Տպել
02.06.2017
«Նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵՄ-ի համար». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արյա Մակոնենին եւ Ֆինլանդիայի ԱԳՆ առեւտրային հարցերով խորհրդական Սառա Օհլսին:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների փոխգործակցության ակտիվացումը:

Հանձնաժողովի նախագահն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում խաղաղ կարգավորման գործընթացում Ֆինլանդիայի Հանրապետության հավասարակշիռ եւ անկողմնակալ դիրքորոշումը:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական եւ բանակցային գործընթացը տապալելու արկածախնդիր քաղաքականության հետ կապված թիրախային հայտարարությունների դերն ու նշանակությունը: Հանձնաժողովի նախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության տարածումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է այն փաստը, որ Ցեղասպանության ճանաչումը նախեւառաջ քայլ է մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆինլանդիայի խորհրդարանում եւս կմեկնարկի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգին, մասնավորապես ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Այս համատեքստում դեսպանը հայտնել է, որ Ֆինլանդիայում հետեւում եւ տեղեկացված են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումներից եւ գործընթացներից:

Արմեն Աշոտյանն ընդգծել է մարտի 21-ին Երեւանում Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաեւ 2017 թվականի նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում համաձայնագրի ստորագրման կարեւորությունը:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում հանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵՄ համար, ինչը նաեւ արտահայտվում է ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումների համատեքստում:

Եվրոպական կառույցների հետ առկա հարաբերությունների մասին խոսելիս կողմերն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը եւ այս հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը:

«Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ շրջանակում վետոյի իրավունքի կիրառումը եւս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային քաղաքականության խնդիրներին, քննարկվել է Մերձավոր Արեւելքում առկա ճգնաժամային իրավիճակը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հետագայում փոխգործակցությունն առավել կսերտանա:


02.06.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հունիսի 4-8-ը Մոսկվա եւ Խանտի Մանսիսկ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդ...

02.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ ԱԺ նա...

02.06.2017
Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Ղազանչյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի...