National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.5.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.05.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 5

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մայիսի 29-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ կայացած անդրանիկ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջարկվում է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ գործող օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանն ու «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին: 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների համապատասխան դրույթի համաձայն` Ազգային ժողովը, ՀՀ կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության իրավունքը վերապահված է ՀՀ կառավարությանը՝ միաժամանակ պահպանելով Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել նորընտիր Ազգային ժողովի առաջին գումարման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրն ընկած անցումային ժամանակահատվածում ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման եւ չեղյալ հայտարարելու ընթացակարգերի իրավական կարգավորումը եւ բացերի վերացումը:

ԱԺ մայիսի 30-ի արտահերթ նիստի օրակարգի նախագծում ընդգրկված օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության նպատակը հանրապետությունում անարդյունավետ գործող Կարգավորման ազդեցության գնահատման համակարգի վերափոխումն է, որի արդյունքում հնարավոր կլինի արդիականացնել ԿԱԳ համակարգի կառուցվածքը, ընթացակարգը եւ մեթոդաբանությունը։

Նշվել է նաեւ, որ ԿԱԳ-ը հանդիսանում է հանրապետությունում կարգավորիչ բարեփոխումների ռազմավարության ծրագրի հիմնական մասերից մեկը։ Կարգավորման ազդեցության գնահատման ժամանակակից համակարգի ներդրումն անհրաժեշտ պայման է երկրում ծախս-օգուտ հաշվարկի վրա հիմնված որոշումների ընդունման համար։

Վերահսկողության այս տեսակը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին եւ միաժամանակ հարմարեցված լինի երկրի ինստիտուցիոնալ կարողություններին։

Հարակից խոսքում ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է օրենսդրական նախաձեռնության նշանակությունը Կարգավորման ազդեցության գնահատման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից եւ ներկայացրել է մի շարք առաջարկություններ։

Քննարկման արդյունքում հանձնաժողովը միաձայն հավանության է արժանացրել Արփինե Հովհաննիսյանի առաջարկությունները, ապա դրական եզրակացություն տվել օրենսդրական նախաձեռնությանը։

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որով, ըստ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը։

Նշվել է, որ օրենքի նախագիծը նպատակ ունի ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել 2015թ- ի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության փոփոխություններին, համաձայն որի՝ նախարարների թիվը պետք է լինի տասնութը։ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաեւ նրա տեղակալների պաշտոնների անվանումները։

ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հարակից խոսքում գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին։

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձի դրույքաչափը սահմանել 12 գործակցով։

Կառավարության ներկայացուցիչն ընդունել է առաջարկությունը։ Հանձնաժողովականները նախ միաձայն քվեարկությամբ դրական են արտահայտվել առաջարկությանը, ապա դրական եզրակացություն տվել մայիսի 30-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգի նախագծում ընդգրկված օրենսդրական փաթեթին։

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Բոստանջյանի նախագահությամբ մայիսի 29-ին կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցնելու ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ: Համաձայն գործող օրենքի՝ հեռուստահաղորդումների թվային հեռարձակումը գործարկվել է 2010 թվականից, իսկ ռադիոհեռարձակման համար նախատեսվել է անցումային ժամանակաշրջան՝ մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը, ինչը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի հուլիսի 20-ը, որից հետո երկարաձգվել է եւս մեկ անգամ մինչեւ 2017 թվականի հուլիսի 20-ը: Նշված ժամանակահատվածում երկարաձգվել են ռադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի գործողության ժամկետները, ինչպես նաեւ պետք է սահմանվեն ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, այդ թվում` ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը: Գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս ռադիոընկերություններին՝ մինչ նշված պայմանների ապահովումը, նշված ժամկետում շարունակել գործունեությունն իրենց լիցենզիաների պայմաններին համապատասխան:

Ուստի, հաշվի առնելով այն, որ 2017թ-ի հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը եւ դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են, Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակում ապահովելու նպատակով անհրաժեշտ է ռադիոհեռարձակման նոր մրցույթներ հայտարարել՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների:

Զեկուցողը կարեւորել է նաեւ սահմանամերձ ընկերություններին տրամադրվելիք լրացուցիչ արտոնությունները:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Փոփոխությամբ հնարավորություն է տրվում դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց, ովքեր համապատասխանաբար 2014 եւ 2017 թվականների հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո` այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց անկախության սոցիալական երաշխիքները, իրավական պետությանը հարիր կենսաթոշակի իրավունքից օգտվելու լեգիտիմ ակնկալիքը:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են մեր երկրում սոցիալական տարբեր շերտերի համար թոշակների վճարման անհավասար պայմաններին եւ տարանջատմանը, կարեւորել արժանապատիվ թոշակի անցնելու գաղափարը:

«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել Արթուր Հովհաննիսյանը: Առաջարկը նպատակ ունի ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը: Բացի այդ, նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն եւ կառավարման ձեւը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելուն: «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաեւ նրա տեղակալների պաշտոնների անվանումները: Առաջարկվում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի աշխատավարձի դրույքաչափը սահմանել 12 գործակցով, ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավարի դեպքում է։  

Քննարկումների արդյունքում օրենսդրական երկու փաթեթներն էլ արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


29.05.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակության անդամներին: Արա Բաբլոյանը ողջունել է ՌԱԿ պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում եւ ներկայացրել իր գործընկերներին՝ Էդուարդ Շարմազանովի...

29.05.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություննների զարգացման գ...

29.05.2017
«Արցախի հարցում պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am