Տպել
21.03.2017
ԱԺ նախագահն ընդունել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորին
1 / 6

Մարտի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայային:

Ողջունելով տիկին Ռուսեցկայային ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է հայ-ռուսական դարավոր բարեկամության դերը միջմշակութային եւ կրթական համագործակցության բնագավառներում: ԱԺ նախագահը փաստել է. «Հզոր է այն պետությունը, որտեղ բարձր է կրթական մակարդակը, եւ ստեղծված են բոլոր պայմանները կրթության զարգացման համար»:

Անդրադառնալով մեր երկրում կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ամեն տարի հայ շրջանավարտները հաջողությամբ ընդունվում են աշխարհի լավագույն տասնյակում գտնվող բուհեր, այդ թվում՝ Ռուսաստանի: Դա կրթական առաջընթացի վառ վկայությունն է:

Որպես Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել համալսարանի դերը մանկավարժական կադրերի պատրաստման գործում եւ կարծիք հայտնել, որ այն իրավամբ կարող է ճանաչվել տարածաշրջանում լավագույններից մեկը: Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի միջեւ համագործակցությունը կկայանա՝ նպաստելով հայ մասնագետների կատարելագործմանը: ԱԺ նախագահը նշել է, որ կրթության բնագավառում տեղի ունեցող փոփոխությունները մշտապես իր ուշադրության կենտրոնում են, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթական ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացմանը:

Մարգարիտա Ռուսեցկայան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել հիսունամյա պատմություն ունեցող ինստիտուտի գործունեությունը, հետագա ծրագրերը եւ Հայաստանի հետ կապված նախաձեռնությունները:

Տիկին Ռուսեցկայան կարեւորել է համագործակցությունը մանկավարժական համալսարանի հետ՝ ընդգծելով, որ շատ են անելիքները հայ մանկավարժների վերապատրաստման, ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրերի հետ կապված: Մարգարիտա Ռուսեցկայան անդրադարձել է երկու տարի առաջ մեկնարկած «Ռուսաստանի դեսպաններ» ծրագրին, որը հաջողությամբ իրականացվել է նաեւ Հայաստանում եւ հույս հայտնել, որ այն կլինի շարունակական:

Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորը նշել է, որ աշխարհի շուրջ 190 երկրներից, այդ թվում Հայաստանից ինստիտուտն ունի բազմաթիվ ուսանողներ, ովքեր սովորում են հեռակա ուսուցմամբ:

Տիկին Ռուսեցկայան նշել է, որ ինչպես միշտ, այսօր էլ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ եւ ժամանակն է ձեռնարկել որոշակի քայլեր՝ ռուսաց լեզվի մասնագետների համար կրթական կենտրոն բացելու ուղղությամբ, որպեսզի կրթական ծրագրերը, դասագրքերը եւ վերապատրաստվելու հնարավորությունն ավելի հասանելի լինի նաեւ հայ մասնագետներին:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...