National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.5.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.05.2017
Մեկնարկել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
1 / 29

Մայիսի 18-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարել է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել եւ ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ :


Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին ողջույնի եւ օրհնանքի խոսք է հղել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ :

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Այնուհետեւ նիստը վարող Կնյազ Հասանովը տեղեկացրել է, որ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, հիմք ընդունելով «Ազգային ժողով ընտրելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել չորս քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը, «Ելք» կուսակցությունների դաշինքը, Հայ Յեղափոխական դաշնակցությունը: Պատգամավորների ընդհանուր թիվը 105 է: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան հոդվածի դրույթների համաձայն՝ վեցերորդ գումարման խորհրդարանում գործելու է 4 խմբակցություն: Նիստը նախագահողը նշել է, որ ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցություններն օրեր առաջ ստորագրել են կոալիցիոն հուշագիր, որը գործելու է մինչեւ ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Քաղաքական այս երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել ՀՀ կառավարության ողջ գործունեության համար: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների ստեղծած խմբակցությունները՝ (ՀՀԿ եւ ՀՅԴ), համարվելու են կառավարող, իսկ մյուս քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր:

Այնուհետեւ Կնյազ Հասանովը ներկայացրել է նորընտիր պատգամավորներին եւ առաջին նստաշրջանի օրակարգը.

1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում

2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն

3. Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ

4. Մշտական հանձնաժողովների ստեղծում, դրանց թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատում

5. մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

6. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Ապա հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը՝ խորհրդարանը քննարկել է «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որն այնուհետեւ ընդունվել է 51 կողմ, 8 դեմ ձայներով: Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում կաշխատեն ԱԺ ՀՀԿ խմբակցության հինգ, ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության երկու, ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինք եւ «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների մեկական պատգամավորներ: Մասնավորապես՝ ՀՀԿ խմբակցությունից հաշվիչ հանձնախմբում կաշխատեն Գագիկ Մելիքյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արաիկ Հովհաննիսյանը եւ Շիրակ Թորոսյանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցությունից՝ Արայիկ Աղաբաբյանը եւ Շաքե Իսայանը, «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցությունից՝ Լենա Նազարյանը, ՀՅԴ խմբակցությունից՝ Սուրեն Մանուկյանը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ է ընտրվել Գագիկ Մելիքյանը, քարտուղար՝ Արայիկ Աղաբաբյանը:

Քննարկվել է նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախագիծը հաշվիչ հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ, որով առաջարկվում էր, որ խմբակցություններն ունենան երկուական պատգամավոր հաշվիչ հանձնախմբում, ինչը, սակայն, չի ընդունվել:

Այնուհետեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 136-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանն անդրադարձել է ԱԺ նախագահի ընտրությանը: Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ են առաջադրել ԱԺ երկու խմբակցություն՝ ՀՀԿ-ն եւ «Ելք» կուսակցությունների դաշինքը:

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրել է Արա Բաբլոյանի թեկնածությունը՝ բնութագրելով նրան որպես հանրությանը հայտնի անձնավորության, բժշկի, խորհրդարանական լուրջ փորձառություն ունեցող գործչի:

Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին արդյունավետ աշխատանքի համար եւ հորդորել է պատգամավորներին քվեարկել Արա Բաբլոյանի թեկնածության օգտին:

«Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցության անունից Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ապա ներկայացրել թեկնածուի կենսագրությունը եւ գործունեությունը:

ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանն իր ելույթում մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ նախագահող, Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ Նախագահին, Հանրապետական կուսակցության իմ գործընկերներին նման վստահության համար: Այդ վստահությունը ստիպում է ինձ մեր երկրի զարգացման անցումային այս փուլում լինել առավել պատասխանատու: Շատ լավ գիտակցում եմ եւ համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլեւ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետեւողական աշխատանքով:

Հարգելի՛ գործընկերներ, մենք լսեցինք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն Ազգային ժողովին եւ մեր ժողովրդին. համապարփակ եւ հստակ ծրագիր: Սրանք զուտ խոսքեր չէին, այլ ուղղակի ուղեցույց մեր ապագա անելիքների առումով:

Որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու՝ այժմ համառոտ կներկայացնեմ իմ տեսլականի առանցքային դրույթները:

Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինչպես գիտենք, պատկանում է ժողովրդին, որն էլ իր քվեով ձեւավորեց այս Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես ղեկավարվելու եմ այն գիտակցմամբ, որ ես հանրության քվեով ձեւավորված Ազգային ժողովի նախագահ եմ, ինչը բազմապատկելու է պարտավորվածությանս աստիճանը: Ելնելով այս համոզմունքից` վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր պետության եւ ժողովրդի շահերից:

Ասածս ավելի է ամրապնդվում, երբ դիտարկում ենք Ազգային ժողովի վերջին ընտրությունները: Բոլորիս համար փաստ է, որ այս ընտրությունները մյուս բոլոր ընտրություններից տարբերվեցին բարձր կազմակերպվածությամբ, խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ: Այդ ամենին մեզ հաջողվեց հասնել միասնական աշխատանքի արդյունքում, իշխանության եւ ընդդիմության քաղաքական բարձր կամքի դրեւորմամբ եւ համատեղ աշխատանքով: Վստահեցնում եմ, որ համատեղ աշխատանքի այսպիսի օրինակներն ավելանալու են: Վստահեցնում եմ նաեւ, որ անելու եմ հնարավորը, որպեսզի իշխանություն եւ ընդդիմություն համագործակցությունն առավել ամրապնդվի, որն էլ միտված է լինելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին:

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, ուստի իմ տեսլականը, բոլոր ծրագրերս ու գործողություններս չեն կարող տարբերվել այս սկզբունքներից:

Որպես ինքնիշխան պետության Ազգային ժողովի նախագահ՝ նպաստելու եմ երկրի ներսում պետական իշխանության գերակայությանը, իսկ արտաքին հարաբերություններում՝ լիարժեք անկախությանը:

Որպես սոցիալական պետության Ազգային ժողովի նախագահ՝ անհրաժեշտ եմ համարում սոցիալական քաղաքականության ռազմավարության մշակումն ու իրագործումը: Դրանում անհրաժեշտ եմ դիտարկում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ակտիվ ներգրավվումը:

Առանցքային եմ համարում բիզնեսի ազատականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովումը: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ կառավարության, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի նախաձեռնած տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի բարենպաստ իրագործման համար օրենսդիր մարմնում կստեղծվեն լիարժեք պայմաններ:

Իրավական պետության ամբողջ գործունեությունը հիմնված է իրավունքի գերակայության վրա, որի գլխավոր նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Նոր խորհրդարանում օրենսդիրներիս ջանքերը պետք է միտված լինեն իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը:

Սիրելի՛ գործընկերներ, որպես հայ մարդու՝ ինձ համար պետության հզորացման առանցքային երեք բաղադրիչներ կան? անվտանգություն, առողջություն եւ կրթվածություն:

Մենք պարտավոր ենք ապահովել մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունը, ապահովել պետական իշխանությունը, ամրացնել մեր սահմանները, հզորացնել մեր բանակն ու պետությունը: Այս համատեքստում ուշադրության է արժանի «Ազգ-բանակ» հայեցակարգը: Այս առումով մենք պարզապես պարտավոր ենք հզորացնել եւ զարգացնել մեր զինված ուժերի պաշտպանական կարողությունները:

Հարգելի՛ գործընկերներ, Ազգային ժողովի գործունեության կարեւոր ոլորտներից է խորհրդարանական դիվանագիտությունը: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք մեր մասնագիտական, իմացական, մարդկային, դիվանագիտական ողջ ներուժը, տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ միջազգային հարթակներում մեր պետական ու ազգային շահը պաշտպանելու համար: Այս ոլորտում հաջողություններ գրանցելու համար մենք պարտավոր ենք առավել ակտիվ աշխատել մի շարք միջազգային եւ միջխորհրդարանական կառույցներում, որոնցից են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Միջխորհրդարանական միությունը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը եւ մի շարք այլ կառույցներ: Առաջարկում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել պատգամավորների գործունեությանը միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում:

Կարեւոր եմ համարում Սփյուռքի հետ մեր ակտիվ համագործակցությունը:

Հարգելի՛ խորհրդարան, ամփոփելով ելույթս, եւս մեկ անգամ խորին երախտագիտությունս եմ հայտնում վստահության համար»:

ԱԺ նախագահի թեկնածու Էդմոն Մարուքյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա անդրադարձել է նախորդ գումարման խորհրդարանում աշխատելու ընթացքում կուտակված դիտարկումներին, Ազգային ժողովի նախագահի գործունեությանն առնչվող իր տեսլականին եւ կարեւորել է խորհրդարանական վերահսկողության դերը կառավարման նոր համակարգին անցնելու պարագայում:

Էդմոն Մարուքյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության զարգացման, միջազգային կառույցներում պատգամավորական խմբերի գործունեության եւ վեհաժողովներին նրանց մասնակցության կարեւորությունը:

«Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցության կողմից առաջադրված ԱԺ նախագահի թեկնածուն նշել է, որ հանրությանը հուզող ցանկացած խնդիր պետք է քննարկվի խորհրդարանում եւ չանտեսվի Ազգային ժողովի կողմից:

ԱԺ նախագահի թեկնածուները ելույթներից հետո պատասխանել են ԱԺ պատգամավորների հարցերին:

Ապա մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ նախագահի թեկնածուների գործունեության վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Արմեն Ռուստամյանը, Արտակ Զեյնալյանը, Խոսրով Հարությունյանը եւ Արտաշես Գեղամյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել Վահրամ Բաղդասարյանը, ով նշել է, որ խմբակցությունն առաջադրել է ամեն առումով անխոցելի թեկնածուի՝ որպես պետական, քաղաքական, հասարակական գործիչ, ով ընդունվում է հանրության կողմից:

ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցության անունից ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը, կարեւորելով իրենց թեկնածուի իրավապաշտպան գործունեությունը, նշել է, որ ԱԺ նախագահ կարող է ընտրվել ոչ միայն իշխանությունից, այլեւ ընդդիմությունից. լավագույն հակակշիռը կլինի ընդդիմադիր ԱԺ նախագահ ունենալը:

Գաղտնի քվեարկության ավարտից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է քվեարկության արդյունքները. 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 100-ը, որեւէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել, Արա Բաբլոյանի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, Էդմոն Մարուքյանի օգտին՝ 12 պատգամավոր:

Քվեարկության արդյունքներով ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը:

Վստահության համար շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում իրեն վստահված բարձր պաշտոնը՝ խոստանալով բարեխղճորեն աշխատել հանուն համազգային բարօրության:

Այնուհետեւ խորհրդարանն անցել է օրակարգային հաջորդ հարցին՝ ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրությանը:

Վահրամ Բաղդասարյանը նախ շնորհավորել է Արա Բաբլոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել նրան բեղմնավոր աշխատանք, այնուհետեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում ընտրվելու համար առաջադրել է Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները:

ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության կողմից Վահե Էնֆիաջյանն առաջարկել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Արա Բաբլոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա ղեկավարությամբ ԱԺ պատգամավորները հաջողություններ կգրանցեն ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Պարոն Շարմազանովը երախտագիտություն է հայտնել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին եւ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ինչպես նաեւ հինգերորդ գումարման խորհրդարանի իր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ մեծ պատիվ է վայելել ՀՀ Նախագահի վստահությունը՝ այս բարձր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Ես աշխատելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության՝ հիմքում եւ առանցքում ունենալով բացառապես իմ պետության ու ժողովրդի շահը»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը՝ խորհրդարանական աշխատանքի կարեւոր բաղադրիչ համարելով համերաշխությունը, երկխոսությունը, բանավեճերը, ինչպես նաեւ քննադատությունը: Պարոն Շարմազանովի համար կարեւոր առաջնահերթություն է երկխոսության մշակույթի զարգացումը: Նրա խոսքով՝ իր աշխատանքի առանցքը լինելու է Հայաստանի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն կապերի զարգացումն ու ամրապնդումը: Նշելով, որ իր գործունեության ընթացքում մշտապես առանձնակի ուշադրության է արժանացրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու Արցախի խնդրի հայանպաստ լուծումը՝ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն ընդգծել է. «Բուենոս Այրեսից մինչեւ Տոկիո, Մոսկվայից մինչեւ Աթենք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ հնչեցնելու մեր բոլորի կամքը, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ընթանալու է զարգացման ուղով»:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը եւս շնորհավորել է ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանին եւ պատգամավորներին՝ ընտրվելու կապակցությամբ: Տիկին Հովհաննիսյանը, նշելով, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ խորհրդարան, շնորհակալություն է հայտնել ՀՀԿ խմբակցությանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարին այս բարձր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Նրա գնահատմամբ՝ այս գումարման խորհրդարանն ունի պատմական առաքելություն՝ սա հիմնադիր գումարման խորհրդարան է. այս խորհրդարանին է վերապահված ամենակարեւոր հարցերի շուրջ պատասխանատու որոշումներ կայացնելու իրավունքը:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն անդրադարձել է խորհրդարանական փոքրամասնության եւ մեծամասնության տարանջատմանն ու ինստիտուցիոնալ դերաբաշխմանը՝ նշելով, որ դասական կանոնները վկայում են՝ փոքրամասնությունը պիտի ընդունի մեծամասնության՝ որոշում կայացնելու իրավունքը, իսկ մեծամասնությունն իր հերթին՝ փոքրամասնության՝ չհամաձայնելու եւ այլընտրանքային լուծումներ առաջարկելու իրավունքը:

«Ես հավատացած եմ, որ բացի յուրաքանչյուր քաղաքական ուժի նեղ քաղաքական օրակարգից, մենք ունենք ընդհանուր օրակարգ, որն իրականում ԱԺ պատմական առաքելության իրականացման հիմքերը պատշաճ ձեւով դնելն է եւ ՀՀ քաղաքացու շահերի պաշտպանությունը: Հավատացած եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրն այդպիսի առաքելություն ունի»,- ընդգծել է տիկին Հովհաննիսյանը:

Ավարտելով ելույթը՝ Արփինե Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ բանակցությունների այս հարթակը փորձելու է դարձնել համագործակցության եւ կառուցողական քննարկումների հարթակ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Միքայել Մելքումյանը շնորհավորել է ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանին եւ շնորհակալություն է հայտնել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցությանն այս բարձր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար` նշելով, որ իր գործունեության առանցքում լինելու է ԱԺ բոլոր ոլորտների բնականոն գործունեության ապահովմանը նպաստելը: Պարոն Մելքումյանն անդրադարձել է օրինաստեղծ աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին եւ նախորդ գումարման խորհրդարանում օրինագծերի ներկայացման վիճակագրությանը՝ կարծիք հայտնելով, որ փորձելու է իր գործունեությամբ փոխել քննարկումների որակը:

«Կարծում եմ, որ պետական շահը գերակայելու է եւ կուսակցական շահը, ոչ ամբողջովին, բայց մղվելու է երկրորդ պլան»,- ասել է պարոն Մելքումյանը:

Նա հույս է հայտնել, որ խորհրդարանականները համատեղ արդյունավետ աշխատանքի ընթացքում կբարձրաձայնեն հանրությանը հուզող խնդիրները՝ փորձելով լուծում տալ դրանց:

Այնուհետեւ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ 10:40:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ին:


18.05.2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
Շնորհավորական ուղերձում ասվում է. «Մեծարգո պարոն Բաբլոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պետականության վերականգնումից ի վեր Հայաստանի խորհրդարանն իր նշանակալի դերն է ունեցել երկրում հաշվետու ...

18.05.2017
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կենսագրությունը
Ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ: 1971-1998թթ. մանկական վիրաբուժության, երիկամների եւ լյարդի փոխպատվաստման մասնագիտացում եւ վերապատրաստումներ է անցել Ռուսաստանում, Բելգիայում, Շվեյցարիայու...

18.05.2017
Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ
«Հարգելի՛ նախագահող, Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ Նախագահին, Հանրապետական կուսակցության իմ գործընկերներին նման վստահության համար: Այդ վստահությունը ստիպում է ինձ մեր ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am