Տպել
20.03.2017
Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են Բելգիայի դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներին
1 / 4

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ են ժամանել Բելգիայի Թագավորության դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին:

Մարտի 20-ին պատգամավորները Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:

Բելգիացի խորհրդարանականներին այնուհետեւ ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ողջունելով բելգիացի գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների հետ հաճախակի դարձած հանդիպումները հարաբերությունների ինստիտուցիոնալացման լուրջ հիմքեր են ստեղծում:

«Փոխադարձ այցերի հաճախականությունը ցույց է տալիս Բելգիայում Արցախի եւ նրա ազատագրական պայքարի հանդեպ ունեցած հետաքրքրությունը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի անդամ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը շնորհավորել է ԱԺ նախագահին Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների գործընթացի ու հանրաքվեի արդյունքների կապակցությամբ եւ ընդգծել, որ իրենց համար Արցախի հարցն ավելի է կարեւորվում, եւ իրենք ուշադրությամբ հետեւում են տեղի ունեցող զարգացումներին:

Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Պիեռ Կոմպանին, ով առաջին անգամ էր Արցախում, խորհրդարանի նախագահին ներկայացրել է Արցախի վերաբերյալ իր դիտարկումը.

«Ես այստեղ տեսնում եմ մի երկիր, որի նպատակը ոչ թե ամեն գնով առանձնանալն է, այլ պատմական սխալն ուղղելը: Սա ինձ համար մեծ դաս է»:

Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է նոր Սահմանադրության հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաեւ պատասխանել Արցախի կարգավիճակին եւ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո ԱԺ փոքր դահլիժում տեղի է ունեցել բելգիացի խորհրդարանականների հանդիպումը Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ համագործակցության հեռանկարների մասին, ինչպես նաեւ ուրվագծել փոխգործակցության որոշակի ուղղություններ:



20.03.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քյուրին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը նշել է, որ մեծապես կա...

20.03.2017
ԱԺ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով
Ազգային ժողովի մարտի 20-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ի դրությամբ համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ փոխնախագա...