ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 22-ին ընդունել է Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկիին, Նելլի Լենս Ռոսոյին, Մարիո Միտային, ովքեր մեր երկիր են այցելել Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելուց հետո: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:
Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել երկու պետությունների հարաբերությունների զարգացումը եւ այդ հարցում խորհրդարանականների դերը: Այս համատեքստում պարոն Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ այդ հարաբերություններն առաջիկայում առավել կխորանան եւ զարգացման նոր փուլ կթեւակոխեն:
Պարոն Շարմազանովը կարեւորել է բոլիվիացի խորհրդարանականների այցը Արցախի Հանրապետություն եւ դիտորդական առաքելությամբ սահմանադրական հանրաքվեին նրանց մասնակցությունը՝ նշելով, որ դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բոլիվիայի Բազմազգ Պետությունն ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է:
«Ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, այնպես էլ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իրավունք ունի»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովն իր եւ մեր երկրի անունից շնորհակալություն է հայտնել Բոլիվիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքին եւ կարեւորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում միմյանց սատարելը:
Բոլիվիայի խորհրդարանականները Պատգամավորների պալատի նախագահի եւ բոլիվիացիների անունից ողջունելով հայ խորհրդարանականներին՝ ընդգծել են, որ Բոլիվիան անցել է ինքնորոշման եւ ազատության պայքարի ճանապարհով եւ իրենք լավ են հասկանում Արցախի ժողովրդի արդար պայքարը:
«Մեր սրտերն Արցախի եւ հայ ժողովրդի հետ են: Մեզ համար պատիվ էր մասնակցել Արցախի Սահմանադրության հանրաքվեին, որը տոն էր արցախցիների համար: Ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, ինչը ողջունելի է երկրի զարգացման համար»,- նշել է Նելլի Լենս Ռոսոն:
Կողմերը կարեւորել են երկու պետությունների միջեւ հարաբերությունների սերտացումը, բարեկամական փոխայցերը, միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը:
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Փետրվարի 22-ին Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկին, Նելլի Լենս Ռոսոն, Մարիո Միտան ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին...
Հանձնաժողովի նիստում
Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, ...