ընկերության տնտեսական արդյունքների վերլուծության հիման վրա որոշումներ կայացնելու, այլ առողջապահության ոլորտի ընկերությունների՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակի ու մատչելիության մասին է: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ մասնավորեցման հիմնական դրույթը պետք է լինի լավագույն սեփականատեր փնտրելը: Հանձնաժողովում առաջարկներ են ներկայացվել, կառավարության ներկայացուցչի հետ համագործակցության արդյունքում փոխհամաձայնություն է ձեռք բերվել: Նախագծում ավելացվել է նոր հոդված, որով առողջապահական օբյեկտների մասնավորեցումը չի կարող որեւէ կերպ հիմք դառնալ այդ օբյեկտի հիմնական գործունեության փոփոխության կամ այդ օբյեկտի հանրային օգտակարության նվազեցման:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

ԱԺ նախագահը նշել է, որ երկար տարիներ լինելով բժշկության ոլորտում՝ մշտապես փորձել է որակյալ բժշկական ծառայություն մատուցել երեխաներին ու մեծահասակներին եւ զարգացնել մասնավոր հատվածը՝ լինելով պետականամետ: Պարոն Բաբլոյանն անդրադարձել է որոշ հարցերի եւ նշել, որ պետք չէ շփոթել առողջապահություն եւ բժշկական ծառայություններ հասկացությունները: Խոսելով մի շարք հիվանդությունների բուժման արդյունավետության մասին՝ նա նշել է, որ այս հարցում համալիր մոտեցում պետք է լինի՝ ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, ճիշտ բուժմանը եւ հետագա հսկողության ապահովմանը:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ զրուցել է ՀՀ վարչապետի հետ, կա պայմանավորվածություն բժշկական հաստատությունների սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ. յուրաքանչյուր հաստատության համար պետք է առանձին ծրագիր մշակվի:

Արա Բաբլոյանն անդրադարձել է սեփականաշնորհման ներկայացված բժշկական օբյեկտների ցանկին եւ մանրամասն ներկայացրել արդեն սեփականաշնորհված բուժհաստատությունների արդյունավետ փորձը: Լինելով «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների, դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար՝ պարոն Բաբլոյանը ներկայացրել է կենտրոնի անցած ուղին եւ ձեռքբերումները: Նա պատգամավորների կողմից ակնկալել է հստակ պահանջներ հիվանդանոցների սեփականաշնորհման պայմանների վերաբերյալ: ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ, այո, պետք է հիվանդանոցները սեփականաշնորհել, սակայն պետք է աշխատել պայմանների հստակեցման ուղղությամբ:

Իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները

Գեւորգ Գորգիսյանը կարծում է, որ յուրաքանչյուր օբյեկտի սեփականաշնորհման հիմնավորումն ու պայմանները պետք է առանձին ներկայացվեին նախագծում: Նա առաջարկել է գործընկերներին դեմ քվեարկել: Արտակ Զեյնալյանը կարեւորել է հարցի վերաբերյալ հանրային քննարկումները, ինչը, ըստ նրա, չի արվել: Պատգամավորը դեմ է նախագծին: Նաիրա Զոհրաբյանը եւս կարծում է, որ ռազմավարական նշանակության օբյեկտները, հատկապես առողջապահական հաստատությունները մասնավորեցնելուց առաջ անհրաժեշտ է կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ մանրամասն քննարկել բոլոր վիճահարույց հարցերը: Նա առաջարկում է հարցն այս պահին չդնել քվեարկության: Վահե Էնֆիաջյանը նշել է, որ մեկ փաթեթով այսքան ընկերությունների մասնավորեցման հարցը խորհրդարանին ներկայացնելը հնարավորություն չի տա իրականացնել մասնագիտական, փորձագիտական խորքային քննարկում: Սերգեյ Բագրատյանը մասնավորեցման գործընթացի առնչությամբ տնտեսագիտական վերլուծություն է ներկայացրել: Պատգամավորն առաջարկում է այս պահին հետաձգել մասնավորեցման գործընթացը, հատկապես առողջապահական հաստատությունների մասով: Մարինա Մարգարյանն անդրադարձել է ռազմավարական նշանակության օբյեկտների՝ առողջապահական հիմնարկների սեփականաշնորհման նպատակահարմարությանը: Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ մասնավորեցման լավագույն օրինակներ, իհարկե, կան, սակայն նրան հետաքրքրում է, թե ինչու մինչ օրս չեն մասնավորեցվել նախագծով նախատեսված հաստատությունները: Պատգամավորը կարծում է, որ մինչ մասնավորեցնելը պետք է խնդիրը մանրամասն քննարկվի:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի հունիսի 8-ին:


07.06.2017
Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: Ցավակցական ուղերձում ասված է. «Հարգելի գործընկեր, խոր ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասի...

07.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար եւ նշել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել երկ...

07.06.2017
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին` կարեւորելով կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանի երկրներում: ՀՀ ԱԺ փոխնա...

07.06.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ գումարված նիստում քվերակությամբ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մա...

07.06.2017
Խանտի Մանսիսկում մեկնարկել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստը
Հունիսի 6-ին Ռուսաստանի Խանտի Մանսիսկի ինքնավար մարզում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am