Տպել
27.03.2017
«Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում
1 / 2

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին եւ հանդես է եկել ելույթով:

ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է.

«Հարգելի գործընկերներ,

շնորհավորում եմ բոլորիս ՀԱՊԿ կազմավորման 15-ամյակի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կազմավորման 10-րդ տարեդարձի առթիվ: Ժամանակակից աշխարհում անվտանգության մարտահրավերների դիմակայումը պահանջում է օպերատիվ, ճկուն եւ ճշգրիտ որոշումների կայացում: Այսօր ՀԱՊԿ ԽՎ-ի առջեւ ծառացած են նոր խնդիրներ: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, եւ լարվածության աճը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այդ թվում Հարավային Կովկասում, ակնհայտ է:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային եւ գարնանային նստաշրջանների ընթացքում ՀՀ պետական սահմանին Ադրբեջանը դիմեց զինված արկածախնդրության` խախտելով 1994 թ. հրադադարը, ինչպես նաեւ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նման վարքագիծն անթույլատրելի եւ դատապարտելի է:

ՀԱՊԿ-ը պաշտոնապես դատապարտել է դեկտեմբերյան այդ դիվերսիան՝ Ադրբեջանի գործողությունները որակելով «սադրանք»: Հարկ եմ համարում նշել, որ բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ մեր ռուս խորհրդարանական գործընկերների հայտարարություններից, ՀԱՊԿ մյուս դաշնակիցները զերծ մնացին Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններից: Ադրբեջանի նման վարքագիծը սադրանք է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ՀԱՊԿ-ի հանդեպ: Ուստի, ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների դատապարտող հայտարարություններն առավել քան անհրաժեշտություն են:

Հարգելի գործընկերներ,

խորհրդարանական մեր պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս կոնֆլիկտների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Սակայն, խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը նախեւառաջ պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը:

Հուսով եմ՝ միջազգային հարթակներում համախմբված աշխատելու եւ միմյանց աջակցելու դեպքում մենք կարող ենք մեր դրական ներդրումն ունենալ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության հաստատման եւ ամրապնդման գործում»:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...