National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.5.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.05.2017
Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ
1 / 1

«Հարգելի՛ նախագահող, Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ Նախագահին, Հանրապետական կուսակցության իմ գործընկերներին նման վստահության համար: Այդ վստահությունը ստիպում է ինձ մեր երկրի զարգացման անցումային այս փուլում լինել առավել պատասխանատու: Շատ լավ գիտակցում եմ եւ համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլեւ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետեւողական աշխատանքով:

Հարգելի՛ գործընկերներ, մենք լսեցինք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն Ազգային ժողովին եւ մեր ժողովրդին. համապարփակ եւ հստակ ծրագիր: Սրանք զուտ խոսքեր չէին, այլ ուղղակի ուղեցույց մեր ապագա անելիքների առումով:

Որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու՝ այժմ համառոտ կներկայացնեմ իմ տեսլականի առանցքային դրույթները:

Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինչպես գիտենք, պատկանում է ժողովրդին, որն էլ իր քվեով ձեւավորեց այս Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես ղեկավարվելու եմ այն գիտակցմամբ, որ ես հանրության քվեով ձեւավորված Ազգային ժողովի նախագահ եմ, ինչը բազմապատկելու է պարտավորվածությանս աստիճանը: Ելնելով այս համոզմունքից՝ վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր պետության եւ ժողովրդի շահերից:

Ասածս ավելի է ամրապնդվում, երբ դիտարկում ենք Ազգային ժողովի վերջին ընտրությունները: Բոլորիս համար փաստ է, որ այս ընտրությունները մյուս բոլոր ընտրություններից տարբերվեցին բարձր կազմակերպվածությամբ, խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ: Այդ ամենին մեզ հաջողվեց հասնել միասնական աշխատանքի արդյունքում, իշխանության եւ ընդդիմության քաղաքական բարձր կամքի դրսեւորմամբ եւ համատեղ աշխատանքով: Վստահեցնում եմ, որ համատեղ աշխատանքի այսպիսի օրինակներն ավելանալու են: Վստահեցնում եմ նաեւ, որ անելու եմ հնարավորը, որպեսզի իշխանություն եւ ընդդիմություն համագործակցությունն առավել ամրապնդվի, որն էլ միտված է լինելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին:

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, ուստի իմ տեսլականը, բոլոր ծրագրերս ու գործողություններս չեն կարող տարբերվել այս սկզբունքներից:

Որպես ինքնիշխան պետության Ազգային ժողովի նախագահ՝ նպաստելու եմ երկրի ներսում պետական իշխանության գերակայությանը, իսկ արտաքին հարաբերություններում՝ լիարժեք անկախությանը:

Որպես սոցիալական պետության Ազգային ժողովի նախագահ՝ անհրաժեշտ եմ համարում սոցիալական քաղաքականության ռազմավարության մշակումն ու իրագործումը: Դրանում անհրաժեշտ եմ դիտարկում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ակտիվ ներգրավվումը:

Առանցքային եմ համարում բիզնեսի ազատականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովումը: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ կառավարության, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի նախաձեռնած տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի բարենպաստ իրագործման համար օրենսդիր մարմնում կստեղծվեն լիարժեք պայմաններ:

Իրավական պետության ամբողջ գործունեությունը հիմնված է իրավունքի գերակայության վրա, որի գլխավոր նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Նոր խորհրդարանում օրենսդիրներիս ջանքերը պետք է միտված լինեն իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը:

Սիրելի՛ գործընկերներ, որպես հայ մարդու՝ ինձ համար պետության հզորացման առանցքային երեք բաղադրիչներ կան՝ անվտանգություն, առողջություն եւ կրթվածություն:

Մենք պարտավոր ենք ապահովել մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունը, ապահովել պետական իշխանությունը, ամրացնել մեր սահմանները, հզորացնել մեր բանակն ու պետությունը: Այս համատեքստում ուշադրության է արժանի «Ազգ-բանակ» հայեցակարգը: Այս առումով մենք պարզապես պարտավոր ենք հզորացնել եւ զարգացնել մեր զինված ուժերի պաշտպանական կարողությունները:

Հարգելի՛ գործընկերներ, Ազգային ժողովի գործունեության կարեւոր ոլորտներից է խորհրդարանական դիվանագիտությունը: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք մեր մասնագիտական, իմացական, մարդկային, դիվանագիտական ողջ ներուժը, տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ միջազգային հարթակներում մեր պետական ու ազգային շահը պաշտպանելու համար: Այս ոլորտում հաջողություններ գրանցելու համար մենք պարտավոր ենք առավել ակտիվ աշխատել մի շարք միջազգային եւ միջխորհրդարանական կառույցներում, որոնցից են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Միջխորհրդարանական միությունը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը եւ մի շարք այլ կառույցներ: Առաջարկում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել պատգամավորների գործունեությանը միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում:

Կարեւոր եմ համարում Սփյուռքի հետ մեր ակտիվ համագործակցությունը:

Հարգելի՛ խորհրդարան, ամփոփելով ելույթս, եւս մեկ անգամ խորին երախտագիտությունս եմ հայտնում վստահության համար»:


18.05.2017
Մեկնարկել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
Մայիսի 18-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարել է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ող...

18.05.2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
Շնորհավորական ուղերձում ասվում է. «Մեծարգո պարոն Բաբլոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պետականության վերականգնումից ի վեր Հայաստանի խորհրդարանն իր նշանակալի դերն է ունեցել երկրում հաշվետու ...

18.05.2017
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կենսագրությունը
Ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ: 1971-1998թթ. մանկական վիրաբուժության, երիկամների եւ լյարդի փոխպատվաստման մասնագիտացում եւ վերապատրաստումներ է անցել Ռուսաստանում, Բելգիայում, Շվեյցարիայու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am