Տպել
27.02.2017
Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 12

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 27-ին սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, քվեարկությամբ ընդունել նախորդ քառօրյա նիստում քննարկված օրինագծերը եւ վավերացրել միջազգային համաձայնագրերը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ դասախոսների եւ ուսանողների:

Խորհրդարանը հաստատել է ԱԺ նստաշրջանի եւ հերթական քառօրյա նիստերի օրակարգերը, նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հետաձգումների վերաբերյալ ԱԺ որոշումները: Խորհրդարանի որոշմամբ մի շարք օրինագծերի քննարկումը կընթանա հատուկ ընթացակարգով:

Գալուստ Սահակյանը նշել է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից:

ԱԺ նախագահը նշել է նաեւ, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ Ազգային ժողովին դիմելու տասնհինգօրյա ժամկետը լրացել է, հետեւաբար դադարեցվել են նրա լիազորությունները, եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու համար Ազգային ժողովին է ներկայացրել Լեւոն Յոլյանի թեկնածությունը:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանը, իր ելույթում կաեւորելով Վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը, նշել է, որ կառույցն իր առջեւ ծառացած խնդիրները կարող է լուծել սերտորեն համագործակցելով խորհրդարանի հետ: Պարոն Յոլյանի խոսքով՝ Վերահսկիչ պալատը պետք է լծվի խախտումների հայտնաբերմանն ու անաչառ ուսումնասիրությանը՝ պատրաստ լինելով նվազագույնի հասցնել դրանք: Թեկնածուի պնդմամբ՝ պետք է գնահատել կոռուպցիոն ռիսկերը եւ Վերահսկիչ պալատի ունեցած ներուժի եւ լիազորությունների սահմաններում պայքարել դրանց դեմ: Լեւոն Յոլյանը նշել է, որ Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելու դեպքում կնպաստի ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ գործողությունների իրականացմանը՝ բարձրացնելով Վերահսկիչ պալատի պալատի կառուցողական դերը հանրային կառավարման ոլորտում:

Ելույթից հետո Լեւոն Յոլյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանի թեկնածության վերաբերյալ իրենց գնահատականներն ու կարծիքներն են ներկայացրել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Մկրտիչ Մինասյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Արտաշես Գեղամյանը, Գուրգեն Արսենյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Խոսրով Հարությունյանը, Արմեն Մխիթարյանը, ովքեր բարձր են գնահատել թեկնածուի մարդկային նկարագիրն ու մասնագիտական որակները եւ վստահություն հայտնել, որ նա կկարողանա նպաստել ինստիտուտի առավել կայացմանը, կարեւորել թեկնածուի պետականանամետ մտածողությունը: Պատգամավորները համոզմունք են ահյտնել, որ, ընտրվելու դեպքում, շատ շուտով նկատելի կլինի նրա աշխատանքի արդյունավետությունը: Կարեւոր է համարվել նաեւ այն հանգամանքը, որ թեկնածու Լեւոն Յոլյանը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնն ստանձնելու է նման անցումային շրջանում, երբ, ի դեմս Հաշվեքննիչ պալատի, որակապես նոր մարմին է ձեւավորվում:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրել է Լեւոն Յոլյանի վերաբերյալ խմբակցության տեսակետը եւ առանձնապես կարեւորել այն հանգամանքը, թե որքանով է թեկնածուն կարողանալու իրականացնել այն գործառույթները, որոնք դրված են լինելու ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ, ընդհանրապես, կառույցի առջեւ: Նա հետաքրքրվել է, թե ինչպես է Հաշվեքննիչ պալատը պայքարելու կոռուպցիայի դեմ, ինչը, ըստ Արամ Մանուկյանի, պետք է լինի Հաշվեքննիչ պալատի հիմնական գործառույթն ու նպատակը: Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչու են պակասել մեր երկրում ներդրումները, ինչու է մեծանում արտաքին պարտքը եւ արտագաղթը, նվազում տնտեսական աճը: Նա թեկնածուին հորդորել է վարել լուծումներ գտնելու քաղաքականություն:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա կարեւորել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունը՝ կարեւորելով այդ պաշտոնում ոլորտին քաջատեղյակ անձի նշանակումը: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, Լեւոն Յոլյանն այն անձն է, ով քաջատեղյակ է ոլորտին եւ կարող է իրականացնել համակարգի առջեւ դրված բոլոր գործառույթները: Անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի գործառույթներին՝ նա նշել է, որ կառույցի բարձրացրած հարցերը չափազանց կարեւոր են, ուստի պետք է նրան օժտել այնպիսի գործիքներով, որոնցով հնարավոր կդառնա իրականացնել համակարգի առջեւ դրված գործառույթները:

Արմեն Ռուստամյանը հաջողություն է մաղթել թեկնածուին եւ նշել, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Լեւոն Յոլյանի մարդկային որակներին եւ ընդգծել, որ նա պատկառելի եւ պարկեշտ անձնավորություն է, ինչը խիստ կարեւոր է նման պատասխանատու պաշտոն ստանձնող անձի համար: ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով, Վերահսկիչ պալատը պետք է հանդես գա ոչ թե պատժողի, այլ հայտնաբերողի դերում. նրա խոսքով՝ պետք է կտրել այն ձեռքը, որը կփորձի եկամուտներ դիզել պետական բյուջեի հաշվին:

Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ, այո, կան խնդիրներ երկրում, սակայն արվում են քայլեր՝ բացահայտելու պետական բյուջեի նկատմամբ ոտնձգություն կատարողներին: Նշելով, որ պետական շահը ՎՊ նախագահի թեկնածուի համար ամենաբարձր աստիճանի վրա է, խմբակցության ղեկավարն ասել է, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու Լեւոն Յոլյանի թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում ՎՊ նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանը նշել է, որ խորհրդարանականների կողմից հնչած գնահատականները պարտավորեցնող են, եւ ինքը գործով կփորձի արդարացնել բոլորի հույսերը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից պաշտոնի նշանակման մասին ԱԺ որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն իրազեկել է, որ ՎՊ նախագահի նշանակման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 12:30-13:30-ը, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Գործադիրն առաջարկում է վերացնել ՃՈ ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման եւ գանձման առավել պարզ ու արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու? ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու եւ դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցումով է քննարկվել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նախագծի նպատակն է վերացնել առկա օրենսդրական բացը: Փոխնախարարը նշել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է երկու նոր հոդվածներով, որոնք վերաբերում են տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող՝ ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող՝ ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելուն: Նշված օրենքի ընդունմամբ լրացումներ կամ փոփոխություններ չեն կատարվել նշված օրենսգրքի մի շարք այլ հոդվածներում, որոնց պարագայում առկա է օրենսդրական բաց: Նախագծով սահմանվում է, որ նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները կկազմի համապատասխան տեղամասային հանձնաժողովը, իսկ վարչական պատասխանատվության կենթարկի ՀՀ վարչական դատարանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը:

Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ ՀՕ-254-Ն օրենքով սահմանվել է տեսչական մարմինների ստեղծման եւ գործունեության կարգը: Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո ՀՀ նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը: Այս պահանջից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ քննարկվող օրենքներում:

Օրենսդրական փոփոխությամբ կստեղծվի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված իրավական հիմք:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը:

Երկրորդ ընթերցումով քննարկվել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Նշվել է, որ նախագծերի նպատակն է հարկային մարմնի կողմից ռոյալիթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում 90 տոկոսի փոխարեն 80 տոկոս սահմանաչափի կիրառումը: Նախատեսվում է կառավարությանն իրավասություն վերապահել՝ մետաղների կազմը, ինչպես նաեւ մետաղներից յուրաքանչյուրի համար չվճարվող առավելագույն սահմանաչափեր սահմանել, որպեսզի կրճատվեն արհեստականորեն հարկման բազան նվազեցնելու հնարավորությունները:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագծերի ընդունումը պայմանավորված է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի եւ տեսչական մարմինների ձեւավորումից բխող տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողական գործառույթների իրավական ամբողջական կարգավորմամբ, տվյալ ոլորտներում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված հասկացությունների նույնականացմամբ: Նախատեսվում է ազատականացնել հանրային ծառայությունների ոլորտում չափման միջոցների, օրինակ՝ հաշվիչների, ստուգաչափման իրավունքի տրամադրումը մասնավոր կազմակերպություններին: Ըստ այդմ՝ ոլորտում մրցակցային դաշտ կստեղծվի, որը խթան կհանդիսանա չափագիտության ոլորտում ներդրումների ներգրավմանն ու արդիականացմանը:

Էմիլ Տարասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաեւ նախատեսել համապատասխան անցումային դրույթ արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի՝ վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից՝ 5 տարի, ինչը խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման եւ ոլորտի հետագա զարգացման համար: Նախագծի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանն ու ներդրումների ներգրավմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը քննարկման է ներկայացրել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում իրականացվող տեսչական բարեփոխումներով, պետական մարմինների օպտիմալացման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղտեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ եւ գյուղտեխնիկայի պետական համարանիշի եւ գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթներն այլ պետական մարմնի փոխանցելու գործընթացը սահմանված կարգով իրականացնելու անհրաժեշտությամբ:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Առաջարկվում է վերացնել գույքի հավատարմագրային կառավարման գործարքի կնքման ժամկետային սահմանափակումը, ուժը կորցրած ճանաչել կրկնվող դրույթը, ինչպես նաեւ գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող այն դրույթները, որոնք կամ կարգավորված են ՀՀ օրենսգրքի ընդհանուր դրույթներով կամ պետք է կարգավորվեն բացառապես կողմերի հայեցողությամբ՝ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ առաջարկվում է իրավական որոշակիության սկզբունքից ելնելով հստակ տարբերակում մտցնել տուգանքի վճարման «անհնարինություն» եւ «չարամտորեն խուսափել» եզրույթների միջեւ: Տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել տարածքային մարմին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները: Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում? հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 28-ին:


27.02.2017
«Ցանկացած ընտրությունից մեր պետությունը պետք է ավելի ուժեղացած դուրս գա». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջա...

27.02.2017
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ փետրվարի 27-ին նիստ է գումարել: Առաջին ընթերցումով քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է...

27.02.2017
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ալբերտ Մկրտչյանին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Այն ֆիլմերը, որոնց ռեժիսորը, սցենարի հեղինակը Դուք եք,...